Երևանի քաղաքապետարանի կողմից գնված երկու նոր աղբատար մեքենաներն ու 400 աղբամանները հասել են Երևան, ևս երեք մեքենա կհասնի շաբաթվա ընթացքում: Մեքենաները կշահագործվեն աղբահանության աշխատանքներն իրականացնող համայնքային հիմնարկի կողմից։ «Կամազ» մակնիշի հինգ մեքենաները, որոնք ներկրվել էին դեռևս մայիսին, արդեն իսկ գործարկվում են։ Քաղաքապետարանը նախատեսում է մինչ օգոստոսի ավրտը ձեռք բերել նոր մեքենաներ ու աղբարկղեր, որոնք անհամեմատ կթեթևացնեն ներկայիս ծանր վիճակը:
«Այս շաբաթվա ընթացքում ևս երեք մեքենա ենք սպասում, ընդհանուր հինգ նոր մեքենա կունենանք, որպեսզի հասկանանք, թե որքանով դա կօգնի աղբահանության գործընթացին։ Նշեմ, որ այն հինգ մեքենաները, որոնք քաղաքը ձեռք բերեց մայիս ամսին և մայիս ամսվանից սկսած իրականացնում են աղբահանության գործընթացներ, եթե էդպես մոտավոր հաշվարկով ասենք քաղաքի աղբահանության շուրջ տոկոսը իրականացնում են այսինքն այն պայմաններում, որոնք որ հիմա մենք ունենք», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը հայտնեց՝ համայնքային հիմնարկը պիտի լրացնի աղբահանության միակ օպերատորի՝ «Սանիթեք»-ի բացթողումները։ Քաղաքապետարանի նախազգուշացումները, կոշտ քննադատությունները, տուգանքներն ու տույժերը «Սանիթեք»-ի աշխատանքի կարգավորմանն, ըստ էության, չեն նպաստել: Մամուլի խոսնակի խոսքերով, «Սանիթեք»-ը վերջին շրջանում՝ համայնքային հիմնարկի գործարկումից ի վեր էլ ավելի է վատացրել առանց այն էլ վատ աշխատանքը։
«Եթե նույնիսկ «Սանիթեք»-ը այն մակարդակի վրա աներ իր գործը, ինչպես որ անում էր, օրինակ, մարտ կամ ապրիլ ամսիներին, հիմա քաղաքի աղբահանության վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, բայց «Սանիթեք» ըկերությունը, ցավոք սրտի, փոխանակ շտկելու իրադրությունը ավելի է բարդացնում այն», – ասաց Կարապետյանը։