Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աթենքում հանդիպել է միայն ՀՅԴ անդամներին։ Հայկական ժողովրդային Շարժումը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը խստիվ դատապարտում են այդ քայլը և պահանջում ՀՀ ԱԳՆ նախարարի և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գնահատականը:
«Աթենքում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումից հետո, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլեանի ուղեկցությամբ հանդիպել են ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունիսի 17-ի երեկոյան: Վահագն Մելիքյանը և Ֆադեյ Չարչօղլեանը ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի նստավայրում շուրջ երկու ժամ բովանդակալից զրույց են ունեցել ՀՅԴ անդամների հետ:
Քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ, խոսել են Արցախի հիմնահարցի և Հայ Դատի հետապնդման աշխատանքների, միջազգային հարթակներում Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի շահերը ներկայացնելու մասին: ՀՅԴ-ի հրապարակած հայտարարության համաձայն, նրանք կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հայ համայնքում գործող ոչ մի այլ կազմակերպության կամ կուսակցության հետ հանդիպում չի ունեցել:
Դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը 2018թ․ ապրիլ-մայիսյան Համաժողովրդային շարժման օրերին հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտել է շարժմանը սատարող հայ համայնքի ներկայացուցիչներին և կազմակերպություններին` բացահայտ թշնամանք դրսևորելով: Այս ամենի մասին բազմիցս եղել են հրապարակումներ Հայաստանի և Սփյուռքի մամուլում:
Թերևս, զարմանալի չէ դեսպանի այսօրինակ վարքագիծը, նա, բնական է, հեռանալուց առաջ իր մաղձն է թափում հայ համայնքի վրա: Զարմանալի չէ նաև Հունաստանի դաշնակցականների կեցվածքը, որոնք արհամարհելով համայնքի ցանկություններն ու ձգտումները 2018 թ․-ի ապրիլ-մայիսին բացահայտ պաշտպանում էին ՀՀ նախկին կոռուպցիոն իշխանություններին:
Անհասկանալին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի պահվածքն է, որ Նոր Հայաստանի պայմաններում շարունակում է դրսևորել հին իշխանություններին հատուկ խտրական և վնասաբեր գործելաոճը` վնասելով Հայաստանին, Սփյուռքում խորացնելով առանց այդ էլ քայքայված հայ համայնքի պառակտումը», – ասված է չորս կազմակերպությունների հայտարարությունում։