Home / Շուկա / Հարկերի նվազեցումից կշահի հարուստ փոքրամասնությունը․ ակցիա և հայտարարություն

Հարկերի նվազեցումից կշահի հարուստ փոքրամասնությունը․ ակցիա և հայտարարություն

Հին կադրերի ակտիվ մասնակցությամբ պատրաստված օրինագծով ՀՀ կառավարությունը պատրաստվում է եկամտահարկերի, բիզնեսի շահութահարկ+դիվիդենտի հարկերի համահարթեցմամբ խիստ նվազեցնել հարուստ խավի ուղղակի հարկերը՝ ավելիով հարստանալու հնարավորություն տալով վերջիններիս։ Բայց ու՞մ հաշվին։

Նույն օրինագծով, այդ հարկերի կտրուկ նվազեցման հետեւանքով առաջացած բյուջետային բացը առաջարկվում է փակել անուղղակի սպառողական հարկերի բարձրացումով, ինչի համար կվճարի նաեւ աղքատ մեծամասնություն ը՝ շուկայում թանկացումների տեսքով։

Առաջարկվող համահարթ հարկման մեխանիզմից, իհարկե, հատկապես կշահի հարուստ փոքրամասնությունը, էական բան չի փոխվի միջին խավի համար, իսկ աղքատ մեծամասնությունը կաղքատանա ավելի։

Առիթ չտանք հին մոտեցումների վերընձյուղմանը։
Տեր կանգնենք հեղափոխական ուղեգծին։
Ո՛չ Համահարթ Հարկմանը։

Այս տեքստով էր ուղղորդվում Կառավարության հարկերի համահարթեցման նախաձեռնության դեմ ակցիան։ Սոցցանցերում տարածվում են նաև պետական գերատեսչությունների մոտ և Երևանի այլ վայրերում արած գրաֆիտիների լուսանկարները և համապատասխան հայտարարությունը․




Հայտարարություն

Հունվարի 23-ին e-draft.am կայքում Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Առաջարկվելիք փոփոխությունների առավել ուշագրավ և լայն զանգվածների վրա ուղիղ ազդեցություն ունեցող կետերն են․

ա. եկամտահարկի տոկոսադրույքի համահարթեցումը, ինչպես նաեւ շահութարհարկի նվազեցումը, որոնք, ըստ էության, կնպաստեն սոցիալական անհավասարության սրացմանը և
բ. սպառողական (ակցիզային) հարկերի բարձրացումը, որը կհանգեցնի գնաճի։

Առաջարկվող փոփոխությունները բազմիցս քննադատվել են մասնագիտական շրջանակների և հասարակության տարբեր խմբերի կողմից։ Օրենքի նախագծի հիմնավորումները, առաջարկվող գործիքների արդյունավետությունը մնում են խիստ հարցադրելի։ Կառավարության ներկայացուցիչները՝ օրենքի նախագծի շուրջ խոսելիս, պարբերաբար հղում են կատարում առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը հիմնավորող հետազոտություններին/վերլուծություններին, որոնք մինչ օրս հասանելի չեն հանրության համար և, հետևաբար, չեն կարող դառնալ բովանդակային հանրային քննարկման առարկա։

2018թ դեկտեմբերի 11֊ին «Հետք» լրատվական կայքի կողմից կատարված հարցմանը(տրամադրել հարկային բարեփոխումների վերաբերյալ Կառավարության կողմից իրականացված (կամ իրականացումը երրորդ կողմին պատվիրած) վերլուծություններն ու հետազոտությունները) կառավարությունը պատասխանել է մերժումով։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է, որ վերլուծությունը նեղ մասնագիտական բնույթ է կրում և դրա հրապարակումը «չի նպաստի այս կարևորագույն գործընթացն ավելի մասնակցային և արդյունավետ դարձնելուն»։

Մենք պնդում ենք, որ որպես սկզբունք՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի առարկա հանդիսացող ցանկացած տեղեկատվություն պետք է տրամադրվի ըստ պահանջի՝ անկախ դրա մասնագիտական կամ ոչ մասնագիտական լինելուց։

Կառավարությունից պահանջում ենք՝

ա) տրամադրել․
– վարչապետի հանձնարարականը նախագիծը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծման մասին,
– աշխատանքային խմբի ամբողջական կազմը,
– փոփոխությունների վերաբերյալ Կառավարության կողմից իրականացված (կամ իրականացումը երրորդ կողմին պատվիրած) վերլուծություններն ու հետազոտությունները՝ անկախ դրանց մատչելի կամ նեղ մասնագիտական բովանդակությունից։

բ) Օրինագիծը վերջնականացնելուց ու ՀՀ Ազգային Ժողով ուղարկելուց առաջ կազմակերպել հանրային քննարկումներ, որոնք ուղիղ ժողովրդավարության այն մինիմալ տարրերից են, որոնց ձեւական կիրառումը անընդունելի է Հայաստանում։

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ԶԼՄ֊ներին, մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին եւ անհատներին կոչ ենք անում տեղեկություն ստանալու հարցում ուղարկել ֆինանսների նախարարություն (հարցման կաղապարը՝ ստորև Հ.Գ.ում) և հետամուտ լինել առարկայական պատասխան ստանալուն։

Շնորհակալությամբ,
Ոչ Համահարթ Հարկմանը քաղաքացիական նախաձեռնություն

Հ.Գ.
– Հարցումը կարող եք ուղարկել այս էլ. փոստի հասցեներին [email protected]; [email protected]; [email protected].
– Հարցման կաղապարը՝ այստեղ https://docs.google.com/…/1GhQeXPM2PBbGdBrZoSdHsTiTKA…/edit…