Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը
ՀՀ գլխավոր դատախազությանը,
Խնդրում ենք այս գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների։
Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում (http://investigative.am/news/view/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyun.html), մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունն ապահովված չեն եղել։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի կատարել ներկայացված նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունն ապահովելու իր պարտավորությունը։
Սրանք ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներ են, որոնց հիմքով պետք է քննություն ընթանա և օրենքի խստությամբ պատասխանատվության ենթարկվի ընկերությունը։ Քանի որ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունները թաքցնում են հանրայնորեն հրապարակային այդ խախտումները, խնդրում ենք քննության առնել սույն հաղորդումը և քննության առարկա դարձնել վերը նշված փաստաթղթում առկա բոլոր փաստարկները։ Քանի որ ընդհանուր նյութը շատ ծավալուն է՝ որպես օրինակ ներկայացնում ենք դեռ երկու փաստ։
1․ Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․
«Հասկանալ և գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:
Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը․
«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, ԴԱԼ-ը գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր:
Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածնքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ Բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերըի, որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»:
Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ ներկայացրել է հակառակ փաստերը, որ Ամուլսարի տեկտոնական բլոկն (ԱՏԲ) ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները: Այս մասին գրված է 2016թ-ի ՇՄԱԳ-ի հավելված 21-ում։ Նմանատիպ հայտարարություններ կան նաև GRZ (2011) և Geoteam (2014) փաստաթղթերում և «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն փաստի վրա, որ զեկույցը հերթական անգամ նշում է, որ «Բացահանքերը և Դատարկ ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում․․․ Սևանա լիճը պաշտպանված է ՀՀ օրենքով, որը չի թույլատրում իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճին և դրա էկոհամակարգին»։ Իսկ Կեչուտի ջրամաբարը հանդիսանում է Արփա-Սևան թունելը ջրով սնուցող աղբյուր։
2․ Զեկույցի 2․1․3․1 Դատարկ ապարների լցակույտ (ԴԱԼ) գլխի վերջին՝ եզրափակիչ պարբերություն․ «Ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունների գնահատում չի իրականացվել, այսինքն՝ խառը հաշվարկներ չեն իրականացվել։ Տեղափոխման ուղու սիմուլյացիա չի իրականացվել ոչ տարածաշրջանային ստորգետնյա ջրերի մոդելում, ոչ էլ մեկ այլ կերպ»։
Ստացվում է, որ Լիդիանը ժամանակին ՀՀ կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք և գիտական հիմնավորվածություն չունեցող փաստեր պարունակող տվյալներ, իսկ պետական լիազոր մարմինն էլ տվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն։
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաև մնացած փաստերը։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]