Lragir.am-ի հարցազրույցը 2008 թվականի մարտի 1-2-ը սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
– Պարոն Քլոյան, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Ձեզ հետ։ «էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում», ասել է նա՝ ակնարկելով նաև Նիկոլ Փաշինյանին։ Պատրա՞ստ եք հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։
– Ուշադիր լսեք, ինչ եմ ասում. Լևոն Քոչարյան, նախ ես եղել եմ 2008-ի ցույցերի մասնակից, ամեն ինչ իմ աչքով եմ տեսել։ Տեսել եմ, թե ինչ է կատարվել մարտի մեկին, և որևէ մեկը չի կարող շահարկել մարտի մեկը, որովհետև որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք հասուն մարդիկ ենք, այս 11 տարվա մեջ մենք արդեն դարձել ենք հմուտ քաղաքական գործիչներ, մենք ամեն ինչ տեսել ենք և ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ մարդ է սպանել, մենք քո պապային մեղադրում ենք մի բանի մեջ. մենք ասել ենք և ասում ենք՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը հրաման չի տվել, որ չկրակեն ժողովրդի վրա։ Սա է Ռոբերտ Քոչարյանի՝ քո պապայի համար առաջին սխալը։ Երկրորդ սխալը՝ ինչու նա սահմանից զորքը բերեց Երևան։ Այդ ժամանակ ոստիկանները իրենց ավելի ամուր, ավելի դուխով զգացին, նրանց մեջքն ամրացավ, պնդվեց և ավելի վայրագորեն հարձակվեցին ժողովրդի վրա։ Դու տապալել ես սահմանադրական կարգը, և մենք դրա մեջ ենք քեզ մեղադրում։ Հիմա էլ ոչ մեկը չի ասում, որ դու անձամբ մարդ ես սպանել։
Հաջորդը, որ ուզում եմ պատասխանել Լևոն Քոչարյանին. լրագրողների հետ զրույցում նա ցավակցել է ինձ, ես պատասխանում եմ՝ տասնմեկ տարվա մեջ քո պապան մեկ անգամ զոհերի հարազատներին ցավակցե՞լ է, ասել է՝ բոլորին փոխհատուցում տվեցին, Համլետ Թադևոսյանին և մյուսներին, իսկ մեկ լումա հատկացրեցի՞ք զոհերի հարազատներին, բա նրանց երեխաները ինչպե՞ս են ապրելու։ Բացի այդ, ես այսօր ստացել եմ դատավորներից իմ իրավունքները։ Ես որպես տուժողի իրավահաջորդ, երբ սկսվի հիմնական դատական նիստը, այնտեղ իրավունք ունեմ հարցեր տալու, վկայություն տալու և այլն։ Այդ ժամանակ ես Ալումյանին հակահարված եմ հասցնելու իր սուտ խոսքի համար, որ դատավորին խաբում էր, թե ցուցարարները զինված էին և այլն, քիչ էր մնում ասեր ատոմային ռումբ էին բերել, սա լկտի սուտ է։ Եվ ինչ պետք է, ես դատական նիստի ժամանակ կասեմ։
– Դուք հավատո՞ւմ եք արդար դատաքննությանը:
– Իհարկե հավատում եմ: 800 վկա կա, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Դրանց թվում բազմաթիվ ոստիկաններ կան:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Արցախի երկու նախագահները ուրբաթ գալու են դատարան և Քոչարյանի համար երաշխավորություն տան:
– Թող գան, ոչ մի օգուտ չեն տալու, խայտառակվելու են ու գնան: Իսկ ինչո՞ւ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը 10 տարի առաջ մի անգամ չասացին՝ պարոն Քոչարյան, պետք չէ ժողովրդի վրա կրակել, իսկ հիմա ասում են՝ ազատություն Քոչարյանին: Բա մենք ի՞նչ ասենք, որ թոռնիկներս պապա բառը չգիտեն: Ես Բակո Սահակյանին ուզում եմ հարցնել՝ մի անգամ Քոչարյանին ասեցի՞ր՝ մխիթարե՞լ ես զոհերի հարազատներին: Կամ դու, Բակո Սահակյան, մխիթարե՞լ ես:
– Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը ցանկություն է հայտնում հանդիպել ձեզ հետ, կհանդիպե՞ք:
– Միայն դատարանում՝ լրագրողների ներկայությամբ: