Home / Բանակ / Մարտի 8-ը Երևանում՝ անկազմակերպ և ինքնաբուխ

Մարտի 8-ը Երևանում՝ անկազմակերպ և ինքնաբուխ

Մարտի 8, Երևան, Անկազմակերպ, ինքնաբուխ երթ

Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հիշեցրին 2016 թվականի մայիսին քաղաքագետ, իրավապաշտպան Արմինե Առաքելյանի նկատմամբ բռնության և խոշտանգման մասին։

«Անտարբեր չլինե՛նք իրար նկատմամբ, կանա՛յք, լինենք սոլիդար, զորակցե՛նք միմյանց, ուժ տանք, որ չփոշիացնեն մեզ տարատեսակ գաղութներում»։

Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ

«Հայ կինը պետք է տղա ունենա, պետք է ունենա ամուսին, պետք է ընտանիքի մասին հոգ տանի, ճրագը՝ վառ, թոնիրը՝ տաք։

Ու ստացվում է, որ մենք կամ նախապատրաստվում ենք ընտանիք ունենալուն, կամ ընտանիքի հոգսն ենք տանում, կամ տառապում ենք, եթե չունենք կամ կորցրել ենք։ Այլապես մենք չբեր ենք, դուրսընկած ենք, տանը մնացած ենք։ Հայ կնոջ իդեալ՝ մայր Հայաստան:

Ընտանիքը պետք է պետությանը, դրա համար և կառավարությունը, և իրենց ընդդիմություն անվանողները ազգային են։

Մեր պայքարը հնարավորություն է, ձեր ազգայնականությունը՝ մեկնընդմիշտ ոչինչ»։

Հատված հնդիկ գրող, ակտիվիստ Արհունդատի Ռոյի ելույթից.

«Ազգայնականությունը (նացիոնալիզմ) իր այս կամ այն տարբերակով 20-րդ դարի ցեղասպանությունների մեծ մասի պատճառն էր: Դրոշները գունավոր գործվածքի կտորներ են, որոնք կառավարություններն օգտագործում են նախ մարդկանց ուղեղները պինդ փաթաթելու համար, իսկ հետո որպես ծիսական կտորներ՝ մեռածներին թաղելու համար»:

Մարտի 8 և ռազմականացում

«Ռազմականացումը քայլ առ քայլ արվող գործընթաց է, որի ընթացքում մարդիկ աստիճանաբար դառնում են զինված ուժերի կողմից կառավարվող և իրենց միակ հույսն ու ապավենը տեսնում են ռազմական ինստիուտների փաստացի կամ խորհրդանշական գործողություններում»:

ՎՏԲ և Հայբիզնես բանկերի շենքերի դիմաց

«Բանկերը համաշխարհային մակարդակով և Հայաստանում նույնպես անհաղթահարելի պարտքի ու վարկերի տակ են պահում մարդկանց, զրկելով նրանց ոչ միայն գույքից ու ապրուստից, այլև պահելով նրանց անազատության մեջ։ ՎՏԲ բանկի ամենաարատավոր գործողությունը Հայաստանում Թեղուտի հանքի շահագործման համար ֆինանսավորում ապահովելն էր, ինչպես որ հիմա էլ Ամերիաբանկն է ձգտում ֆինանսավորել մեկ այլ աղետ Հայաստանում՝ Ամուլսարի հանքը։

… Հանքարդյունաբերությունն ընդհանուր առմամբ ավելի բացասական սոցիալական հետևանքներ է ունենում կանանց վրա, քան տղամարդկանց։ Բացահանքերում հիմնականում աշխատում են տղամարդիկ, իսկ կանայք, ովքեր նախկինում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, անտառային բարիքների հավաքչությամբ ու վաճառքով, տարատեսակ այլ տնտեսություններով, փաստացի զրկվում են իրենց հիմնական աշխատատեղից՝ հողից, դրա պտուղների վերամշակումից և դառնում են բացարձակ գործազուրկ, մինչդեռ համայնքներում ապրող տղամարդիկ կարողանում են կարճաժամկետ աշխատանք ունենալ հանքերում։ Ստացվում է, որ կանայք հայտնվում են հանքերից ու իրենց ամուսիններից կախվածության մեջ, ընկնում են ծայրահեղ աղքատության մեջ, հարկադրված են լինում մտնել հանքերին սպասարկող ծառայությունների, այդ թվում նաև սեռական ծառայությունների մեջ։ Հանքերն ու բանկերը ավիրո՛ւմ են մեզ»։

Ոստիկանության մասին

«Տասնյակ հազարավոր կանայք ենթարկվելով բռնության` հարյուրավորներն են դիմում Ոստիկանություն, իսկ արձագանք ստանում…«Այ ընկերուհի ջան, դու, քո մարդը, գնա տուն, լեզու գտեք… մենք ի՞նչ անենք»»։

Մանթաշևի արձանի մոտ

(Ըստ Լենա Նազարյանի «բարեգործություն» հոդվածի)

«Այս հուշարձանը մարմնավորում է հարստություն, շքեղություն և շռայլություն: Ձեռքի հետ, այն նաև մարմնավորում է հարուստ, շքեղ ու շռայլ ապրողի «բարեգործ» նվիրաբերությունը։

Հարուստ բուրժուայի, թե մերօրյա օլիգարխի արձանը, որոնց տարատեսակ գործունեության զոհերն ենք մենք, հիշենք՝ գագիկ ծառուկյանի մենաշնորհները, բազմաթիվ հանքերը, թե ռուբեն վարդանյանի՝ կրթության էլիտարացումը, Ամուլսարի հանքը, այս արձանները խթանում են սպառողականությունը…»։

Կաթողիկոսի երևանյան նստավայրի մոտ

«Թու՛յլ չենք տա եկեղեցուն խառնվել կանանց գործերին»։

2012 թվականին ազգայնականների կողմից պայթեցված DIY փաբի մոտ

«Պարզ է, որ Հայաստանում այս և նմանատիպ հանցագործություններն ունեն կոնկրետ քաղաքական ուղղորդում: ՀՀ իշխանությունները ձախողել են իրականացնել իրենց պարտավորությունները՝ կանխարգելելու նման հարձակումները, ինչպես նաև հետաքննել և դատապարտել ատելության հիմքով հանցագործությունները, որն իրականացվել էր ընդդեմ DIY փաբի սեփականատիրոջ:

Հիշեցում, ՀՀ Սահմանադրությամբ, նույնիսկ այժմ ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»»։