Ներկայացնում ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի՝ Lragir.am կայքում տեղադրված հոդվածից մի հատված․
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկում ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել, հայտնելով իր բարձր տպավորությունը Ջերմուկի մասին: Սերգեյ Կոպիրկինը բավականին փորձառու դիվանագետ է, մի կողմից Հայաստանում ամուլսարյան կրքերից տեղյակ լինելու, մյուս կողմից հասկանալու համար, թե իր գրառումն ինչ արձագանք կարող է ստանալ առկա իրողությունների ֆոնին:
Դեսպանի գրառման տողատակը չափազանց պարզ է եւ դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է «Ամուլսարը սար է մնալու»: Եվ այդ հանգամանքը բազմաշերտ կոնտրաստ է ստեղծում, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանների պահվածքի ֆոնին, որոնք առանց այլեւայլ լուսանկարչական «լեզուների», հանդիպումների ընթացքում իրենց մտահոգություններն են հայտնել խնդրի կապակցությամբ եւ ասել, որ Ամուլսարի հարցն էական նշանակություն է ունենալու Հայաստանի ներդրումային վարկի վրա:
Մի կողմից նա [Կոպիրկինը] փաստորեն հաստատում է տարբեր դիտարկումներով շոշափվող այն հանգամանքը, որ Ամուլսարի շուրջ իրավիճակը գեներացվում է աշխարհքաղաքական նկատառումով եւ պարզապես փորձ է արվում խոչընդոտել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիրը, այն դեպքում, երբ, օրինակ, ռուսական ընկերությունը հանգիստ շահագործում է Սեւանի ափին մեկ այլ ոսկու հանք:
Ստացվում է, որ դեսպանը «խոստովանում» է այդպիսի վարկածների եւ դիտարկումների իրատեսականությունը, ըստ այդմ բավական հարաբերական է դառնում՝ այդ «միջամտությունը» աջակցությու՞ն է Ամուլսարի շահագործման դեմ անկեղծ պայքարողներին եւ պայքարողներին (որոնք բոլորովին վերջերս հիշեցին միայն Ամուլսարի մասին) ընդհանրապես, թե՞ նրանց հասցեին «մատնագիր»:
Մյուս կողմից, արդյոք դեսպանի՝ թեմա մուտք գործելու հարցում այդ հանգամանքները դիտարկվել են երկրորդական, իսկ գլխավոր է համարվել այն, որ դեսպանի մակարդակով ուղերձ է հղվում վարչապետին, որ Ռուսաստանը դեմ կլինի, եթե կայացվի հանքի շահագործման մասին որոշում։
հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ