Home / Հայաստան / Երևանի քաղաքապետը հանդիպել է ուղևորափոխադրող ընկերությունների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է ուղևորափոխադրող ընկերությունների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է Քաղաքապետարանի կայքը, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր:

Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

«Բոլոր բանակցություններում թե՛ կառավարության, թե՛ ձեզ հետ, կարևորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորինս մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար։

Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռևս տարբեր են», – նկատել է քաղաքապետն ու ընդգծել՝ կա երկու տարբերակ՝ կամ այն իր վրա կվերցնի համայնքը, կամ կլինի համայնք և մասնավոր հատված համագործակցություն:

«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը ևս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»:

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:

Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի) ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:

«Բնականաբար, մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն և սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք», – նշել է քաղաքապետը:

Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:

«Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։