Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով 2012-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց 5 տարի անց ազատ արձակվել, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ԴԱՀԿ ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ 2015 թվականի նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը և դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը։
«Այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,֊ ասված է ԴԱՀԿ պատասխանում։
Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել սեպտեմբերի 28-ին նախագահի կողմից ներում ստանալուց հետո։
«Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի։ Ստացվում է, որ Վազգեն Խաչիկյանը, ունենալով իրավաբանական կրթություն և զգալով իր գլխին սև ամպերի կուտակումը, մինչ գործի իրավաբական լուրջ ընթացքը, կամաց֊կամաց սկսել է իր ունեցվածքը օտարել, գրանցել է այլ մարդկանց անուններով։ Ու երբ գործը մտել է դատաքննության փուլ, Վազգեն Խաչիկյանի անունով այլևս որևէ գույք չի եղել», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում