Home / Բանակ / Սևազգեստ մայրերն ուզում էին նախարարին հանդիպել․ ոստիկանը թքել և վիրավորել է նրանց

Սևազգեստ մայրերն ուզում էին նախարարին հանդիպել․ ոստիկանը թքել և վիրավորել է նրանց

Այսօր Ոստիկանության աշխատակիցները փորձել են Կառավարության շենքի ետնամուտքի մոտից ուժով հեռացնել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերին։ Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանը պնդում է, որ այդ ընթացքում ոստիկաններից մեկը հարվածել է, թքել իր վրա և անվանել «բոմժ» ու «համբալ»։ Ակցիայի ընթացքում, որի նպատակն էր հանդիպել կառավարության նիստին ժամանած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնության մեքենա է կանչվել։

Ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողներն այսօր հավաքվել են Կառավարության ետնամուտքի մոտ՝ ցանկանալով կանգնեցնել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան՝ ընդունելության համար պայմանավորվելու նպատակով։ Զինվորների ծնողներն ամիսներ առաջ նամակով մեկ անգամ արդեն դիմել էին նորանշանակ նախարարին, սակայն նա ուղղորդել էր դիմել դատախազություն՝ պատճառաբանելով, որ մահացած զինվորների գործերն արդեն ՊՆ-ին չեն վերաբերվում։

2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ մինչև լրագրողների գալը, երբ ինքը կանգնած է եղել Կառավարության ետնամուտքի դարպասներին հարող մայթին, ոստիկանները նրան ստիպել են մեկ քայլ կողք գնալ, այն դեպքում, երբ ինքը չի խանգարել երթևեկությանը։ Ապա նրան մոտեցել են մի քանի ոստիկաններ, և նրանցից մեկը, ով չի ներկայացել, հարվածելով, թքելով իր երեսին, ուժով իրեն քարշ է տվել մոտեցող ոստիկանական մեքենային՝ սպառնալով, որ բաժին կտանի։

Միայն ավելի բարձրաստիճան ոստիկանի հորդորից հետո Նանա Մուրադյանին բաց են թողել։ Դեպքից հետո, Նանա Մուրադյանի խոսքով, իրեն վիրավորող ոստիկանին «տարել են և թաքցրել»։ Նա նշել է, որ ոստիկանն իրեն նաև «բոմժ» և «համբալ» է անվանել։

Երբ Epress.am-ի լրագրողը դեպքի վայր է հասել, ոստիկանները շարունակում էին մայրերից պահանջել հեռանալ տարածքից։ Ոստիկաններին ուղղված լրագրողի հարցին, թե ինչու են նրանք քաշքշել ծնողներին և ինչու են փորձել բաժին տանել, նրանք կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են, որ նման բան տեղի չի ունցել։ Ոստիկաններից մեկն էլ հայտարարել է․ «Չէին տանում [ոստիկանության բաժին], եթե տանելու լինեին՝ կտանեին»։

Մահացած զինվորների ծնողները պահանջել են ցույց տալ Կառավարության շենքի մուտքը հսկող տեսախցիկի նկարահանածը, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները իրենց քարշ տվել։ Սակայն ոստիկանները պատասխանել են, որ իրենք չեն կարող ասել, թե ում է պետք դիմել այդ հարցով։

Այդ ընթացքում Կառավարության շենքի ետնամուտքով անցել է Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան. ծնողները գոռացել են՝ «կանգնե՛լ, կանգնե՛լ», բայց մեքենան արագ հեռացել է։

Ավելի ուշ մահացած զինվորների ծնողներին է մոտեցել մի չինովնիկ, ներկայացել, որպես ՊՆ անվտանգության պետ, վերցրել է ծնողների համարները և խոստացել երկու օրից զանգահարել նրանց։