Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման: Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
«Նախագծի համաձայն՝ ի թիվս այլ ծառայություն մատուցողների, իրավաբանները դուրս կգան շրջանառության հարկի համակարգից և կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ: Արդյունքում, վտանգվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված՝ արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:
Փաստաբանի գործունեությունը, բնույթով լինելով իրավապաշտպան գործունեություն, հանրային նշանակություն ունի և չի կարող դիտարկվել բացառապես ձեռնարկատիրության տեսանկյունից: Ուստի, նախևառաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավաբանի ծառայությունների մատչելիության ապահովման համար:
Հաշվի առնելով այն, որ նախագիծը վերաբերում է նաև ծառայությունների այլ տեսակներին՝ նման փոփոխությունները բացասաբար կազդեն նաև գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանմանը», – ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: