Երևանի քաղաքապետարանը այսօր Սանիթեք ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, հորդորելով Սանիթեք ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Նա նաև հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը Սանիթեք ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստն այդ ընկերությունների կողմից։
Հիշեցնենք, որ Սանիթեք ընկերությունը աղբահանության աշխատանքները դադարեցնելուց հետո աշխատողների հետ վերջնահաշվարկ չի իրականացրել, չի վճարել աշխատավարձերն ու արձակուրդայինները՝ պատճառաբանելով քաղաքապետարանի կողմից համապատասխան վճարումների բացակայությամբ։ Սրան ի պատասխան, քաղաքապետարանից հայտնել են, որ ընկերությունը տուգանվել է ծառայությունների ոչ պատշաճ մատուցման պատճառով և այդ սանկցիաները ոչ թե վատ աշխատանքի պատճառն են այլ հետևանքը։ Սանիթեքի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց նստացույց էին իրականցնում, պահանջելով իրենց հասանելիք գումարը փոխանցել «Սանիթեքին»։