Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Այս մասին ասված է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունում, որը վերաբերում է երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումներին։
«Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման համակարգ ձևավորելու քաղաքացիների միակ օրինակարգ ճանապարհը։ Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետևում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։
Այս իրողությունն անհնար էր կենսագործել առանց կոռուպցիոն և ուզուրպատորական այդ խմբերի կամակատար դատավորների, դատախազների, արդարադատական համակարգում գործող այլ անձանց որոշակի գործունեության։ Դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից կայացվել են որոշումներ, որոնք չեն բխել սահմանադրականության սկզբունքներից, օրենքներից, այլ սպասարկել են վարչախմբի անդամների անհատական և նրանց խմբային շահերը։ Սրա հետևանքով գրանցվել են քաղաքացիների ամենատարբեր իրավունքների համատարած խախտումներ, ունեցել ենք հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, մարդիկ ունեզրկվել են, իսկ շատ հանցագործներ՝ հայտնվել ազատության մեջ, շարունակել անարգել գործել։ Մեր գնահատականով Հայաստանից մեծ արտագաղթը մեծապես պայմանավորված էր ոչ թե ու ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններով, այլ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտով, արդարության հասնելու անհնարինությունից առաջացած հուսահատությամբ։
Այս ամենը պատճառ դարձավ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց համաձայնությունը տվեց վարչախումբը հեռացնելու, առանց արդյունքների հանդեպ կասկածի ընտրություններ կազմակերպելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու գործողություններին։ Լեգիտիմ էին և լեգիտիմ են հանրության այն ակնկալիքները, որոնք վերաբերում են առաջին հերթին հենց դատական համակարգի առողջացմանը։
Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը առաջնորդվում է հին արժեքներով և անկարող է երկրի առաջ կանգնած մարտահրավերներին նոր լուծումներ տալ։ Այն կաշկանդված է հին համակարգի հետ բազմաթիվ սոցիալական կապերով, համատեղ գործած հանցանքներով, նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով։
Ավելի քան մեկ տարի ամեն կերպ փորձել ենք քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական մղել նոր Հայաստանի իրողություններին համապատասխան լեգիտիմ Սահմանադրության, դատական համակարգի անկախացման, բիզնեսը պետական կառավարման համակարգից անջատելու, ֆորմալ քաղաքական դաշտը հստակեցնելու հարցերը։ Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը։ Հույս ունենք, որ այս օրակարգը կարճ, ողջամիտ ժամանակահատվածում ամբողջությամբ կյանքի կկոչվի և կստեղծվեն ինստիտուցիոնալ, գործուն մեխանիզմներ, որպեսզի մեր պետական հարաբերությունները կարգավորելու համար փողոց դուրս գալու իրակա՛ն անհրաժեշտություն չառաջանա։
Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության հռչակած օրակարգին, արժեքներին և սահմանադրականության սկզբունքներին։ Պատրաստ ենք այդ օրակարգը կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ մեկտեղել մեր ջանքերը», – ասված է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունում։