«Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվող ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի պայմանները որևէ կերպ չեն բարելավվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը։
«Հունիսի 15-ի դրությամբ առկա են նույն խնդիրները, որոնք արձանագրվել են նախորդ այցելությունների ընթացքում (վերջին այցը՝ մայիսի 12-ին-խմբ․)։ Գևորգյանի պահման պայմանները որևէ բարելավման չեն ենթարկվել: Դիտորդական խումբը կրկին անգամ դատապարտում է ազատազրկված անձի նկատմամբ նման մոտեցումը և բնորոշում է այն որպես խոշտանգում և հիշեցնում, որ պետության պոզիտիվ պարտականությունն է՝ ցանկացած միջոցով ապահովել ազատությունից զրկված անձի առողջական վիճակին համապատասխան պահման պայմաններ», – ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը, Epress.am-ի հետ զրույցում, հաստատել է, որ Գևորգյանը գտնվում է ծանր վիճակում և չի ստանում խոստացված համապատասխան բուժօգնությունը։ Վեզիրյանի հաղորդել է նաև, որ երեկ՝ Գևորգյանի կալանքի գործով հերթական դատական նիստին, վերջինս չի կարողացել ինքնուրույն ներկայանալ դատական դահլիճ։ Նրան այնտեղ են տարել հատուկ անվասայլակով։
Նշենք, որ Գևորգյանը ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։