Դեկտեմբերի 8-ին քանդակագործ Հարութ Կարապետյանին զանգով կանչել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ընկերականով խոսելու։ Վերջինս հրաժարվել է՝ պնդելով, որ կհանդիպի ԱԱԾ-ի աշխատակիցների հետ, եթե ստանա համապատասխան ծանուցում։ ԱԱԾ-ի աշխատակիցը փորձել է համոզել քանդակագործին, սակայն երբ վերջինս կրկին մերժել է, սպառնացել է նրան։ Lragir.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ քանդակագործը պատմել է իր և ԱԱԾ աշխատակցի հեռախոսազրույցի մասին։
«Ասում ա՝ արի ընկերական մի քիչ խոսանք, ես էլ ասում եմ՝ դու ԱԱԾ-ից ես, ես էլ հասարակ քաղաքացի եմ, ո՞նց կարանք իրար հետ ընկերական խոսանք։ Դուք՝ ներսում աշխատողներով, ընկերական չեք խոսում, ուր մնաց ես խոսեմ ընկերական», -պատմել է Կարապետյանը։
Վերջինս ԱԱԾ աշխատակցին առաջարկել է ծանուցում ուղարկել իրեն, որտեղ նշված կլինի, թե ինչ կարգավիճակով է ինքը պետք է ներկայանա ԱԱԾ։
«Էլի սկսեց, բա մենք ուզում ենք մարդկային հետդ խոսենք։ Ես էլ ասում եմ՝ չէ էլի, մարդկային, ընկերական․ ԱԱԾ-ն էն կառույցը չի որտեղ կարելի ա այդ ձևաչափով շփվել։ Հետո ասաց՝ ես գամ ձեր գյուղի գյուղապետարան, դու արի էնտեղ խոսենք», – Կարապետյանն այս առաջարկը նույնպես մերժել է, որից հետո ԱԱԾ աշխատակիցը հարցրել է, թե ինչ մանագիտություն ունի նա։
«Երբ ասացի՝ քանդակագործ եմ, ասաց, բա ինչ լավ ա, արի քանդակից կխոսենք: Արդեն ծիծաղելու է։ ԱԱԾ-ն` արվեստի՞ց, էտի լուրջ չի։ Որ տեսավ չի լինում, մես պնդում եմ՝ ինձ փաստաթուղթ ուղարկի, սկսեց արդեն ուրիշ ձև։ Ասում ա՝ արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, քեզ ասում են՝ ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում», – պատմել է քանդակագործը։
Նա ԱԱԾ աշխատակցին ասել է, որ իր հետ պարտավոր են խոսել հարգանքով և անուն ազգանունով դիմել։
Նշենք, որ երեկ ԱԱԾ էր հրավիրվել նաև երաժիշտ Վահան Արծրունին։ Նրան հարցեր էին տվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին: