Կոռուպցիայի ընկալման ցուցիչով Հայաստանն աշխարհում 95֊րդ տեղն է զբաղեցնում։ Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» (ԹԻ) միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2015» զեկույցում։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանին վերաբերող արդյունքները ներկայացրել է ԹԻ֊ի հայաստանյան ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանը 95-րդ տեղը բաժանում է Մալիի, Ֆիլիպինների և Մեքսիկայի հետ՝ հավաքելով 35 միավոր։ Փորձագետները երկրները գնահատում են 0-ից 100 միավորանոց սանդղակով, որտեղ 100֊ը լավագույն ցուցանիշն է։ Հայաստանը նախորդ տարվա համեմատ 2 միավոր քիչ է հավաքել։ Առաջին եռյակում են Դանիան (91 միավոր), Ֆինլանդիան (90 միավոր) և Շվեդիան (89 միավոր), աղյուսակի վերջին 2 հորիզոնականներում են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնք 8֊ական միավոր ունեն։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը հավաքել է 52 միավոր և զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը, Թուրքիան 42 միավորով 66-րդ տեղում է, Ադրբեջանը 29 միավորով զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը, Իրանը 27 միավորով 130֊րդն է։ Ինչպես և Ադրբեջանը, Ռուսաստանը 119-րդ տեղում է 29 միավորով։
Խոսելով մեթոդաբանության մասին՝ Հոկտանյանը նշել է, որ ԹԻ֊ն, իր աղյուսակը կազմելիս և ցուցիչը հաշվարկելիս, յուրաքանչյուր երկրում օգտվում է առնվազն 3 աղբյուրներից (Հայաստանի դեպքում այս զեկույցի համար օգտագործվել են 5 աղբյուրներ). դրանք հիմանկանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներն են։ ՀԿ֊ի ղեկավարն ընդգծել է, որ կոռուպցիայի ընկալման ցուցիչը կազմվում է ոչ թե շարքային քաղաքացիների ընկալումը հաշվի առնելով, այլ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների։
Հոկտանյանը Հայաստանի անկումն այս տարի պայմանավորել է նրանով, որ նախորդ տարիներին ԹԻ֊ն ցուցիչը կազմելիս օգտվում էր 6 աղբյուրներից, մինչդեռ այս տարի կազմակերպությունը չի օգտվել Համաշխարհային բանկի տվյալներից։
«Համաշխարհային բանկի տվյալները միշտ եղել են բարեհաճ Հայաստանի համար։ Ես նախորդ 2-3 տարիների տվյալներից հանեցի Համաշխարհային բանկի տվյալները, և ստացվեց նույն թիվը՝ նույն 35 միավորը», ֊ ասել է Հոկտանյանը։
Նա եզրակացրել է, որ Հայաստանում վերջին տարիներին ոչ առաջընթաց, ոչ հետընթաց չի գրանցվում։