«Սանիթեք» ընկերության աշխատակիցների մի մասը «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ նստացույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարների հիմնական պահանջն է՝ վճարել օգոստոս ամսվա համար «Սանիթեք»-ի չվճարած աշխատավարձերը: Նրանք նաև հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից»», – ասաց Աղեկյանը, ով ներկայանում է որպես «Սանիթեքի» նախկին աշխատակիցների շահերի պաշտպան:
«Սանիթեք»-ցիները օրեր շարունակ հավաքվում են քաղաքապետարանի մոտ։ Քաղաքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները պարբերաբար իջբնում են բանակցությունների, որոնք, որպես կանոն, որևէ արդյունք չեն ունենում։
Քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է՝ քաշաղաքապետարանը օգոստոս ամսին փոխանցել է «Սանիթեք»-ին հասանելիք ողջ գումարը՝ ավելի քան 165 միլիոն դրամ, ինչը, «Սանիթեքի» իսկ պաշտոնյաների վկայությամբ, առավել քան բավարար է՝ մարդկանց վարձատրելու համար: Ուստի՝ «Սանիթեք»-ի աշխատակիցներին աշխատավարձ տալը բացառապես ընկերության ղեկավարության պարտավորությունն է։
Դրա հետ մեկտեղ քաղաքապետարանի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ փորձում են ամեն բան անել, որպեսզի աշխատակիցներին իրենց աշխատավարձը այնուամենայնիվ հասնի:
Սեպտեմբերի 25-ին, օրինակ, ցուցարարների մոտ դուրս եկած պաշտոնյաներն ու ավագանու անդամները առաջարկեցին խնդրի լուծման ևս մեկ տարբերակ։ Նրանք նշեցին, որ համայնքը պատրաստ է վճարել աշխատավարձերը, և այդ գործընթացի իրավական կողմը ապահովելու համար անհրաժեշտ է «Սանիթեքից» ստանալ հաշվապահական համապատասխան փաստաթղթերը։
Ցույցի մասնակիցները, սակայն, փոխհատուցման այդ տարբերակից հրաժարվեցին և պահանջեցին իրենց հասանելիք գումարը փոխանցել «Սանիթեքին»։
Հակադարձ հարցից հետո՝ ինչ երաշխիքներ կան, որ գումարը ստանալուց հետո «Սանիթեքն» այս անգամ ևս չի հրաժարվի փոխանցել այն աշխատակիցներին, ցուցարարները սկսեցին պահանջել, որ քաղաքապետարանը իրենց աշխատավարձերը վճարի կանխիկ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից սկսած «Սանիթեքը» Երևանում աղբահանություն չի իրականացնում։ Քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագրի ժամկետը թեև չի սպառվել դեռ, «Սանիթեքը» միակողմանի դադարեցրել է աղբահանության գործընթացը։ Այժմ Երևանի աղբահանությունը իրականացվում է անցած տարի ստեղծված «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով։ Համայնքային հիմնարկ են տեղափոխվել «Սանիթեքի» նախկին աշխատողների մեծ մասը։