«Սասնա ծռեր» խմբի աջակիցները երեկվանից շարունակում են երկկողմանի փակ պահել Արշակունյաց պողոտան։ Այն բանից հետո, երբ երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարվել է փոխել խմբի անդամների խափանման միջոցը, նրանց աջակիցները վրաններ են խփել դատարանի առջև և մեքենաներով փակել Արշակունյացը։ Մոտ երեք տասնյակ մարդ գիշերել է փողոցում խփած վրաններում։ Վրանների կողքին բողոքողները պաստառ են փակցրել, որի վրա գրված է․ «Ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա ծռերին»»։
Մեր թղթակցի հետ զրույցում գիշերը պողոտայում մնացած մադրիկ պատմել են տեղի ունեցած միջադեպի մասին։ Mercedes մակնիշի մի մեքենա արագությամբ մոտեցել է ճանապարհը փակած երկու մեքենաներին, փորձել է շրջանցել, բայց, բավարար տեղ չլինելու պատճառով, հարվածել է նրանց։ Այդ պահին մեքենայի անիվը պայթել է. Mercedes֊ն իներցիայով շարժվել է մի քանի մետր և կանգնել անմիջապես վրանների մոտ։ Ականատեսները պատմում են, որ տեղում գտնվող ոստիկանները ստուգելուց հետո հայտնել են, որ վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է սահմանված չափը։ Մեքենան ավտոքարշակով հեռացվել է։ Դեպքը քննարկող մարդիկ նշում էին, որ անիվը չպայթելու դեպքում վթարը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի մոտ 3 տասնյակ անդամներ գրավել էին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Երկու շաբաթ գնդի տարածքը պահելուց հետո նրանք վայր էին դրել զենքերը։