Այսօր՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, Հայաստանի տարածքում բացվել են ընտրատեղամասերը․ մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպություններն արդեն իսկ ընտրախախտումներ են արձանագրում։ Մասնավորապես, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 11 խախտում է արձանագրվել Մալաթիա-Սեբաստիայի թիվ 91 դպրոցում տեղակայված 8/27 ընտրատեղամասում։
«Հանձնաժողովի նախագահը խախտել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, խոչընդոտել դիտարկմանը: Դիտորդը իր իրավունքներն է բացատրել, ինչից հետո հայհոյանքներ են հնչել հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդի հասցեին», ֊ մասնավորապես, նշում է նախաձեռնությունը։
Բացի դա, նույն ընտրատեղամասում «Քաղաքացի դիտորդ»֊ի ներկայացուցիչը քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք է արձանագրել․ «Քվեատուփը տեղադրված է դռան մոտ, ներս մտնող անհայտ անձը (որը հանձնաժողովի նախագահին ծանոթ է կամ բարեկամական կապ ունի) ուղղորդում է ընտրողներին քվեարկության ընթացքում: Հանձնաժողովի անդամները ևս ակնհայտորեն ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահին զգուշացվել է, սակայն խնդիրը բնականաբար լուծում չի ստացել: Նախագահը ագրեսիվորեն է արձագանքում դիտարկմանը»:
Նույն նախաձեռնության դիտորդներն ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրել նաև Երևանի Կենտրոն համայնքում գտնվող 9/16 տեղամասում։ Դիտորդի համաձայն, ուղղորդումը կատարվում է ինչպես տեղամասի ներսում, այնպես էլ տեղամասից դուրս։
9/1 տեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդի աշխատանքներին, մասնավորապես, արգելել է դիտարկել ընտրողների ցուցակները։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նույնպես դիտորդների աշխատանքի խոչընդոտման դեպքերի հետ կապված ահազանգեր է ստացել։ ՀԿ֊ն ընդգծում է, որ որոշ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տալիս ընտրողներին հարցնել անունները կամ ընտրացուցակներից նայել հերթական համարները՝ դա համարելով քաղվածք ընտրողների ցուցակից:
Նոր Սահմանադրության նախագիծը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համաձայն նախագծի, Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնելու։ Սահմանադրության նախագծին դեմ են հանդես գալիս քաղաքական ուժեր՝ «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ։