Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել է ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը:
Գլաձոր համայնքի ավագանու 2019թ․ հունիսի 14-ի հերթական նիստում քննարկվել է նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի առաջարկն ու 0 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այն մերժվել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հանրագրին հավանություն տալու ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ ուղիղ ժողովրդավարության գաղափարը շարունակում է տարածվել Հայաստանում։
Հիշեցնենք, որ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ Հայաստանում արդեն իսկ հանդես են եկել հինգ համայնք․ 2018թ․ գարնանը՝ Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին ու Եղեգնաձորը։ Ավագանիների որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկներ ներկայացվել է բոլոր այդ համայնքներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մարզպետներին ուղարկված գրության հիման վրա։ Այդ առաջարկները մինչ այս մերժվել էին նաև Ջերմուկ, Նոյեմբերյան և Արենի համայնքների ավագանիների կողմից։
Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ուղիղ ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունում հայտնված քաղաքական թիմը պայքարում համայնքային մակարդակներում այդ նույն եղանակի կիրառման դեմ։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]