Երեկ նախընտրական քարոզարշավի նպատակով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այդպես էլ չի ծանոթացել արդեն 2 տարի մթերած խաղողի դիմաց գումար պահանջող խաղողագործների խնդրին։
Epress.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի խաղողագործներից Գևորգ Հարությունյանը այսօր պատմել է, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ սպասում էին վարչապետի այցին, որ իրենց մթերած խաղողի դիմաց չվճարված գումարների խնդիրը ներկայացնեն։
Կարեն Կարապետյանը, սակայն, ելույթ է ունեցել և առանց գյուղացիների խնդիրները լսելու հեռացել է։
Հարությունյանը, ում խաղողը մթերած «Վինար» գործարանը 1 միլիոն 705 հազար դրամ պարտքից ոչ մի դրամ չի վճարել, նշել է, որ քարոզարշավի ժամանակ իրեն միայն հաջողվել է խոսել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, որը խոստացել է ծանոթանալ խնդրին և օգնել։
«Երեկվա քարոզարշավի ժամանակ ցույց տվեցի իմ մոտ եղած բոլոր թղթերը, ծանոթացրի խնդրին ու ասացի, որ, ի տարբերություն մյուս խաղողագործների, որոնք որոշ չափով գումարներ ստացել են՝ թեկուզ ոչ ամբողջական, ես իմ հանձնած 22 տոննայի դիմաց ոչ մի կոպեկ չեմ ստացել։ Ամիրյանն էլ ասաց, որ բոլոր փաստաթղթերն այսօր բերեմ և հանձնեմ իրեն, որ ծանոթանա ու օգնի մեզ։ Սա միայն իմ հարցը չէ, այլ 4 գյուղի խնդիր է»,- ասել է խաղողագործը։
Հարությունյանն այսօր Կառավարության մոտ հանդիպել է Ամիրյանին և հանձնել փաստաթղթերը, իսկ վերջինս վստահեցրել է, որ խաղողագործի դիմումը կփոխանցի վարչապետին և կաջակցի, որ խաղողագործների խնդիրը լուծվի մինչև ընտրությունները։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը «Վինար» գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին մի քանի անգամ խոստացել էր, որ գործարանը պատրաստվում է վաճառել սպիրտը, ինչից հետո կմարվեն խաղողագործների բոլոր պարտքերը։ Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազություն և դատի էր տվել «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։
Նախարարը տեղեկացրել էր, որ «Վինարի» 16,5 մլն դրամի սպիրտը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը և մարզպետից արդեն ստացվել են գյուղացիների ցուցակներն ու հաշվեհամարները և այդ գումարն առաջիկայում կփոխանցվի պարտատերերին, սակայն մարվել էր պարտքի միայն չնչին մասը։
Գյուղացիները մարտին հանդիպել էին նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեղեկացված չի եղել խաղողագործների խնդրի մանրամասներին։ Նա առաջարկել էր պարտքը մարել կոնյակի հումքով, որը գյուղացիների խոսքով ծիծաղելի է, որովհետև կոնյակի հումքով չեն կարող մարել բանկերի վարկերը։