Վաղը՝ հունիսի 14-ին, Բռնադատվածների հիշատակի օրն է, ինչի մասին ես իմացա երկու շաբաթ առաջ՝ Պահպանողական կուսակցության հայտարարությունից։ Կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանին ճանաչում եմ 2008-ի շարժումից։ 2009-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված հանգանակության միջոցներով հրատարակել է Լեոյի «Անցյալից» հուշագրությունը։ Գրքի խմբագրումը, առաջաբանը, ծանոթագրումները, հավելվածներն ու էջադրումը իրականացվել էին քաղաքական ընդհատակում գտնվող Միքայել Հայրապետյանի կողմից։ Հրատարակությունը նվիրված էր 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Անձամբ Միքայել Հայրապետյանի հետ ծանոթացա Միքայել Դանիելյանի հարցազրույցի շնորհիվ։ Միկայի կյանքի վերջին տարիներին փորձում էինք միասին աշխատել, ընկերացել էինք։ Զարմացնում էր իրավապաշտպանի՝ Արևմուտքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդեպ այդչափ անկեղծ դրական վերաբերմունքը։ Միքայել Դանիելյանը ծնվել է Բաթումում։
Միքայել Հայրապետյանը ծնվել է Երևանում, որի կենտրոնում պարբերաբար հանդիպում ենք, երկու բառ փոխանակում, և ես ինձ հիշացնում եմ, որ Լեոյի, դիսիդենտների, Շահումյանի, Տեր-Պետրոսյանի, Երևանի, դաշնակների, ծխախոտի, Ամերիկայի մասին հարցեր ունեի տալու։ Եվ տվեցի։ Երկար ստացվեց, հարցեր մնացին։
– Որո՞նք են Պահպանողական կուսակցության առաջնահերթություններն այսօր։
– Պահպանողական կուսակցության առաջնահերթությունները, դարձյալ ցավոք, փոփոխվել չէին կարող, քանի որ խորքային առումով փոփոխություն չի եղել: Մեր առաջնահերթությունները մնացել են նույնը՝ նպաստել երկիրն անցնցում դուրս բերելու ռուսական իմպերիական ազդեցության ոլորտից, հետթավշյա վիճակի ընձեռած հնարավորությունների սահմաններում առավել ինտենսիվացնել և ագրեսիվ դարձնել արևմտյան քաղաքակրթական և անվտանգային ինտեգրման քարոզչական մեր ջանքերը, և ամենակարևորը՝ անընդմեջ ահազանգել հոգևոր (լայն առումով, ոչ տերտերական) անվտանգության մասին: Մնացյալը կոսմետիկա է, որ այս կամ այն կերպ, լավ կամ վատ արվում է:
– Ինչո՞ւ է կարևոր հարգել Չարիքի կայսրության զոհերի հիշատակը:
– Շատ դիպուկ հարցադրում է: Շնորհակալություն: Սա հենց թիրախային է քիչ առաջ ասածս առաջնահերթությունների տեսանկյունից: Քանի դեռ ռուս-սովետական չդադարող քարոզի պատճառով Չարիքի կայսրության զոհերի քավության նոխազ է ընկալվում զուտ Ստալինի անձը և ոչ թե ազատ աշխարհի կողմից նացիզմին հավասարեցված կոմունիզմի համակարգը, ապա մենք մեր Մտքով կապված կմնանք իմպերիական սայլին, Մտքով ազատագրվել չենք կարողանա: Ավելին՝ ռուսական զանգվածային այդ քարոզն այնքան լկտի է, որ փորձեր են արվում նույնիսկ Ստալինին արդարացնելու: Եվ խնդիրը միայն 1930-ականների և կրկին մոլեգնած 1940-ականների զոհերի պարագան չէ, այլ մինչև Չարիքի կայսրության կյանքի վերջին օրը շարունակված ազատությունների ճնշման, Մարդու իրավունքների սովետական հալածանքների. այստեղ մենք որպես գաղափարական դաշնակից ունենք ոչ միայն արևմտյան Ազատ աշխարհը, այլև ամբողջատիրության և ավտորիտարիզմի ճիրաններում գտնվող Ռուսաստանի ազատախոհ սակավ սեգմենտները: Հայաստանի պահպանողականներն ամեն տարի հիշատակի այդ օրը՝ հունիսի 14-ը նշում են Բռնադատվածների երևանյան հուշահամալիրում՝ դրանով մեկ անգամ ևս Ո՛չ ասելով Չարիքի կայսրությանը, նրա գաղափարախոսությանը, նրա նորօրյա վերկենդանացման քստմնելի փորձերին, հոմո-սովետիկուսի ստրկական մտքի նույն տեղում դոփելուն: Հուսամ՝ այս տարի մեր իշխանությունները ևս կմիանան ակցիային, իրենք ևս Ո՛չ կասեն, իսկ եթե ոչ, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել սոսկական իշխանափոխություն, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, որն առաջին հերթին Մտքի, աշխարհընկալման, աշխարհզգացողության ոլորտից է:
– Որո՞նք են Ձեր տեղեկատվություն ստանալու աղբյուրները։ Ինչպե՞ս են փոխվել/փոխվում։
– Ցավոք, օտար լեզուներից միայն ռուսերենին եմ տիրապետում, ուստի աղբյուրս ռուսական իշխանական՝ հեռուստատեսային, և այլընտրանքային՝ էլեկտրոնային, միջոցներն են, նաև՝ ռուսալեզու «Եվրոնյուզը»: Հայկական հեռուստաալիքներ 2008թ. մարտի 1-ից մինչև Նիկոլ Փաշինյանի շարժումը ոչ մի վայրկյան չեմ նայել, իսկ դրանից հետո ինձ երբեմն կարողանում եմ ստիպել և շաբաթը մեկ-երկու անգամ, ընդհանուրը՝ մեկ-երկու ժամ դիտել լրատվություն: Ես ունեմ շատ լավ գաղափարակից ընկերներ, ովքեր ինձ ամենահրատապի մասին միշտ նյութեր են մատակարարում, հաճախ՝ թարգմանաբար: Ցավոք, ոչինչ չի փոխվել և չի փոխվում. նույն կեղծիքն է, նույն գավառական քծնանքը: Աղբյուրներս կընդլայնվեին, եթե հաղթահարեի ալարկոտությունս ու անգլերեն սովորեի:
– Ո՞րն է «Դաշնակցության» (հայ ազգային սոցիալիստական կուսակցություն) դերը հայաստանցիների կյանքում ԽՍՀՄ փլուզումից առաջ, հետո և հիմա։
– ԽՍՀՄ փլուզումից առաջ ՀՅԴ դերը չափազանց դրական էր ինձ նմանների համար: Փակ համակարգում մենք հույս էինք տածում, որ Ազատ աշխարհում ունենք մեզ պես հակասովետական կառույց: Դա մեզ համար հույսի աղբյուր էր: Չեմ վիճի՝ գուցե մեր պատկերացումները չափազանցված էին, սակայն դա ըմբռնելու համար պետք է վերապրել սովետական համակարգի պայմանները և դատել այն օրերի օբյեկտիվ վիճակից ելնելով: Սովորական ժողովրդի համար ՀՅԴ-ն «Զանգեզուր», «Նվագախմբի տղաները» ու նման ֆիլմերի միջի «դավաճանական», «հակահայ» կառույցն էր: Վերաբերմունքի այդ երկակիության վառ օրինակն ինձ հետ էլ է պատահել. ավարտական դասարանում երբ մեր կենսաբանության ուսուցչուհին ասաց, թե կար այդպիսի մի մարդ՝ Դրո անունով, և նա դավաճան էր, ես գոռացի, թե ինքնէ դավաճանը: Իհարկե դասընկերներս, որ չէին էլ լսել Դրոյի անունը, որպես թասիբով մասիվցիներ, ինձ պաշտպանեցին, ինչի հետևանքով ատեստատումս կենսաբանության նիշս գերազանցից իջեցվեց, ըկերներինս էլ լավից իջեցվեց: Իսկ պետականության վերահաստատումից հետո պարզ դարձավ, ՀՅԴ-ն ամենևին էլ այն չէ, ինչ մենք կարծել ենք ու երազել: Օրինակ ես և հակասովետական մեր խմբակի տղաները մեզ հենց դաշնակցական էինք համարում, բայց նրանց՝ 1988-ից գործողության մեջ տեսնելուց հետո մեզնից քչերը դարձան դաշնակցական: Բայց այդտեղ ՀՅԴ-ն մեղք չունի. մեր պատկերացումներն էին քաղաքականապես մանկական: Մանավանդ 21-րդ դարում ՀՅԴ-ն, ըստ իս, ունի երկու ճանապարհ. կա՛մ ՝ դառնալ իրապես սոցիալիստական լուրջ կուսակցություն՝ հեղափոխականության ժամանակն անցած համարելով, կա՛մ պարփակվել բացառապես Սփյուռքում՝ շարունակելով հայապահպանական իր հզոր ավանդները: Երրորդ ճանապարհը արևելյան ահաբեկչության գիրկն ընկնելն ու նախընթաց՝ հիմնականում լուսավոր հետքը ցեխոտելն է լինելու: Ինքս էությամբ պահպանողական լինելով, այնուամենայնիվ, կկամենայի, որ ՀՅԴ-ն 21-րդ դարի հրամայականներին և մարտահրավերներին համահունչ, ադեկվատ սոցիալիստական կուսակցություն դառնար, մանավանդ որ Հայաստանում դրա պարարտ սոցիալական և ազգային հողը կա:
– Ո՞ւմ և ո՞ւմ (կամ ինչի՞ և ինչի՞) միջև է այսօրվա առճակատումը Հայաստանում։
– Ցավոք, այսօր գաղափարական առճակատում չկա, ինչի կարիքն ունի մեր ազգային ռազմավարական օրակարգը: Թվացյալ առճակատումը հիմնականում ներքին ազդեցությունների ոլորտների շուրջ է և համար:
– Մեջբերում Միքայել Դանիելյանի հետ 2015 թվականի հարցազրույցից. «…Հայաստանում չլինել լուսանցքային նշանակում է լինել ԿԳԲ-ի ստեղծած ագենտ…»։ Ի՞նչ է փոխվել այս հարցում 4 տարի անց։
– Ոչինչ, սիրելիս, ոչինչ չի փոխվել: Իհարկե, ես չէի կամենա ինքնավնասմամբ դա հենց այժմ ասել, քանի որ հանրային ընկալումները դեռևս խիստ էմոցիոնալ և բևեռացված են, սակայն խուսափել և կեղծել ևս չեմ կամենա: Ափսոս, որ այդ հարցը հիմա տվեցինք: ԿԳԲ-ն շարունակում է Հայաստանի տոտալ վերահսկումը, երբեմն՝ օպերատիվ կառավարումը: Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հիրավի ազգային և քաղաքակիրթ որևէ բան կամ անձ մասնակցային սեգմենտ կդառնա երկրի ընթացքի մեջ:
– 2008-ի մարտի 1-ի ջարդից հետո վերահրատարակեցիք Լեոյի «Անցյալից» գիրքը։ Ո՞ւմ և ո՞ր աշխատանքը կվերահրատարակեիք հիմա։
– Դարձյալ անելանելի վիճակի մեջ եք գցում: Հիմա՝ 11 տարի անց, ամեն բան էլեկտրոնային տարբերակով կա, ուստի վերահրատարակելու խնդիրն այժմ արդիական չէ: Բայց կուզեի, որ մեր ինտելեկտուալ դասը վերընթերցեր Խորենացու «Հայոց պատմությունը», Չարենցի «Երկիր Նաիրին», Տերյանի «Հոգևոր Հայաստանը» և Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»:
– Ինչպե՞ս եք վերաբերվում առողջապահության նախարարի՝ ծխելու դեմ արշավին։
– Բավականին դրական եմ մոտենում, թեև ծխող եմ: Սակայն, այդ արշավը մի քիչ արշավանքի է վերածվել, կարծես: Որպես պահպանողական՝ անընդունելի եմ համարում ամեն ինչի, այդ թվում պայքարի անզիջումությունը. ամենուր համերաշխության, հաշտության ողջամիտ եզրեր գտնելն է մեր ապագան: Մարմնական առողջությունից առաջնահերթ են հոգևոր առողջությունը, մտավոր առողջությունը, ուր մենք չարաչար տանուլ ենք տալիս:
– Ինչո՞ւ չեք մասնակցում ընտրություններին։ Ե՞րբ կմասնակցեք։
– Ընտրություններին մեր չմասնկացելը բազում պատճառների շարքում ունի շատ պարզ առաջնային մի պատճառ. անհրաժեշտ են դրամական լուրջ միջոցներ: Իսկ ՀՀ-ում դրամական մեծ միջոցների ազնիվ խմբերն ու անձինք տիրապետել չէին կարող և չեն կարող: Իհարկե, կարելի է փարիսեցիաբար հակաճառել, թե՝ թող կուսակցության անդամները և համակիրները մասնահանումներ անեն, ինչպես ազատ երկրներում: Բայց դա, իսկապես, փարիսեցիություն կլինի: Մի՞թե կեղծիք չէ, որ հնարավոր կլինի օրենքի շրջանակներում գործող որևէ կուսակցության մեջ ունենալ ՊԵԿ նախագահի քարտուղարուհու կամ մարզպետի չափ աշխատավարձ կամ հավելավճար և ստվերային տնտեսավարմամբ հարստացած «գործարարի» կամ առաջին իսկ կրակոցներից սահմանից ՋԻՓ-երով փախչող գեներալների չափ եկամուտ ստացող գոնե հազար հոգի, որպեսզի հնարավոր լինի վճարել ընտրության մասնակցային վճարը, գովազդը, քարոզարշավի պիտույքներն ու վառելիքը, շտաբների վարձակալումը և այլն: Թե դրանք ովքեր կարող են իրենց թույլ տալ, խնդրեմ, պարզագույն հաշվարկներ կատարելով, Դուք ասեք: Օրենքն արգելում է արտասահամանյան միջոցների ներգրավումը, իսկ ներսում խելագարության կանխավարկածով անգամ չեք գտնի օլիգարխներ, որոնք առանց ցանկացած ժամանակի գործած իշխանությունների համաձայնության՝ ֆինանսավորեն ընտրարշավ:
Նույն փարիսեցիության դաշտից կլինի, եթե ասվի, թե հնարավոր է մասնակցել տեղական ընտրություններին. ավտորիտար երկրներում տեղական ընտրություններ էլ չեն լինում. պարզապես կրկես է, երբ ասվում էր և է, թե այսինչ տեղում իշխող ուժը պարտվեց: Սակայն, երբ դեռ կար մեծամասնականով առաջադրվելու կարգը, Պահպանողական կուսակցության որոշմամբ 1998թ.-ին մասնակցեցի ԱԺ ընտրությունների սկզբնամասին, բայց ընտրարշավի միջնամասում հանեցի թեկնածությունս՝ խայտառակ հակապետական խարդավանքների մասնակից չլինելու համար, որի մասին երբևէ կբարձրաձայնեմ:
Երկրորդ անգամ, 2007թ. պարոն Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հետ կազմեցինք «Իմպիչմենտ» դաշինքը, որի առաջին համար հենց իմ առաջարկով նշեցինք պարոն Նիկոլ Փաշինյանին, ով ներկայացնում էր «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնությունը: Այդ դաշինքի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանն էլ որևէ կերպ մասնակցություն ունենալ չէինք կարող, քանի որ մեր կուսակիցները գիտության, մշակույթի, կրթության պարզ մշակներ էին և գյուղերի ու քաղաքների ամենասովորական աշխատավորներ:
Թվում է՝ կարող էինք մասնակցել հետթավշյայի արտահերթին, սակայն դա էլ փարիսեցիության ոլորտից է, քանի որ նախ՝ պահպանվեց նախորդ արատավոր ընտրակարգը, ապա՝ դա հեղափոխության շարունակությունն էր և ոչ ընտրություն: Իհարկե, մենք փորձեցինք գաղափարական դաշնակիցներ գտնել, որոնցից առաջինները մեզ համար «Ժառանգությունն» ու «Ժողովրդավարական Հայրենիքն» էին, ապա և՝ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը». մեզ չհաջողվեց դրական ելք ապահովել: Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարների հետ այդ ընթացքում հանդիպել անգամ չկարողացանք: Բայց դա էլ չէ էականը:
Էականը, թերևս, այն է, որ Հայաստանում չի եղել և չկա քաղաքական դաշտ: Պետականավարման կուսակցական համակարգը Հայաստանում կայացած չէ, իսկ եթե փորձենք իրերն իրենց անունով կոչել, ապա պարտավոր կլինենք արձանագրել, որ երբևէ փորձ էլ չի արվել այն ստեղծելու: Մեր երկիրը մնում է պետականավարման իմիտացիոն և կեղծ ապահամակարգում՝ խանական աշխարհայեցմամբ: Ըստ իս, Նիկոլ Փաշինյանի մեծագույն ծառայությունը մեր պետականությանը կլինի այն, եթե նա հասցնի դնել պետականավարման բազմակուսակցական քաղաքակիրթ համակարգի հիմքերը, այլապես մենք շարունակելու ենք մնալ որպես նոմենկլատուրային ավտորիտար գոյացություն, ինչպիսիք են բազմակուսակցականի իմիտացիայով պուտինյան Ռուսաստանը կամ ալիևյան Ադրբեջանը:
Այսքանից հետո, Ձեր հարցի երկրորդ մասը, թե ե՞րբ կմասնակցենք ընտրություններին, մի տեսակ ցավ է պատճառում և կոտրված ժպիտ առաջացնում – Աստված գիտե:
– Արդյո՞ք Արևմուտքը գրկաբաց սպասում է Հայաստանին, հայաստանցիներին։ Ի՞նչ են «Արևմուտքը», «արևմտյան արժեքները» (որո՞նք են «արևելյան արժեքները»)։ Ո՞ր Արևմուտքն է սպասում և որը՝ ոչ (անհատներ, խմբեր, քաղաքական, տնտեսական միավորներ):
– Քաղաքական Արևմուտքը, որ ունի ամերիկյան և եվրոպական թևեր, անշուշտ, մեզ գրկաբաց չի սպասում: Եվ ընդհանրապես, գրկաբաց սպասում են միայն սիրելիին, առանց որի կյանքը դժգույն է: Սակայն այնպես էլ չէ, որ մեր տեղը չգիտեն, կամ մենք խորթ կլինեինք իրենց համար. խնդիրը շահագրգռվածության աստիճանի մեջ է: Քաղաքական Արևմուտքն ինքն է աստիճանաբար գալիս մեզ մոտ, մտնում մեր գիտակցությունների մեջ, երբեմն՝ որոշ ոլորտներում առարկայանում: Դա ամենևին չի նշանակում, թե մենք նախաձեռնություն չպետք է ցույց տանք, արագություններ չպետք է զարգացնենք – հակառակը՝ մեզանից շատ բան է կախված, ինչպես դեռևս 1914թ. Վահան Տերյանը կասեր՝ «Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև, և մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք»:
Կա նաև ռազմաքաղաքական Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ն, որը կարող է լինել մեր ամենահուսալի անվտանգային համակարգը, ինչի մասին առաջին անգամ հենց մե՛նք ենք բարձրաձայնել հայտարարության տեսքով: Սակայն ա՛յդ Արևմուտքին մաս կազմելն ավելի քիչ է կախված մեզանից, քան քաղաքականի պարագայում է: Ռազմաքաղաքական Արևմուտքին մաս կազմելն իր գինն ունի, որը չզլացավ վճարել մեր հարևան Վրաստանը, սակայն անգամ այդ կանխավճարի պարագայում է անորոշ նրա՝ ՆԱՏՕ-ի մաս կազմելու ժամանակը:
ՀԱՊԿ չկա. կա Ռուսաստան՝ իր արբանյակներով, դա անվտանգության համակարգ չի կարող լինել մեզ համար, բայց այնտեղից ոչ ճիշտ պահին և չհամաձնեցրած պոկվելը վտանգավորության «համակարգ», կատակլիզմի դետոնատոր կարող է դառնալ: Ռազմաքաղաքական Արևմուտքում էլ, ինչպես Դուք եք ասում, գրկաբաց չեն սպասում մեզ: Ինքս երազում եմ այն օրը, երբ մեր երկիրը կլինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց, խնդրեմ ուշադրություն, ռուսական զինվորը պետք է հեռանա այն նույն գնացքով, որով այստեղ արդեն ժամանած կլինի ՆԱՏՕ-ի զինվորը, և ո՛չ հակառակը:
Պատմությունը դատարկ տարածություններ չի հանդուրժում, այդպիսի մի դատարկության հետևանքով 1920 թ. մենք կորցրինք ՀՀ անկապտելի մաս կազմող Կարսը, Սուրմալուն և Նախիջևանը, իսկ թուրքական զորքը երկար ժամանակ նստած մնաց Գյումրիում: Եվս մի այդպիսի կեսժամյա վակուում, և Հայաստանից ոչինչ չի մնա:
Կա նաև տնտեսկան Արևմուտք, որտեղ թեև ոչ այքան գրկաբաց, սակայն թեթև հետաքրքրությամբ գուցե սպասում են մեզ: Այստեղ մեր քաղաքական վերնախավի մտքի պայծառությունից է կախված, թե ինչպես կարող ենք դեռևս մաս չկազմած քաղաքական և ռազմաքաղաքական Արևմուտքների, ավելին՝ խցկված լինելով ԵԱՏՄ-ի հյուծող կազմի մեջ, չեզոքացնել ռուսական խանդոտ ու կացնային սպասվող վտանգները, հնարավորինս ինտեգրվել արևմտյան մրցունակ տնտեսական համակարգին: Կա նաև մշակութային Արևմուտքը, Ձեր ասած՝ արևմտյան արժեքների Արևմուտքը, որտեղ, կարծում եմ, գրկաբաց սպասում են մեզ՝ թե՛ բուն իսկ մշակույթը, թե՛ արևմտյան ինտելեկտուալները, թե՛ հանրային սեգմենտներ:
Իհարկե, անշնորհակալ բան է 21-րդ դարում խոսել կրոնական ընդհանրության մասին, սակայն փաստ է, որ ներկա արևմտյան քաղաքակրթությունը բարձրացել է քրիստոնեկան հիմքերի վրա և այսօր էլ սնվում է նրանից: Իսկ մենք այդ քրիստոնեության ամենավերջին արևելյան սահմանն ենք, մեզնից արևելեք սկսվում է մեկ այլ կրոնական համակարգի՝ իսլամի վրա բարձրացած քաղաքակրթական աշխարհը. մի ամբողջ հազարամյակ մենք եղել ենք մշակութային Արևմուտքի սահմանապահը, ամբարտակը: Արևմտյան քաղաքակրթական աշխարհը, որը մեր մշակութային ծագումնաբանության տեսանկյունից հարազատ է մեզ, չափազանց առաջ է գնացել իր զարգացումներում՝ ինչ-որ իմաստով հայտնվելով նախաճգնաժամային վիճակում (Շպենգլերը դա «Եվրոպայի մայրամուտ» էր անվանում):
Մեր մշակույթը, մեր արժեքային համակարգը, վերջին հազար տարում գտնվելով իսլամական մշակութային միջավայրում, հնարավորություն չի ունեցել նույն տեմպով առաջ գնալու, իր լիցքերի մի զգալի մասը օրինաչափորեն վատնել է արդ արժեքային համակարգը պահպանելու վրա: Այդ պատճառով մշակութային զարգացման անհամաչափություն է առաջացել: Հիշենք, երբ չկար այդ էներգիան ինքնապահպանման վրա ծախսելու հրամայականը, Կիլիկյան Հայաստանը դասական արևմտյան երկիր էր, շատ ավելի արևմտյան, քան բուն արևմտյան երկրներից շատերը: Սա որոշակի երախտագիտությամբ ու պարտքի զգացմամբ գիտակցում են մերօրյա արևմտյան ինտելեկտուալ շրջանակները:
Ավելին՝ մենք մեր վերջին դաշնակցային, մշակութաբանորեն նույնը լինելու հանգամանքը ցույց տվեցինք Առաջին համաշխարհային պատերազմում՝ Անտանտի փոքրիկ դաշնակիցը լինելով հանդերձ այդ պատերազմում տվեցինք ավելի շատ զոհ, քան, ասենք, հաղթանակած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան: Բայց սա էլ չէ առաջնայինն այս խնդրում:
Արևմտյան մշակութային ներկա ճգնաժամը հաղթահարելու համար Արևմուտքին նոր ավիշ է պետք, որն այդպես էլ չեն կարողանում տալ Մերձբալթիկան կամ Վրաստանը, ու մշակութային Արևմուտքը հայացքը հառում է դեպի Արևելք, նույնիսկ դեպի արաբական աշխարհ: Այստեղ մեր դերն անգնահատելի է լինելու, ինչն այլ ձևակերպումներով հանդիպում եմ Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթներում:
Մի շա՜տ կարևոր կողմ էլ կա այստեղ. նախ՝ հոգևոր կողմն ինքը սուբստանցիոնալ է քաղաքականի, տնտեսականի, իրավականի համար, երկրորդ՝ արևմտյանից զատ այսօր մոլորակի վրա չկա երկրորդ քաղաքակրթական բևեռ: Իսլամական աշխարհն այսօր այլևս չունի առաջարկելիք մրցունակ գաղափար, ինչն ուներ 700 տարի առաջ, ինքը ներսում բազմափեղկ է: Արևելքի առաջամարտիկ չինականն ընդամենը էկզոտիկա և խորթ թե՛ մեզ, թե՛ մնացյալ աշխարհին: Ռուսական ենթաքաղաքակրթությունը (սուբցիվիլիզացիան) «հիվանդ» էլ ծնվել է (դիպուկ այդ բնորոշումը Ռուբեն Դարբինյանինն է) մեռած մորից՝ Բյուզանդիայից, որն իր խոտար լինելու պատճառով որպես զոհ մատուցվեց: Մեր պոետների գովերգած հնդկական երբեմնի հզոր քաղաքակրթությունն այժմ կոտորակված ու թշվառ մշակույթների մի բաբելոնյան աշտարակ է՝ աշխարհի ամենահակահիգիենիկ ու աղքատ միջավայր: Որքան էլ Վահան Տերյանի՝ քիչ առաջ հիշատակածս տողեից ընդամենը յոթ տարի անց, Մեծ եղեռնի ողբերգությունն անձամբ ճանաչած Հովհաննես Թումանյանը որպես ազգի մնացորդացի փրկություն Արևելք որոներ՝ ասելով. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,//Արևմուտքի ստրուկները մեքենայի ու ոսկու՝//Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ//Դեպ Արևելքն աստվածային – հայրենիքը իմ հոգու», այդ Արևելքը վաղուց մեռել էր:
Այսօր չկա արևելյան միասնական քաղաքակրթական համակարգ: Այնպես որ, առանց այլընտրանքի մնացածը՝ Արևմտյան քաղաքակրթությունը, փառք Աստծո, որ հենց մեր հարազատ համակարգն է, և օր առաջ նվազագույն կորուստներով այնտեղ մեզ վերագտնելը ռազմավարական նպատակ է, ազգային իդեալի պես մի բան:
պատրաստեց Յուրի Մանվելյանը