Home / Ազգային ժողով / Եկեղեցին զրկեց Վրաստանին տարեկան 1 միլիարդ վաստակելուց

Եկեղեցին զրկեց Վրաստանին տարեկան 1 միլիարդ վաստակելուց

Մարիխուանայի աճեցմանը վերաբերող օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հանդիպել են համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին։ Այս մասին գրում է jam-news.net


Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։

Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գիորգի Կոբախիձեն, հոգևորականների և հասարակության դիրքորոշումից բացի հաշվի է առնվել նաև նախագահի իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը, որը նույնպես դեմ է այս նախագծին։

«Մեր կուսակցության ներսում ի սկզբանե տարբեր դիրքորոշումներ կային։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ցանկացած որոշում կայացվելու է լայն խորհրդատվությունների հիման վրա և համաձայնեցվելու է եկեղեցու հետ։ Այդ խոստումը մենք կատարել ենք։ Սալոմե Զուրաբիշվիլին սկզբունքային դիրքորոշում է արձանագրել, որ, ելնելով հասարակության տրամադրություններից, աննպատակահարմար կլիներ հետաձգել որոշման ընդունումը։ Հետևաբար, մենք այդ որոշումը հիմա ենք կայացրել և հետ ենք կանչել նախագիծը», – ասել է Կոբախիձեն։


Խորհրդարանի խոսնակն ու ՆԳ նախարարը Վրաստանի պատրիարքի հետ հանդիպմանը։

Սեպտեմբերի 11-ին Վրաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ էր hանդես եկել, որի համաձայն՝ Վրաստանում թույլատրվում է մարիխուանա աճեցնել հետագայում բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար։ Նախագիծը մշակվել է ներքին գործերի նախարարության հետ։ Օրինագծում նշում էր, որ Վրաստանում մարիխուանան աճեցվելու է միայն բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար։

Դրան հետևեց Վրաց ուղղափառ եկեղեցու և հասարակության մի մասի դժգոհությունը։ Հոկտեմբերին փաստաթղթի քննարկումը կասեցվել էր, բայց հետ չէր կանչվել։ Այն ժամանակ Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանում օրինագծի քննարկմանը կվերադառնան ընտրություններից հետո։

Վերջերս իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստովանել է, որ անձամբ է մասնակցել Վրաստանում բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելու գաղափարի մշակմանը։ Նրա խոսքով՝ մարիխուանայի արտահանումը Վրաստանին հնարավորություն կտար տարեկան մեկ միլիարդ դոլար վաստակել (Վրաստանի ՀՆԱ գրեթե 6%-ը):