«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական և հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին: Տարածած հայտարարության մեջ ՀԱԿ֊ն արձանագրում է, որ հունիսի 27-ին, բողոքի զանգվածային միջոցառումների 9-րդ օրը, Սերժ Սարգսյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի խաղաղ նստացույցին:
«Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի 6.93 դրամի բարձրացման բեռը, մինչև նախատեսվելիք միջազգային աուդիտը գնահատական կտա սակագնի բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ, իսկ սակագնի բարձրացման ծախսերը առայժմ կփոխհատուցվեն բյուջեի` անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:
Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը միևնույն է կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ` պետությանը մուծած հարկերի և տուրքերի տեսքով: Այսինքն, ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ և տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն: Հետևաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով և վատնումներով և այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը ըստ էության կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումը արդարացված է:
Սարգսյանի ելույթում ակնարկ անգամ չկա, որ ներկա անընդունելի վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պետական կառավարման և իրավապահ մարմինները ոչինչ չեն արել մոնոպոլիստ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կատարված վատնումները և չարաշահումները հայտնաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը վկայում է, որ թալանը հովանավորվում է հենց բարձրագույն իշխանության կողմից: Այլապես, իրավիճակի առողջացման լավագույն միջոց կդիտարկվեր դատախազության կողմից կոռուպցիոն այդ երևույթների քննության իրականացումը:
Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, ոչ այլ ինչ է, եթե ոչ էժանագին շանտաժ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա:
Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է`առայժմ ժամանակ շահել և հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետև սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը:
Հետևաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսևորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը»: