ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրերս lragir.am կայքում հարցազրույց էր հրապարակվել Հայաստանի բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հաղորդվում գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին:
Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել են թույլատրելի սահմանային արտահոսքերի արժեքները հաշվարկելու նպատակով օգտվել «Տաթ Հոլդինգ» ՍՊԸ-ի ծառայություններից։ Այդ ընկերությունը ծառայության ավելի բարձր արժեք է պահանջում, փաստացի պատկանում է Վահան Դավթյանին և հիմնադրվել է նրա մոր՝ Անուշ Սահրադյանի անվամբ։
Հրապարակման առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Լուսինե Թասլակյանն իր տված բացատրությամբ պնդել է հարցազրույցում նշված տեղեկությունները՝ հայտնելով, որ գործակալության պետ Վահան Դավթյանը հիմնել է «Տաթ-Հոլդինգը» 2017թ. հուլիսին: «Հաշվարկն ավելի մատչելի գներով այլ ընկերության պատվիրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ջրօգտագործման տրամադրման գործընթացն անհարկի ձգձգվել է, նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել կամ ընդհանրապես չի տրվել ջրօգտագործման թույլտվություն։
Նշվել է նաև, որ 2017 թ. նորաստեղծ «Տաթ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 50 միլիոն դրամի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություններ է մատուցել «Վիոլա ջուր» ընկերությանն այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում նման հաշվարկը հնարավոր է պատվիրել շատ ավելի ցածր արժեքով:
Այս առիթով Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներն առերևույթ վկայում են բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բնականոն գործունեությունը խաթարելու, պետական իշխանության մարմնին հեղինակազրկելու հանցագործության հատկանիշների առկայության մասին», – ասված է հաղորդագրության մեջ։
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: