«Իմ Քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Կնյազ Հասանովը խստորեն դատապարտում է թուրքական իշխանությունների կողմից շարունակվող հարձակումները։ Հիշեցնենք, որ Թուրքիայի օդային ուժերը հուլիսի 18—ի լույս 19-ի գիշերը հարված են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերին։ Դա տեղի է ունեցել Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցների վրա հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել է թուրք դիվանագետներից մեկը։
Այս գիշեր կատարվածի մասին Երևանում կայացած լրագրողների հետ հանդիպմանը խոսելիս, պատգամավորն ասել է, որ խաղաղ բնակչությունն է ռմբակոծվում, չնայած թուրքական կողմի պնդումներին, որ իրենց գործողություններն ուղղված են սարերում գտնվող Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ։
Որևէ կազմակերպություն դեռ պատասխանատվություն չի վերցրել թուրք դիվանագետի սպանության համար։ «Մասնավոր խոսակցություններ կան, որ մի մարդ Դիարբեքիրից կամ չգիտեմ՝ որտեղից, բայց ո՛չ Քրդական բանվորական կուսակցությունը, ո՛չ էլ որևէ կազմակերպություն չե՛ն վերցրել․․․»։ Դրա հետ մեկտեղ բանախոսը նշել է, որ եթե նույնիսկ կատարողները Քրդական կուսակցության զինյալներից լինեին, դա «կընդունվեր ճիշտ»։
Միաժամանակ քրդական համայնքը դատապարտում է այն, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը «լռությամբ տանում է» այս երևույթը, այնինչ պետք է դատապարտեր Թուրքիայի հարձակումները խաղաղ բնակչության վրա։
«Օրինակ, այս գիշեր Մահմուրը, որը գտնվում է Իրաքյան Քուրդիստանի սահմաններում, և այստեղ այն բոլոր փախստականներն են, որոնք փախել են և ՄԱԿ֊ի հովանու ներքո ստեղծել ճամբարներ, և այս գիշեր թուրքական ավիացիան ռմբակոծել է Մահմուրը, կան զոհեր, կան վիրավորներ։ Սա նշանակում է, որ թուրքական պետությունն իր արջև քրդերին ոչնչացնելու պլան է դրել», ֊ ասել է Հասանովը։ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը դեռ չի արձագանքել կատարվածին, ինչը քրդական համայնքի համար ևս դատապարտելի է, ինչպես նաև ՄԱԿ֊ի և առհասարակ միջազգային համայնքի լռությունն ու անգործությունը։
Անցած գիշեր ռմբակոծությունից տուժածների թիվը հստակ չէ․ Հասանովի խոսքով՝ զոհվել է 3-ից ավել մարդ, վիրավորների թիվը՝ 7 կամ 8։ «Իսկ տարիների ընթացքում ռմբակոծությունները կատարվում էին և՛ Մահմուրի վրա, և՛ իրաքյան Քուրդիստանի գյուղերի վրա, որոնք ոչ մի կապ չունեն Թուրքիայի հետ։ Այստեղից մենք եզրակացնում ենք, որ թուրքական իշխանության համար գոյություն չունեն սահմաններ, և նրանք քրդերին են ցեղասպանության ենթարկում»։ Ինչ վերաբերում է Քրդական բանվորական կուսակցության նախագահ, թուրքական Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլա Օջալանին, վերջին 8-ը տարիների ընթացքում իշխանությունները նրա հետ տեսակցելու հնարավորություն չէին տալիս ո՛չ փաստաբաններին, ո՝չ էլ հարազատներին։ Սակայն արգելքը ժամանակավոր վերացվել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ժամանակ․ այստեղ Հասանովը կարևորում է 5 միլիոն քրդերի առկայությունը։
«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանն, իր հերթին, դատապարտել է Թուրքիայի քաղաքականությունը, որի նպատակն է՝ վերականգնել Օսմանյան կայսրության սահմանները։ Նա, մասնավորապես, խոսել է քուրդ գործակալների մասին, որոնք համագործակցում են Թուրքիայի իշխանությունների հետ՝ հիմնականում Հյուսիսային Քուրդիստանի ղեկավարությունը, որն, իր համոզմամբ, չի լսում տարածաշրջանի ազգերի ձայները․ «Միայն վերևից համագործակցում է Էրդողանի հետ ու լուռ է մնում այս հարցում։ Այս գործակալ քրդերը պատմության ընթացքում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին մեծ վնասներ են հասցրել։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի ժողովրդավար ուժերին չհամագործակցել այդ ուժերի հետ»։
Հայաստանի քրդական համայնքի ազատ կանանց միասնության անդամ Լիանա Մհոյանն, իր հերթին, դիմելով քուրդ կանանց, համախմբվածության կոչ արեց։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունների ագրեսիայի հիմնական պատճառը քուրդ ժողովրդի համախմբված չլինելն է․ «Եթե մենք լինենք համախմբված, ապա մենք կհասնենք, ի վերջո, մեր երազած Քուրդիստանին, որի համար տարիներ շարունակ մենք տվել ենք բազմաթիվ զոհեր»։