Home / Շուկա / Ղարաբաղյան խնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան. ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան խնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան. ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան։ Այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն։ Որպես իմ հետագա խոսքի նախաբան թույլ տվեք ընդգծել, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց»,- ասել է նա:

Իր ելույթում դեսպանը բարձր է գնահատել այն փաստը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն:

«Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն: Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Չեմ ուզում ասել, որ այդ մասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին», – ասել է ԱՄՆ դեսպանը:

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար Միլսը կառավարությանն առաջարկել է ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունը՝ որպես անկախ կառույց: Նա նաև առաջարկել է կառավարությանը քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հարցը՝ «մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն»: