«ԱԶԱՏ» ջրօգտագործող ընկերությունն Արարատի մարզի 16 գյուղերի բնակիչներին ամռան տապին զրկում է ոռոգման ջրից։ «Ազատը» ՋՕԸ֊ն ջրի մեկ խորանարդ մետրը գնահատել է 25 դրամ, այն դեպքում, երբ կառավարությունը մեկ խորհանարդի համար սահմանել է 11 դրամ: Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակում գրել է Դիտակ գյուղի բնակիչ, «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:
«Պարոն վարչապետ, այս ընկերության տօնրեն Արման Գևորգյանը ձեր մոտ ընկերոջ որդին է և վստահ եմ ձեր հորդրոները, եթե ոչ որպես վարչապետի, որպես բարեկամի կլսի: Պարոն վարչապետ ես նաև տեղեկություններ ունեմ, որ երբ այս ընկերությունը կտրում է գյուղացիների ջուրը, այն տրամադրում է Արարատի մարզում անծայրածիր հողեր և ձկնաբուծարաններ ունեցող մի գործարարի»,- գրում է Մուրազին:
Իր նամակում Դիտակի բնակիչը նաև հիշեցնում է, որ վարչապետը Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ պետք է ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, որպեսզի որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է:
Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ ձկնաբուծարաններ ունենալու հարցը բազմիցս բարձրացվել է թե՛ մամուլում, թե՛ Ազգային ժողովում պատգամավորների կողմից։