Մի խումբ քաղաքացիներ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ նշել են իրենց պայքարի հետագա օրակարգը։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, ս.թ․ ապրիլի 10-ին հրապարակել ենք մեր քաղաքական օրակարգի ընդհանուր գծերը, որոնք օրակարգային դարձնելու հարցին արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՔՊԿ վարչության անդամներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ֆորմատով քննարկումներից, ինչպես նաև նրանց հրապարակային ելույթներից ելնելով, արձանագրում ենք, որ բարձրացված խնդիրների մասին մտահոգություններն ու մոտեցումները նույնական են, մոտ են նաև լուծումների մասին պատկերացումները։ Հարկ է նշել, որ քննարկումից դուրս են մնացել դատական համակարգի անկախացման և ուղիղ ժողովրդավարության էլեմենտների մշակման և ներդրման հարցերը։
Արձանագրում ենք նաև, որ այդ քաղաքական օրակարգի իրագործմանն ուղղված առաջին քայլը մեր ողջ ժողովրդի համառ ջանքերի շնորհիվ հաջողել է՝ հրաժարական է տվել կառավարման համակարգը բռնազավթած վարչախմբի ղեկավարը։ Ինչպես և «Քայլ արա» նախաձեռնությունը, մենք ևս համարում ենք, որ ներկայումս համաժողովրդական պայքարի առաջնահերթ խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության դե-ֆակտո չեզոքացումը մեր քաղաքական կյանքից։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, որպես ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթ, շարունակում ենք դիտարկել.
– Ընտրական նոր օրենգրքի մշակում և հաստատում, որը արդյունքների հարցում որևէ մեկի մոտ կասկած չհարուցող մեխանիզմներ կներառի,
– Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն, թե որ քաղաքական միավորներին ենք համաձայն անվանել կուսակցություններ,
– Կապիտալի դիկտատից պետական համակարգի ազատման մասին նոր օրենքի ընդունում, որը մի կողմից կսահմանի պետությանը հասցված վնասների փոխհատուցման պայմանով տնտեսական համաներում և մյուս կողմից այսուհետ կբացառի բիզնես ոլորտի ներկայացուցիչների մուտքը պետական կառավարման համակարգ։ Անհրաժեշտ ենք համարում պատեհ պահին մեր գործընկերների հետ քննարկել դուրս մնացած կարևոր կետերը ևս, ինչպես նաև արդեն իսկ քննարկված կետերի իրականացման մեխանիզմները։
Սույնով վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը այս օրակարգի իրագործմանն, ինչպես նաև հայտնում ենք ոգևորությունը վերջին օրերին հանրության ինքնակազմակերպման դրսևորումներից և քաղաքացիական գիտակցության զարթոնքից։ Լիահույս ենք, որ կուտակված մեծ ներուժը հանրության մեջ այնպիսի պայմանադրության կհանգեցնի, որ անհնար կդարձնի վերադարձը հանրային հարաբերությունների հին ձևերին։
Կարպիս Փաշոյան, լրագրող
Վահե Գևորգյան, լուսանկարիչ
Գարեգին Միսկարյան, ձեռներեց
Վահագն Մինասյան, ինժեներ
Միքայել Նահապետյան, ուսանող
Սարո Սարոյան, պատմաբան
Անտոն Իվչենկո, քաղաքացիական ակտիվիստ
Դավիթ Պետրոսյան, ուսանող
Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Արամ Թարվերդյան, բանաստեղծ
Սևակ Մամյան, ծրագրերի համակարգող
Հայտարարությունը բաց է միանալու համար