«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», – այս մասին այսօր, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակված տեսաուղերձով, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մարությանի խոսքով՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, թերացումները ահագնացել են 2018֊ի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը, ինչի պատճառով քաղաքապետարանը որոշում է կայացրել ուսումնասիրել «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերի օրինականությունը և արդյո՞ք «Սանիթեքը» պատշաճ կերպով է կատարում պայմաբագրերով ստանձնած պարտավորությունները։
«2019 թվականի հուլիսից իմ հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը։ Այն ավարտվել է օրեր առաջ, և այս պահին մենք ունենք ամբողջական պատկերը։
Հաշվի առնելով՝
1․ աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը,
2․ աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը,
3․ 2019 թվականի օգոստոսի 29֊ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը,
4․ պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը,
5․ գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ,
և հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը» ֊ ասաց Մարությանը։
Ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, հայց է ներկայցնելու արբիտրաժային դատարան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից սկսած «Սանիթեքը» Երևանում աղբահանություն չի իրականացնում։ Քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագրի ժամկետը թեև չի սպառվել դեռ, «Սանիթեքը» միակողմանի դադարեցրել է աղբահանության գործընթացը։ Այժմ Երևանի աղբահանությունը իրականացվում է անցած տարի ստեղծված «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով։ Համայնքային հիմնարկ են տեղափոխվել «Սանիթեքի» նախկին աշխատողների մեծ մասը։