Home / ԼԳԲՏ+ / ԼԳԲՏԻ աշխարհը Հարավային Կովկասում

ԼԳԲՏԻ աշխարհը Հարավային Կովկասում

ԼԳԲՏԻ համայնքը մեր հասարակության անբաժանելի մասն է: Այս մասին հանգիստ կարելի է ասել ժամանակակից բարքերով երկրներում: Իսկ հնարավո՞ր է նրանց մասին հեշտորեն խոսել մեր տարածաշրջանում: Ի՞նչ կյանքով են ապրում ԼԳԲՏԻ ներկայացուցիչները Հարավային Կովկասի երեք երկրներում: Որքանո՞վ է այս թեման արգելված, նրանք որքա՞ն հանգիստ են ապրում: Ինչպե՞ս են կրոնը, օրենքը, հասարակությունը վերաբերվում ԼԳԲՏԻ-ին:

Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից լրագրողներն այս թեմայով փոքր ուսումնասիրություն են անցկացրել:

Հայաստան

«Էնքան ընկերներ եմ կորցրել»

Կարեն Առաքելյանը (անունը փոխված է) տարիներ շարունակ պայքարել է ինքն իր դեմ։ Նա ցանկանում էր փոխել ճշմարտությունը, որի մասին գիտեր միայն ինքը: Սակայն արդյունքում անհնար է դառնում այդ գաղտնիքով ապրելը, և նա պատմում է բոլորին, որ ինքը հոմոսեքսուալ է:

«Ուրախ եմ, որ էդ քայլն արեցի, հիմա ապրում եմ` առանց թաքցնելու: Ես էն եմ, ինչ կամ…», – ասում է մասնագիտությամբ ծրագրավորող 23-ամյա Առաքելյանը:

Նրա խոսքերում ափսոսանք կա կորցրած ընկերների ու մտերիմների համար, սակայն հոգու խորքում ավելի թեթև ու հանգիստ է, ասես՝ ձերբազատվել է: Պատմում է, որ Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին մեծ ընկերական շրջապատ ուներ, սակայն երբ նրանց պատմել է իր սեռական կողմնորոշման մասին, ընկերներն աստիճանաբար հեռացել են իրենից:

«Ամենամտերիմներին երբ պատմեցի, դադարեցին հետս շփվելուց: Էդ ընկերներիցս հետ ես էլ ոչ մեկի հետ կապ չունեմ: Ես էնքան ընկերներ եմ կորցրել: Երբ նրանք ինձ փողոցում տեսնում են, չեն բարևում…», – հուզված ասում է Կարենը:

001

Պայթեցված գեյ-ակումբ

Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձինք ենթարկվում են խտրականության: Հաճախ նրանց իրավունքները խախտվում են հասարակության և ընտանիքի կողմից: Հայ հասարակության գերակշիռ հատվածի համար նրանք համարվում են անընդունելի: Նրանց ծաղրում են, դադարում են նրանց հետ շփվելուց, մերժում ընտանիքում, ուսումնական հաստատություններում, բանակում: Նրանք հաճախ զրկված են աշխատանքից:

Դեռևս 2012 թվականին պայթեցվեց Երևանի կենտրոնում գտնվող DIY ակումբը, որը համարվում էր ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի: Ակումբի պայթյունը հասարակությունը բաժանեց երկու խմբի. մի մասը դեմ էր նույնասեռականությանը և պաշտպանում էր պայթեցումն իրականացնողներին, մյուս մասն էլ քննադատում էր հարձակումը: Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ միանգամայն արդարացնում է տեղի ունեցածը:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի կարծիքով` խնդիրն այն է, որ հասարակությունը չունի անհրաժեշտ ու ճիշտ տեղեկատվություն: Փոխարենը` աշխատում է երևակայությունը:

«Բացասական առումով մեդիան հասարակության վրա մեծ ազդեցություն ունի, իսկ քանի որ մեդիաները ավելի շատ իշխանամետ են, ապա կարելի է ասել, որ նրանց միջոցով հստակ ատելության քարոզ են տարվում», – ասում է Հովսեփյանը:

2007 թ. հիմնադրված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը զբաղվում է ԼԳԲՏԻ անձանց հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցությամբ: Կազմակերպություն են դիմում հիմնականում ընտանիքում, ուսումնական հաստատություններում, աշխատանքի վայրում խնդիրներ ունեցող ԼԳԲՏԻ անձինք:

Մամիկոնը կցանկանար ծնող դառնալ

Մամիկոնը պատմում է, որ կազմակերպության հիմնադիրները հեռացել են Հայաստանից, քանի որ ստիպված են եղել երկակի կյանք վարել՝ վախենալով ավելի բաց լինել հանրության աչքում: Նա նույնպես հեռացել էր Հայաստանից, սակայն որոշ ժամանակ անց որոշել է վերադառնալ: Հասկացել է, որ իր տեղն այստեղ է: Մամիկոնը ապրում է բաց, նրան բոլորն են ճանաչում, ընտանիքի հետ հարաբերությունները վատ չեն, սակայն զգում է, որ մերժողական են տրամադրված:

«Ես հեշտությամբ եմ բացվել, բայց շատերի համար դա խիստ դժվար է: Ծնողներս գիտակից մարդիկ են, ես կարողացա նրանց հետ խոսել, բայց միևնույն է` նրանք դեռ հասարակության ճնշման տակ են: Նրանց հետ հարաբերություններս լավ են, բայց չեմ կարծում, որ ինձ ընդունել են: Զգում եմ նրանց մերժողականությունն իմ սեռական կողմնորոշման հանդեպ: Ստացվում է` մենք ստեղծում ենք մեր երազած ապագայի պլանները, դրանց մեջ մեր երեխաներին ենք տեսնում, սակայն առանց նրանց հարցնելու` արդյոք նրանք ուզո՞ւմ են այդ պլանում հայտնվել: Հետո, երբ այդ պլանները փուլ են գալիս, խորը հիասթափություն ենք ապրում: Նույնը երևի իմ ընտանիքում է եղել»,- ասում է 33-ամյա Հովսեփյանը:

Մամիկոնը պատմում է, որ ունի իր ընտանիքը, սիրով երեխա կորդեգրեր: Սակայն եթե նույնիսկ դա օրենքով հնարավոր լիներ, Հայաստանում նման քայլի գնալու համար պարզապես պետք է շատ համարձակ լինել:

«Մանավանդ ինձ համար, ով բաց է ապրում: Բոլորը գիտեն, որ ես գեյ եմ: էդ էրեխու կյանքը կուտեն ուղղակի: էդ պատճառով կխուսափեմ: Մի օր, եթե ակտիվ հասարակական կյանքից դուրս գամ կամ ուրիշ երկրում ապրեմ, անպայման երեխաներ կորդեգրեմ…»

Ինքը` Մամիկոնը, իր ծնողների միակ զավակն է:

Մամիկոն Հովսեփյան

002

Արմենի մայրը հոգևորական է կանչել

18-ամյա Արմեն Կարապետյանը (անունը փոխված է) պատմում է, որ 12 տարեկանում հասկացել է, որ իր հետաքրքրությունները բոլորովին այլ դաշտում են, ի տարբերություն իր հասակակից ընկերների:

«Հասկանում ես, որ անտարբեր ես աղջիկների նկատմամբ, փոխարենը դուր են գալիս տղաները: Բայց հետո մի գեղեցիկ օր քեզ ասում են, որ տղան չի կարող տղայի սիրել: Ու դու ապշած ես մնում. էդ դեպքում դու ինչո՞ւ ես էդպիսին: Աստիճանաբար հասկանում ես, որ էդ չի կարելի ոչ մեկին ասել ու մինչև կյանքիդ վերջ պիտի գաղտնիք պահես», – պատմում է Արմենը:

Երբ իր սեռական կողմնորոշման մասին պատմում է ծնողներին, հայրն ասում է, որ ավելի լավ էր տեռորիստ լիներ, իսկ մայրը հաջորդ օրը հոգևորական է կանչում:

«Մեր տուն եկած հոգևորականն ասաց, որ մեջս դևեր կան նստած: Որոշեցին իմ համար աղոթել, օրհնված ջուր վրաս ցանել: Ծնողներս քիչ թե շատ հարմարվել են ինձ հետ: Ինձ տանից դուրս չհանեցին, քանի որ չէին կարող բացատրություն տալ հարազատներին ու բարեկամներին: Համալսարանում ինձ սիրում են, արդեն սովորել են իմ պոչիկին, բայց չգիտեն կողմնորոշմանս մասին: Չեմ ուզում, որ համակուրսեցիներս իմանան: Շուտով բանակ եմ գնալու, և զինկոմիսարիատում բժշկական հետազոտության ժամանակ ես նրանց ասել եմ, որ նման խնդիր ունեմ: Բանակում նույնասեռականությունը համարում են հոգեբանական խնդիր»,- պատմում է Արմենը:

Բանակը դժոխք է գեյի համար

Ի դեպ, բանակն այն վայրն է, որտեղ նույնասեռականներին ենթարկում են խտրականության: Կարեն Առաքելյանը սեփական մաշկի վրա է զգացել այդ ամենը բանակում ծառայելիս:

«Նրանք ծիծաղում էին իմ վրա: Հրահանգավորվել էր` ինձ տրված սենյակից դուրս չգալ: Իմ հետ հաց չէին ուտում: Իմ առաջ վետո էր դրված` ճաշարան չմտնել, ոչ մեկի հետ չշփվել: Գրադարանավարուհին էր ինձ ուտելիք բերում: Անգամ պետքարանից օգտվելը խնդիր էր դարձել», – հիշում է Կարենը, ով զորակոչվել է բանակ` գաղտնիքը թաքուն պահելով:

Սակայն այնտեղ չդիմանալով այն վախին, որ իրեն կարող են բացահայտել, խոստովանում է գումարտակի հրամանատարին, որ գեյ է՝ խնդրելով իրեն ուղարկել հոգեբույժի մոտ կոնսուլտացիայի: Ստուգումներից հետո Կարենին կրկին հետ են ուղարկում զորամաս՝ ասելով, որ հոգեբանական խնդիրներ չունի: Մինչդեռ զորամասում արդեն գրեթե բոլորն իմացել էին նրա սեռական կողմնորոշման մասին:

«Ամիսներ շարունակ իմ հեռախոսը չէր դադարում զանգելուց: Սպառնալիքը սպառնալիքի հետևից: Ծառայակից ընկերները զանգում էին և ասում. «Բա, ապե, մենք իրար հետ հաց ենք կերել, մի սենյակում ենք քնել: Հիմա էդ ճի՞շտ ա, թե՞ չէ, դու հլը պատասխան ես տալու: Քեզ որտեղ բռնենք՝սպանելու ենք»:

Չէի պատասխանում նրանց հարցերին: Ասում էի` հիմա պատրաստ չեմ ձեր հարցերին պատասխանելու: Ու իսկապես, պատրաստ չէի, իմ անձը անսպասելի հանրայնացրել էին: Զորքերի պետը ինձ անընդհատ «գալուբոյ» էր կոչում ու ասում, որ ես կփչացնեմ տղերքին», – ասում է Կարենը:

Մաման ասեց, որ իմ նմաններին սպանելը քիչ է

Կարենն իր կյանքի ամենածանր պահը համարում է այն օրը, երբ ծնողներն իմանում են իրենց համար շատ դառը ճշմարտությունը:

«Դա ամենախայտառակությունն էր: Մամաս լաց ու կոծ էր անում, իրան էր խփում: Հայրս շփոթված էր լսածից: Մայրս ասաց, որ ամեն դեպքում ինձ տնից չեն հանի, բայց ես պետք է իմանամ, որ սրանից հետո շատ բան կփոխվի մեր հարաբերություններում: Ու իսկապես, մենք էլ չենք շփվում որպես մայր ու որդի: Օռլանդոյի դեպքերից հետո մայրս ասում էր, որ ճիշտ են արել, որ Հայաստանում էլ պետք է այդպես վարվեն: Ու կապ չունի, որ նրանցից մեկը իր որդին է: Հայրս ավելի հանդուրժող գտնվեց իմ հանդեպ», – ասում է Կարենը:

Հոգեբանի կարծիք. բացվելով` նրանք ազատում են իրենց

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ հոգեբան Լիլիթ Ավետիսյանը նշում է, որ շատերը կարող են հասարակությունից թաքցնել իրենց ինքնությունը և այդպես շարունակել «հանգիստ» ապրել, բայց մյուս կողմից` դա բերում է մեկուսացվածության, անինքնավստահության: Եվ շատերը դա չունենալու համար ընտրում են բացվելու ճանապարհը, այդ մասին խոսելով` նրանք ձերբազատվում են իրենց ներսի այդ բեռից:

«Հիմա ունենք երիտասարդներ` մինչև 20 տարեկան, որոնց ընտանիքներն ավելի հանդուրժող են, այսինքն` կարողանում են երկխոսության գնալ իրենց երեխաների հետ: Եղել են դեպքեր, երբ ծնողները եկել են մեզ մոտ, միասին ենք խնդիրը քննարկել: Սակայն շատ են նրանք, ովքեր մերժում են կամ չեն ընդունում իրենց երեխաներին…»- ասում է հոգեբան Ավետիսյանը:

Նրանք ամուսնանում են` որևէ հակում չզգալով…

Հոգեբանի կարծիքով` կա մարդկանց մի խումբ էլ, ովքեր իսկապես որևէ հակում չունենալով հակառակ սեռի նկատմամբ, ամուսնանում են, ընտանիք կազմում, երեխաներ ունենում:

«Հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են: Սակայն, միևնույն ժամանակ, շարունակում են հարաբերությունները իրենց միևնույն սեռի զուգընկերոջ հետ: Մեր մշակույթում ընդունված է, որ կինը կարող է դավաճանել: Կնոջ համար ի՞նչ տարբերություն` ամուսինը տղամարդո՞ւ հետ է, թե՞ կնոջ: Սակայն այս պարագայում կինը բռնության է ենթարկվում, քանի որ ամուսինները նրանց չեն վերաբերվում որպես զուգընկերոջ, որի հետ պատրաստվում են կառուցել իրենց կյանքը: Նրանք կնոջը նայում են որպես երեխաների մոր` շարունակելով ապրել իրենց կյանքով», – ասում է հոգեբանը:

Հայաստանում չկան ուսումնասիրություններ և պաշտոնական տվյալներ այն մասին, թե քանի ԼԳՏԲ անձինք են ապրում երկրում:

Լիլիթ Ավետիսյան

003

Գործազրկությունը ԼԳԲՏ համայնքի երկրորդ դժբախտությունն է

Մամիկոն Հովսեփյանը նշում է, որ ԼԳՏԲ շատ անձինք ունեն աշխատանքի խնդիր, բայց կազմակերպությունը փորձում է նրանց օգնել նաև այդ հարցում:

«Շատերն աշխատում են սպասարկման ոլորտում: Կան մարդիկ, ովքեր աշխատում են ամենաբարձր պաշտոններում, սակայն նրանք փակ են ու հոմոֆոբ: Նրանք խոսում են ԼԳՏԲԻ համայնքի դեմ` սեփական կաշին փրկելու համար», – ասում է Հովսեփյանը:

Կարեն Առաքելյանը համոզված է, որ աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունենալու: Երկիրը փոքր է, իսկ իր մասին ինֆորմացիան արդեն տարածված է: Նա ելք չի տեսնում: Նրա համար միակ լուծումը մնում է երկրից հեռանալը: Կարենը փնտրում է ուսումնական ծրագրեր, որոնց միջոցով հնարավորություն կունենա գոնե ինչ-որ ժամանակով հեռանալ երկրից:

«Ամեն օր ճնշում, խտրականություն, կոնֆլիկտ: Ինձ մոտ արդեն բարդույթ կա, որ ինչ-որ հարցում մեղավոր եմ: Եթե գեյ եմ, նշանակում է` ես այս հասարակության անդամ չեմ: Ինչո՞ւ պետք է մտածեմ երկրիցս գնալու մասին, որտեղ իմ ընտանիքն է, իմ հողն ու ջուրը, իմ մանկությունը, իմ անցյալը: Ստիպված եմ թողնեմ-գնամ ուրիշ երկիր, որտեղ ինձ կհասկանան ու չեն սպառնա», – ասում է Կարենը:

Օրենքը նշանակություն չունի, եթե հասարակությունը պատրաստ չէ…

Մամիկոն Հովսեփյանը համոզված է` հասարակության վերաբերմունքը կարող է փոփոխվել միայն գիտելիքներով.

«Խոսքս գրագետ սեռական կրթության մասին է: Այսօր Հայաստանում ուսուցիչները, սեռավարակների մասին խոսելիս, երբեք «պահպանակ» բառը չեն օգտագործում: Սեռականության մասին ընդհանրապես գիտելիք չկա, որպեսզի մարդը հասկանա, թե ինչո՞ւ գոյություն ունի այդ սեռական կողմնորոշումը: Կան նույնիսկ մարդիկ, ովքեր ասում են, որ սեռական կողմնորոշում չունեն: Հասարակությունը չունի այդ գիտելիքը, «սեռական» բառը լսում են` սարսափում», – ասում է Հովսեփյանը:

Այնուհանդերձ, հույս ունի, որ Հայաստանում հնարավոր է փոփոխությունների հասնել: Նրա համար օրինակ է Մալթան, որտեղ 10 տարի առաջ իրավիճակը Հայաստանից էլ վատ էր:

«Օրենքը նշանակություն չունի, եթե հասարակությունը պատրաստ չէ: Ուղղակի եթե օրենքը լինում է, մարդն իրեն քիչ թե շատ պաշտպանված է զգում», – ասում է Մամիկոն Հովսեփյանը:

ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ օրենքները տարբեր երկրներում տարբեր են` սկսած նրանց իրավունքների իրավական ճանաչումից մինչև ազատազրկում և մահապատիժ` որպես պատիժ նույնասեռական հարաբերությունների կամ դրա քարոզչության համար:

2013-ին Հայաստանի ոստիկանությունը ներկայացրել էր մի օրինագիծ` «Երիտասարդության շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունները և ԼԳԲՏԻ քարոզչությունը արգելելու մասին», սակայն այն չընդունվեց: Ինչպես և մյուս քրիստոնեական հարանվանությունները և ավանդական կրոնները, Հայաստանյայց առաքելական եկեղեցին չի ընդունում ԼԳԲՏԻ ներկայացուցիչներին: Այսօր Հայաստանում քաղաքացիական միությունները և նույնասեռական ամուսնությունները օրենքով չեն ճանաչվում:

Վրաստան

004

Բարձրահասակ, շիկահեր երիտասարդ, նորաոճ հագնված և գլխին փոքրիկ պոչիկով: 26-ամյա Զուրան (ազգանունը անանունության համար չի նշվում) որպես բարմեն է աշխատում Թբիլիսիի սրճարան ակումբներից մեկում:

Զուրան պատմում է իր պատմությունն այն մասին, թե Վրաստանում ինչպիսի՞ն է նույնասեռական լինելը: Զուրան ծնվեl և մեծացել է Քութաիսում: Թե փոքր քաղաքում և թե իրենց ընտանիքում սեռական կողմնորոշման թեման արգելված էր: Մոտ 12 տարեկանում Զուրան նկատում է, որ իրեն դուր են գալիս տղաները, ոչ թե աղջիկները:

«Ես ոչ մի բան չգիտեի, կատարյալ վակուումի մեջ էի: Ամենացավալին այն էր, որ երկար տարիներ մտածում էի, թե դա հիվանդություն է, որ մենակ ես եմ էսպես սխալ ծնվել: Չգիտեի` ում կարելի է էս մասին պատմել, որ ինձ դուր են գալիս տղաներ, այլ ոչ թե աղջիկներ: Էդ տարիքում այդ թեման ինձ համար շատ բարդ էր: Ես աշխատում էի թաքցնել, ինքս ինձ փակել էի: Այսինքն` փաստորեն ոչ մեկի հետ չէի շփվում: Դպրոցական էդ չորս տարիները ինձ համար դժոխք դարձան, մենակ ուսանողական տարիներին վերջաապես իմացա, որ իմը հիվանդություն չէ: Որ ես էլ նույն ձևի մարդ եմ, ոնց որ բոլորը», – պատմում է նա:

Զուրան կենսուրախ երիտասարդ է: Իր խոսքով` հակված չէ դեպրեսիաների, ահա թե ինչու, չնայած իր կրած դժվարություններին, երբեք չի մտածել ինքնասպանության մասին:

Դպրոցում

Հիշելով դպրոցում անցկացրած դժվար տարիները` Զուրան երախտագիտությամբ է խոսում իր երկու մոտ ընկերների` Խաթունայի և Լիկայի մասին: Նրանք առաջին մարդիկ էին, որոնց առաջ նա սիրտը բացել է և պատմել իր մասին, իսկ դպրոցում սովորելու շրջանում նրանք Զուրային աջակցել և պաշտպանել են:

«Առանց նրանց ես չէի դիմանա: Համարյա ամեն օր ինձ ծաղրում էին, ստորացնում, խայթում: Չէի ասի, որ ինձ խփում էին, սական մշտական հոգեբանական ճնշման տակ էի»:

Բայց մի անգամ բանը նույնիսկ հասնում է ծեծկռտուքի, և դա այն պատճառով, որ Զուրային դուր էր գալիս դպրոցում սովորող մի տղա, և ինքը սկսել էր նրան զանգել, ցանկանում էր նրա հետ շփվել:

«Ես նրան զանգեցի: Ընդունում եմ` դա սադրիչ վարքագիծ էր: Սկսեցի նրա հետ կանացի ձայնով խոսել: Մյուս օրը դպրոցում ինձ ծեծեցին: Դե, էդ դեպքից հետո ավելի վատ էղավ, մոտենում էին, խայթում, ասում` ուրեմն էս էն աղջիկն ա…

Չնայած ես ի դեմս իմ ընկերների պաշտպաններ ունեի, այդ պաշտպանությունը միշտ չէ, որ աշխատում էր… Եվ նույնիսկ ուսուցիչներից ես երբեք աջակցություն չեմ տեսել, ինչ-որ լուռ ագրեսիա էի զգում: Նրանք ինձ չէին համակրում», – հիշում է Զուրան:

Ընտանիքը

Զուրան չի զարմանում, որ հասարակությունն ընդհանուր առմամբ վատ է վերաբերվում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին: Նա ինքն էլ մեծացել է այդ շրջապատում և գիտի, որ արդեն ի սկզբանե ընտանիքից հոմոֆոբ տրամադրություններ են բխում, հայրերը սովորեցնում են որդիներին ծեծել այն մարդկանց, եթե հանկարծ նկատեն, որ նրանք ոչ ավանդական կողմնորոշման են: Ինչ վերաբերում է իրենց ընտանիքին, առաջինը Զուրայի սեռական կողմնորոշման մասին իմացել է ավագ քույրը, ով սկայպում կարդացել էր նրա գրառումները զուգընկերոջ հետ. «Նա հիստերիայի, շոկի մեջ ընկավ: Ու պատմեց մամային, իսկ մաման ընտրեց լռելու ստրատեգիան: Չէ, ինձ տնից չվռնդեցին, ինչպես կանեին շատ-շատերը, բայց էդ թեմայով էլ մենք չենք խոսում: Հինգ տարի է անցել: Էսօր էլ էս թեման մեր ընտանիքում արգելված է»:

Զուրան հասկանում է, որ հիմա և դեռ երկար ժամանակ ինքը չի կարող տուն բերել իր սիրած մարդուն և մոր հետ ծանոթացնել: Որովհետև եթե նույնիսկ իր մայրն էլ դա ընդունի, նրա շուրջը հասարակությունը, ազգականները, հարևանները, միևնույն է` չեն ընդունի:

«Չեմ ուզում մորս կյանքը բարդացնել: Նա խորհրդային սերնդի մարդ է, իսկ էն ժամանակ դա ընդհանրապես քրեական հանցագործություն էր համարվում: Վրաստանում ԶԼՄ-ների մեծ մասը հոմոֆոբ է, դրա համար այս ամենը «մարսելու» համար մայրս նեցուկ չունի: Ես գիտեմ մարդկանց, ովքեր գեյ են, բայց մեր հասարակության շրջանակներին հարմարվելու համար ամուսնանում են, ընտանիք կազմում, երեխաներ ունենում և թաքուն հանդիպում իրենց զուգընկերների հետ: Ես չէի ուզի էդ տեսակ երկակի կյանքով ապրել»:

Յուրաքանչյուր ճշմարտություն իր հետ բերում է նոր և ոչ միշտ հաճելի հետևանքներ: Զուրան փաստորեն ստիպված էր կյանքը նորովի սկսել, նոր ընկեր-ծանոթներ, շփման շրջանակ ձեռք բերել:

«Ես շատ ընկերներ, հատկապես մանկության ընկերներ կորցրի այն պատճառով, որ գեյ եմ: Երբ հասկանում ես, որ նրանք քեզ երբեք չեն հասկանա, պարզապես մի կողմ ես քաշվում: Իմ բարեկամները գիտեն, որ գեյ եմ: Նրանցից ոչ մեկն ինձ չի վիրավորել, բայց ընտանեկան տոներին էլ ինձ ոչ ոք հյուր չի կանչում: Հասկանում եմ, որ ես նրանց համար դադարել եմ գոյություն ունենալուց», – ասում է նա:

Զուրայի խոսքով` Վրաստանում գեյի կյանքում ամենաբարդն այն է, որ անհնար է ինքդ քեզ հետ լինել: Այն պահից, երբ նա տնից դուրս է գալիս, արդեն սկսվում է այն ոլորտը, որտեղ պետք է հասարակական կանոններին հետևել:

«Ես կուզեի, որ մեր հասարակությունը ավելի լոյալ և հանդուրժող դառնար ոչ միայն ԼԳԲՏԻ համայնքի, այլև ընդհանրապես բոլոր փոքրամասնությունների նկատմամբ: Ես այն բանի կողմնակիցն եմ, որ կրթության համակարգը նույնպես ներառվի: Պետք է դպրոցում գենդերի մասին կարգին բացատրել` տարիքին համապատասխան: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը, ոստիկանությունը, եկեղեցին հոմոֆոբ են: Քաղաքական գործիչները միավորներ հավաքելու համար հոմոֆոբ հայտարարություններ են անում: Մեր երկրում մենք մեզ լրիվ անպաշտպան ենք զգում: Հիշում եմ` 2013-ի մայիսի 17-ին, երբ գազազած ամբոխի և ԼԳԲՏԻ համայնքի միջև արգելապատնեշ էր, ոստիկանությունը չէր էլ փորձում արգելապատնեշը պահել: Նրանք պարզապես ձեռքերը թափ տվեցին` ասելով. «Ինչ անենք, էլ բան ու գործ չունենք էս արվամոլներին պաշտպանենք»: Մեզանում ավելի շատ հոգևոր ոստիկանություն է, քան օրենքը պաշտպանող ոստիկանություն», – պատմեց Զուրան:

Նշենք, որ Վրաստանը համարվում է Հարավային Կովկասի երեք հանրապետություններից ամենալոյալ երկիրը ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ: Այս մասին է վկայում նաև ILGA Europe (the European Region of the International Lesbian, Gay, Bisexual, Trans and Intersex Association) կազմակերպության ամենամյա զեկույցը: 2016 թ. տվյալների համաձայն` Հայաստանը 49 երկրների շարքում 47-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` վերջին` 49-րդում: Մինչդեռ Վրաստանը զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը:

Այս վարկանիշի վրա ազդում է նաև Վրաստանում գոյություն ունեցող օրենսդրական բազան: 2000 թ. հունիսի 1-ին Վրաստանն ընդունեց նույնասեռական ակտը ապաքրեականացնելու մասին օրենք: 2006թ.-ից ընդունվել է Վրաստանի աշխատանքային օրենսգրքի 2(3)-րդ հոդվածը, որն աշխատանքային հարաբերություններում արգելում է խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով:

Ինչպես նաև 2012-ին Վրաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` սեռական կողմնորոշման հատկանիշով ԼԳԲՏԻ անձանց դեմ կատարված հանցագործությունները, ի թիվս այլոց, համարվում է ծանրացուցիչ հանգամանք, որը քննության ժամանակ պետք է բերի ավելի խիստ վճռի: Եվ ամենագլխավոր օրենքը, որը 2014-ի մայիսի 2-ին ընդունեց Վրաստանի խորհրդարանը, Հակախտրական օրենքն է, որն արգելում է խտրականության բոլոր ձևերը, այդ թվում նաև` սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով:

Սակայն, իհարկե, տարածաշրջանում առաջատար լինելը չի նշանակում, թե երկրի ներսում խնդիրը լուծված է, որ ԼԳԲՏԻ համայնքը Վրաստանում իրեն պաշտպանված է զգում: «Մարդու իրավունքների մոնիթորինգի և ուսումնասիրության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) իրավաբան Լիկա Ջալագանիան արդեն մի քանի տարի ուսումնասիրում է Վրաստանում ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների հարցը, վերջերս նրա հեղինակությամբ լույս է տեսել «ԼԳԲՏԻ իրավունքների վիճակը Վրաստանում» ուսումնասիրությունը` «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ: Նա պատմում է երկրում տիրող իրավիճակի մասին:

«Ամենագլխավոր հանգամանքներից մեկն ատելության հողի վրա կատարված հանցագործություններն են: Պետությունը հաստատակամորեն ժխտում է այդ հանցագործությունները: Դա վերաբերում է նաև վիճակագրությանը, հիշենք նաև 2016-ի մայիսի 17-ը: Ոչ միայն ԼԳԲՏԻ, այլև այն մարդիկ, որոնք նրանց թվացել էին այդ համայնքին դասվող, բռնության ենթարկվեցին: Այս ամենից հետո միայն չորս մարդու բերման ենթարկեցին և 100-ական լարիով վարչական տուգանքի ենթարկեցին, իսկ մյուս չորսին քննեցին Վրաստանի Քր. օր.-ի շրջանակներում, բայց քանի որ դատախազությունը բավարար թվով ապացույցներ չէր ներկայացրել, նրանց նույնպես բաց թողեցին: Թեև նրանց մեջ էր այն հոգևորականը, ով աթոռակը ձեռքին կոտրել էր այն երթուղայինի ապակին, որտեղ նստած էին ԼԳԲՏԻ անձինք: Մենք բոլորս հիշում ենք այդ նշանավոր կադրերը: Այսինքն` սա ցույց է տալիս, որ դատավարությունը նույնպես կանխակալ է: Երբ մենք դատախազությունից պահանջեցինք վիճակագրությունը, պատասխան եկավ, որ հոմոֆոբ կամ տրանսֆոբ հողի վրա կատարված հանցագործությունների գծով վիճակագրությունը զրո է: Թեև մեր կազմակերպության տվյալներով` արդեն 2016-ի ընթացքում առնվազն 10 գործ կա, որոնք պետք է քննել հենց ատելության հողի վրա կատարված հանցագործության տեսանկյունից», – պատմում է Ջալագանիան:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու օրենսդրական նորմը չի գործում, փորձագետը պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են: Նախ` ոստիկանությունը, դատախազությունը չունեն համապատասխան գիտելիքներ, թե ինչպես նույնականացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունները: Նրանց պակասում է նաև զգայունությունը և, իհարկե, իր դերն ունի քաղաքական կամքի բացակայությունը:

«Մեր իշխանությունը խիստ նահապետական է, և այժմ երկիրը գտնվում է սեկուլյարիզմի ճգնաժամի մեջ: ԶԼՄ-ներում ամեն օր հանրայնացվում են քաղաքական գործիչներից և իշխող կուսակցությունից հնչող հոմոֆոբ հայտարարություններ: ԼԳԲՏԻ համայնքը գտնվում է ամենօրյա ահաբեկչության պայմաններում: Սակայն պետությունը կտրականապես չի կամենում դա նկատել»:

Ջալագանիայի խոսքով` խախտվում է նաև ԼԳԲՏԻ համայնքի` հավաքներ անցկացնելու իրավունքը:

«Մարդկանց ցանկացած խումբ իրավունք ունի Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք անցկացնելու: Բացի ԼԳԲՏԻ համայնքից: Ասում են` տանն ինչ ուզում եք արեք, միայն հասարակության մեջ մի երևացեք: Սակայն տանն էլ նրանք անվտանգության մեջ չեն և շատ հաճախ ընտանեկան բռնության են ենթարկվում: Սակայն այստեղ էլ պաշտոնական վիճակագրությունը զրո է»:

Կցանկանայինք նշել «Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբ» (WISG) ՈԿԿ անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքները: Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է ամբողջ Վրաստանում, որին մասնակցել է 2 հազար մարդ: Ըստ ուսումնասիրության արդյունքների` հարցվածների 66,4%-ը համաձայն է, որ պետք է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին արգելել հրապարակավ արտահայտել իրենց պահանջները, ինչպես նաև ի պաշտպանություն ԼԳԲՏԻ անդամների հանրային երթերի արգելքի մասին օրենք ընդունել:

Լիկա Ջալագանիա

005

Լիկա Ջալագանիան կարծում է՝ խնդիրն այն է, որ եթե ամեն օր տարբեր ԶԼՄ-ներում քաղաքական գործիչներից հոմոֆոբ հայտարարությունների հոսք է գալիս, որը հատկապես ուժեղանում է նախընտրական շրջանում, ապա հանդուրժող և լոյալ հասարակություն դաստիարակելն ըստ էության անհնար է: Ինչպես նաև, ուսուցիչների մեծ մասը իրենք են կարծրատիպերի կրողները և արմատավորում են դրանք աշակերտների շրջանում:

«Այս փուլում մեր հասարակությունն արմատական հոմոֆոբ է», – և դրա վրա, փորձագետի խոսքով, ուժեղ ազդեցություն ունի նաև Վրաց ուղղափառ եկեղեցին:

«Հոգևորականները, հոգևոր գործիչները միջամտում են պետության գործերին: Ակնբախ օրինակը դպրոցում ՈԿԿ-ի և կրթության նախարարության մշակած նոր առարկայի` «Ես և հասարակությունը», ներմուծումն է: Այս առարկան ուղղված է այն բանին, որ երեխաներին հանդուրժողականություն սովորեցնեն: Եկեղեցին դեմ դուրս եկավ այդ առարկային, կրթության նախարարը գնում և խորհրդակցում էր նրանց հետ: Կրթության ոլորտը կամ մեկ այլ ոլորտ` դրանք պարզապես օկուպացվել են կրոնական սուբյեկտների կողմից: Ինչո՞ւ պետք է պետությունը մտածի, թե Աստված ինչ է ուզում, եկեղեցին ինչ է ուզում, և չմտածի մարդու իրավունքների մասին», – եզրափակում է Ջալագանիան:

Ադրբեջան

Ինչո՞ւ ես էդքան նուրբ

006

Թելման Բադալովը 18 տարեկան է: Թելմանը գեյ է: Հարցազրույցի համար համաձայնություն տալով` ասաց, որ գաղտնիության կարիք չկա, նա առանց այն էլ ոչինչ չի թաքցնում:

Թելմանի պատմությունը սկսվում է մանկությունից. նա ասում է, որ իրեն դուր էին գալիս տիկնիկներն իր քրոջ, որի նկատմամբ ինքը խիստ հոգատար ու նուրբ էր: Նա իրեն շատ հանգիստ ու խաղաղ էր պահում, դրա համար հարազատները մորը շարունակ ասում էին. «Ինչո՞ւ տղեդ տղերքի հետ չի խաղում, չի կռվում, ինչու ա իրան աղջկա պես պահում»: Մայրն էլ նույն հարցը որդուն էր ուղղում. «Դու ինչո՞ւ տղերքի հետ չես կռվում: Ինչո՞ւ ես էդքան նուրբ: Ինչո՞ւ ես քեզ աղջկա պես պահում»:

10 տարեկանում Թելմանը սեռական բռնության է ենթարկվում հարևան դեռահասի կողմից. «Իհարկե, էդ ինձ ոչ մի հաճույք չպատճառեց: Բայց ես հասկացա, որ իմ ռեակցիայում մի բան էն չի: Սկսեցի գրքեր կարդալ, խոսել զարմիկիս հետ, որն էդ հարցերից գլուխ էր հանում: Ու հասկացա, որ ես գեյ եմ: Ամեն ինչ անում էի, որ մաման էդ հասկանա: Հերս մեռավ, երբ ես 13 տարեկան էի: Մնում էր միայն, որ մերս ինձ ընդունի էսպիսին: Բայց, նայելով իմ վարքագծին, նա ստորացնելով ասում էր, որ ես ինձ պահում եմ «զզվելի գեյերի» պես: Նույն վերաբերմունքը ես տեսա դպրոցում` համադասարանցիներիս կողմից», – հիշում է Թելմանը:

Թելմանին արդեն զզվեցրել էր դա թաքցնելը, և երբ նրա 16 տարին լրացավ, նա մորն ասաց, որ ուզում է ականջօղ կախել:

«Նա սարսափով հարցրեց`դու հո գեյ չե՞ս: Պատասխանեցի` հա: Ես շարունակում եմ դա գրեթե ամեն օր կրկնել: Ես փորձում եմ նրան բացատրել, որ դա իմ ընտրությունը չէ, որ դա իմ էությունն է: Վերջապես, ոնց որ մաման ու քույրս ընդունել են էդ»:

Թելմանը դա չթաքցրեց նաև իր դպրոցի, փողոցի ընկերներից. «Սկզբում չէին ընդունում, ես մարդկանց կողմից ատելություն, ծաղր, ստորացում էի զգում… բայց աստիճանաբար վարժվեցին… Ես լավ էի սովորում լեզուներ, համակարգչային ծրագրեր, ինձ համար աշխատանք գտնելը դժվար չէր: Ինձ սիրում և հարգում են իմ բնավորության, աշխատանքի, գիտելիքների համար…»

Ամեն օր նա պայքարում է մարդկանց հետ լիարժեք շփման համար. «Գիտեք, պարզապես սարսափելի է, որ ԼԳԲՏԻ ներկայացուցիչները շփվում են միայն իրար հետ, փակվում են իրենց նեղ շրջանակում: Մարդկանց միջև շփումը պետք է լինի համակրանքի, ընդհանուր հայացքների և հետաքրքրությունների հիման վրա: Այլ ոչ թե սեռական պատկանելության: Ես ընկերություն չեմ անում գեյի հետ միայն այն պատճառով, որ նա գեյ է»։

«Ադրբեջանում ԼԳԲՏԻ ներկայացուցիչ լինելն ի՞նչ է նշանակում» հարցին պատասխանելու համար բավական է բերել երկու «հաջողված» օրինակ: Սա նկարիչ կոնցեպտուալիստ Բաբի Բադալովի պատմությունն է. նա մահվան իրական սպառնալիքի պատճառով փաստորեն փախավ երկրից, և «Ազադ ԼԳԲՏԻ» կազմակերպության անդամ Իսա Շահմարլիի ինքնասպանությունը:

Նկարիչ Բաբին իր գույները տարավ Ֆրանսիա: Իսան կախվեց ծիածանի գույներով դրոշից: Երկու դեպքում էլ Ադրբեջան կոչվող երկիրը չկարողացավ «կրել» այդ պայծառ գույները:

Բաբի Բադալովը ծնվել էր Լերիքի շրջանում` բազմազավակ ընտանիքում: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել իրեն «բացվել» ծնողների կամ բազմաթիվ եղբայր-քույրերի առաջ:

«Նրանց համար դա ոչ միայն ահավոր կլիներ, այլև լրիվ ուրիշ աշխարհ: Նրանք էդ մասին շատ ուշ իմացան, երբ ես արդեն վաղուց երեսուն տարեկան էի: Եղբայրներս ու զարմիկներս պատրաստվում էին ինձ սպանել: Ես փաստորեն փախա երկրից…», – պատմում է Բադալովը:

Բաբի Բադալով

007

Բաբին ու Իսան միայն ամենավառ օրինակն են, իրականում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում ինքնասպանության, արտագաղթի, հասարակությունից խորթացման դեպքերն անհամեմատ շատ են:

Թեև 2000 թվականին երկրում նույնասեռական հարաբերություններն ապաքրեականացվեցին, այդուհանդերձ, հասարակությունը պատրաստ չէ ընդունելու ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին: Սամադ Իսմայիլզադեն` ԼԳԲՏԻ թեքումով առաջին ամսագրի` Minority-ի գլխավոր խմբագիրը, ասում է, որ մինչև Իսա Շահմարլիի մահը շատերը երկրում չէին զգում իրական գեյ-ֆաշիզմ.

«Իսայի ինքնասպանությունից հետո իմ աչքերը կարծես բացվեցին: Ես հասկացա, որ Իսային ինքնասպանության են հասցրել հարազատ, մոտ մարդիկ: Որովհետև նրանք չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ճիշտ այնպես, ինչպես ամբողջ հասարակությունը: Նրանք տեղեկատվություն չունեն: Նրանք կարծում են, թե դա քմահաճույք է, արտասովոր, տարբեր երևալու ցանկություն…»

008

Սամադն ասում է, որ երբեմն որոշ լրատվամիջոցներ հանուն վարկանիշի գրում են ԼԳԲՏԻ-ի մասին անընդունելի լեզվով: Սակայն, չնայած դրան, նույնիսկ նման տեղեկատվությունը, հոդվածները ասես սովորեցնում են հասարակությանը, որ նման մարդիկ կան, և որ դա բնականոն է: «Ծիծաղելի է, երկրում իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք ուրախանալ նույնիսկ հոմոֆոբ հոդվածներով…»

Իհարկե, երկրում գոյություն ունի նաև կրոնական գործոնը: Չէ՞ որ, ըստ վիճակագրության, ադբեջանական բնակչության 96%-ը մահմեդական է: Ինչպես նշում է աստվածաբան Նիյամ Ագիլը, նույնասեռականությունը իսլամում արգելք է (հարամ): Նման որոշման հիմքը Լութայի ժողովրդի մասին Ղուրանի ասքն է: Որոշ իսլամական երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան և այլն) մինչ օրս ընդունված են ԼԳԲՏԻ ներկայացուցիչների համար մահապատժի մասին օրենքներ:

Ադրբեջանի օրենսդրությամբ թույլատրվում են միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնությունները: Փաստաբան Ֆարիզ Նամազլին ասում է, որ օրենսդրության մեջ հետաքրքիր կետ կա. «Օրենքով յուրաքանչյուր քաղաքացի կարող է երեխա որդեգրել: Նրա սեռային պատկանելությունը չի կարող տվյալ հարցում վճռորոշ գործոն լինել: Սակայն օրենքն արգելում է որդեգրման ակտում գրանցել երկու նույն սեռի պատկանող անձանց որպես ծնողների: Այսինքն` ծնողները պետք է լինեն հակառակ սեռի: Սա նշանակում է, որ ԼԳԲՏԻ ներկայացուցիչը կարող է երեխային որդեգրել մենակ, բայց ոչ զուգընկերոջ հետ…», – պարզաբանում է փաստաբանը:

Ֆարիզ Նամազլի

010

Անհասկանալի է նաև օրենքը ԼԳԲՏԻ թեքումով կազմակերպությունների գրանցման մասին: Թեև օրենքում որևէ սահմանափակում չկա, իրականում Ադրբեջանում գոյություն ունեցող երեք ԼԳԲՏԻ կազմակերպություններից և ոչ մեկին հաշվառման չեն վերցնում:

«ԼԳԲՏ Ադրբեջան-Նեֆես դաշինք» ՈԿԿ նախագահ Ջավիդ Նաբիևը, որը մի քանի տարի առաջ հեռացել է երկրից, ասում է, որ պետությունը գրանցել է միայն մեկ ԼԳԲՏ կազմակերպություն` «Գենդեր և առաջընթաց»: Այս կազմակերպությունը կարծես պետության «հովանու» ներքո է: Իրենց գործունեությունը գրանցել փորձող մյուս կազմակերպությունների դիմումները համապատասխան մարմինները մերժում և անտեսում են:

«Մենք երկու անգամ հայտ ենք ներկայացրել: Ամիսներով զանգել ենք: Նրանք կամ մեզ ընդհանրապես չեն պատասխանել, կամ էլ անպարկեշտ կատակներ են արել, թե «դու մյուս հիմնադիրների հետ ո՞նց ես ծանոթացել»: Արդյունքում` ոչ մի գրանցում: Ահա թե ինչու գոյություն ունեցող սակավաթիվ ԼԳԲՏԻ կազմակերպությունները «ապօրինի» գործունեություն են վարում, ինչը զրկում է նրանց շատ բաներից, այդ թվում նաև` օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսական աջակցությունից», – ասում է Նաբիևը:

Հասարակության բացասական վերաբերմունքը ապաբարոյականացնում է ԼԳԲՏԻ ներկայացուցիչներին իրենց իրավունքների համար պայքարում: Աջակցություն գրեթե չկա, իսկ բացահայտ գործելու դեպքում մարդը սպառնալիքի տակ է դնում աշխատանքը, կյանքը և ապագան: Սամադ Իսմայիլզադեն ասում է, որ իրենց ամսագրի խմբագրությունում բազմաթիվ պատմություններ են ստացվում, որոնցից նրանք եզրակացնում են, թե ինչ է նշանակում ԼԳԲՏԻ ներկայացուցիչ լինել երկրում.

«ԼԳԲՏԻ-ների համար սա խիստ անբարենպաստ երկիր է: Նրանք կարող են տարիներով, իրենց թաքցնելով, լավ, ճոխ կամ պարզապես հանգիստ ապրել: Բայց նրանք չեն կարող երջանիկ լինել: Անհնար է երջանիկ ապրել, երբ կողքից այդքան ատելություն կա…»

ԼԳԲՏԻ ներկայացուցիչների աշխատանքի տեղավորման հարցում Սամադ Իսմայիլզադեի և Թելման Բադալովի կարծիքները տարբերվում են: Սամադ Իսմայիլզադեն ասում է, որ իրենց ուղարկված բազմաթիվ նամակներից ինքն իմացել է, որ ԼԳԲՏԻ անձինք սահմանափակվում են գեղեցկության սրահներում, սեքս-ծառայությունների ոլորտում աշխատանքներով և, լավագույն դեպքում, իրենց չբացահայտելով, արվեստի, երաժշտության, կինոյի ոլորտում. «Սրանք ԼԳԲՏԻ-ների համար «ամենամեղմ» ոլորտներն են: Այս ոլորտներում մասկուլանիզմը չի գերիշխում…»

Մինչդեռ Թելման Բադալովը պնդում է, որ եթե ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչը իրեն սադրիչ, արտառոց չպահի, ապա հեշտորեն աշխատանք կգտնի. «Մարդկանց շրջանում ԼԳԲՏ որոշ ներկայացուցիչների վարքագիծը զայրացնում է ոչ միայն ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց, այլև ինձ, չնայած ես ինքս գեյ եմ: Պետք է հաշվի առնել հասարակության ֆոբիան, փորձել նրանց ցույց տալ հաջողված օրինակներ, որպեսզի նրանք տեսնեն, որ ԼԳԲՏ ներկայացուցիչը նույնպես բարեկիրթ, կարգին, օրինավոր մարդ է` օժտված արժանապատվության, պատասխանատվության զգացումով… Այդ դեպքում աշխատանք գտնելն էլ հեշտ կլինի, լավ վերաբերմունքի արժանանալն էլ դժվար չի լինի…»

Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի արգելված թեմաները» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական հասարակության Պրահայի կենտրոնի աջակցությամբ:

Հեղինակներ

Ադրբեջան` Գյունել Մովլուդ

Հայաստան` Գայանե Մկրտչյան

Վրաստան` Էդիտա Բադասյան

Գլխավոր նկարը՝ Լեյլա Ալի

աղբյուր՝ Meydan.tv