«ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործում է գաղտնիության սկզբունքով: Հանձնաժողովի որոշումները կարող են լինել ոչ լիարժեք պատճառաբանված»:
Այսպիսի պատասխան է տվել ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը ցմահ դատապատյալ Ա. Ի.-ին այլ ՔԿՀ տեղափոխելը մերժելու մասին որոշումը պատճառաբանված ներկայացնելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պահանջին:
Միաժամանակ տեղեկացրել է, որ Ա. Ի.-ին 4 ամիս շարունակ մերժելուց հետո ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2018թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Մինչ այդ պատճառաբանում էին, թե Ա. Ի.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի որշ դատապարտյալների հետ թշնամական հարաբերություններ ունի, և անվտանգության խնդիր կա, մինչդեռ կինը հակառակն էր պնդում:
Իրավապաշտպանական կազմակերպությունը հիշեցնում է, որ 2018թ. օգոստոսի 7-ին հերթական մերժումն ստանալուց հետո դատապարտյալի կինը դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը կնոջ ահազանգի հիման վրա դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով հստակեցնել, թե կոնկրետ որ դատապարտյալների հետ և ինչպիսի խնդիրներ ունի Ա. Ի-ն և որոնք են այդ թշնամական հարաբերությունների պատճառները:
Նախարարին ուղղված գրությամբ շեշտել էինք նաև, որ եթե անգամ առկա են թշնամական հարաբերություններ ու դրանից բխող անվտանգության խնդիրներ, ապա յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ունի համապատասխան միջոցներ, մարդկային և նյութական ռեսուրսներ՝ պատշաճ ձևով դատապարտյալի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից 2018թ. սեպտեմբերի 26-ին ստացած պատասխանը, սակայն, պահանջվող տեղեկատվությունը չէր ներառում: Քրեակատարողական ծառայությունը ստանդարտ պատասխան էր տվել. «Ա. Ի.-ն լարված միջանձնային հարաբերություններ ունի մի շարք դատապարտյալների հետ, և վերջինիս անվտանգության ապահովման նկատառումներով ներկայումս հնարավոր չէ նրա տեղափոխությունը «Արթիկ» ՔԿՀ»:
Եվ միայն նույն հարցով 2-րդ գրութունից հետո դատապարտյալի տեղափոխումը կազմակերպվել է, բայց պարզ չէ՝ նախկինում վկայակոչված խնդիրները վերացել են, թե՝ ոչ: Նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալի պնդմամբ՝ դա կարող է գաղտնի մնալ: