2005 թ.-ին ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. փետրվարի 25-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով և վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:
Արթուր Քոչարյանին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005թ. հոկտեմբերի 11-ին մի քանի ծառայակիցների հետ ցմահ ազատազրկման է դատապարտել: 2006թ. հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մյուսների մասով առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել և նվազեցրել է պատժաչափը, իսկ Արթուր Քոչարյանի մասով թողել է անփոփոխ:
Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման վճիռը կայացրել է մի շարք խախտումներով, իսկ վերաքննիչը, առանց ուսումնասիրելու վերաքննիչ բողոքում նշված փաստերը, անփոփոխ է թողել դատավճիռը:
Արթուր Քոչարյանը ազատազրկման է դատապարտվել մի արարքի համար, որի կատարման մեջ իր մեղավորությունը հաստատող ապացույցներ չկան: Դատարանը հիմնվել է միայն մեկ անձի ցուցմունքի վրա, որը գործով շահագրգիռ անձ է: Դատարանը հաշվի չի առել ցուցմունք տված անձի իրական մտադրությունների մասին Արթուր Քոչարյանի հայտարարությունները և չնայած պարտադիր է, որ ցուցմունքները հաստատող օբյեկտիվ տվյալներ լինեն՝ դրանք հիմք ընդունելու համար, դատարանը, առանց օբյեկտիվ տվյալների, մեղադրանքի հիմքում դրել է այդ մեկ ցուցմունքը:
Սրանով խախտվել է Արթուր Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության իրավունքը, կայացվել իրավական և փաստական հիմքերից զուրկ որոշում: Դատարանը ձեռք չի բերել մեղքը հաստատող հավաստի ապացույցներ և հիմնվել է մտացածին ու հակասական ցուցմունքի վրա:
Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերը, ուշադրություն չի դարձրել ցուցմունքներն անօրինական ճանապարհով ստանալու հանգամանքին, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների մասին հայտարարություններին, միջոցներ չի ձեռնարկել ստացված հակասական տվյալները հստակեցնելու ուղղությամբ:
Այս ամենը վկայում է դատարաննների կանխակալ վերաբերմունքի մասին, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքում ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 14-ի որոշումը և արադարացնել Արթուր Քոչարյանին:
Իսկ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած դիմումով պահանջել է կարգապահական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերած Վայոց Ձորի մարզի դատարանի դատավոր Լ. Պողոսյանին, Վերաքննիչ դատարանի դատավորներ Հ. Տեր-Ադամյանին, Ս. Ավետիսյանին, Ս. Ղազարյանին:
Ոչ Վճռաբեկ դատարանը, ոչ Բարձրագույն դատական խորհրդը դեռևս չեն արձագանքել:
Հավելենք, որ այս գործը քննած քննչական խումբն ու հսկող դատախազը հայտնի են շինծու քրեական գործեր հարուցելով. հենց նրանց ձեռքով «Մատաղիսի» հայտնի գործով ցմահ ազատազրկման դատապարտվեցին, ապա արդարացվեցին գործով անցնող 3 տղաները՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: