Home / Դատարան / Դատախազությունը լրագրողին բերման ենթարկելու առնչությամբ անգործություն է դրսևորել

Դատախազությունը լրագրողին բերման ենթարկելու առնչությամբ անգործություն է դրսևորել

Հատուկ քննչական ծառայությունն ամռանը հրաժարվել էր քրեական գործ հարուցել ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանի աշխատանքը խոչընդոտելու մասին հաղորդման հիման վրա։ Մազմանյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այս առթիվ դիմել է դատարան՝ վիճարկելով ՀՔԾ և Դատախազության անգործությունը և հաղթել է դատարանում։

Մազմանյանը հունիսի 25-ին՝ Հռոմի Պապի Հայաստան այցի օրը, ցանկացել է լուսաբանել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության բողոքի ակցիան։ Ճանապարհին՝ Սայաթ֊Նովա պողոտայում, նրան կանգնեցրել է քաղաքացիական հագուստով երկու անձ, ներկայացել որպես ոստիկան և տարել նրան ոստիկանության բաժին։

«Համազգեստով չեն եղել, չեն ունեցել բերման ենթարկելու մասին որոշում։ Տիգրանն ասել է, որ լրագրող է, ցույց է տվել իր վկայականը։ Երեք ժամ պահել են բաժնում, բաց են թողել»,֊ ասել է փաստաբանը։

Իր լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ դեպքի առթիվ լրագրողը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն։

«ՀՔԾ֊ն մեր հաղորդումն ուղարկել է Ներքին անվտանգության վարչություն, որը ոստիկանական կարգապահական մարմին է։ ՀՔԾ֊ն պարտավոր էր ընթացք տալ, կամ քրեական գործ հարուցել կամ կարճել։ ՀՔԾ֊ի և Դատախազության անգործությունն էինք բողոքարկել դատարանում, և դատարանը բավարարեց»,֊ ասել է Ղարագյոզյանը։

Այժմ այդ մարմինները պարտավոր են ընթացք տալ Մազմանյանի գործին։