Home / Կանանց իրավունքներ / Չնայած ընտանեկան բռնության դեպքերը նվազման միտում ունեն, հստակ կարգավորումներ են պետք

Չնայած ընտանեկան բռնության դեպքերը նվազման միտում ունեն, հստակ կարգավորումներ են պետք

Ընտանիքում կատարված բռնության դեպքերի ընդհանուր քանակի մեջ նվազման միտում է նկատվում․ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում՝ 378 դեպք նախորդ տարվա 585-ի դիմաց։ Նվազման այս միտումները ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը կապում է «նախկինում անպատիժ մնալու մթնոլորտի» հետ։

Նոյեմբերի 25-ին նշվում է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, ինչպես նաև մեկնարկում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա արշավը, որն անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Այս տարի Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի առանցքում է սեռական բռնության և բռնաբարության խնդիրը։

2019 թվականին կանանց սպանության 9 դեպք է գրանցվել, որոնցից ընտանիքում կատարվածները 4-ն են, ամուսնու կողմից՝ 1֊ը։ 2018 թվականին 8 դեպք էր գրանցվել, որոնցից ընտանիքում՝ 4, ամուսնու կողմից կատարված՝ 2 դեպք։

«Օրենքի գործածությունից հետո բոլոր բռնություն կատարածները մեկ տարով վերցվում են հաշվառման ոստիկանությունում և մեկ տարվա ընթացքում ոստիկանությունը և համապատասխան ծառայությունները բռնություն գործադրած անձի նկատմամբ հաշվառում են իրականացնում։ Նախորդ տարվա հունիսի 30-ից մինչ օրս հաշվառվածների թիվը կազմում է 1533։ Եթե դեպքը կրկնվում է, իրենց նկատմամբ էդ հսկողությունը շարունակվում է», – տեղեկացրել է բանախոսը։ Քրեական պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, եթե բռնարարը խախտել է մինչև 20 օր կիրառվող պաշտպանական միջոցը, որը, մասնավորապես, նախատեսում է բնռության ենթարկված և բռնությունը կիրառած անձանց իրարից որոշակի տարածության պահպանումը։

Վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի, որքան պետություն-քաղաքացի հարաբերությունների և փոխվստահության մասին, իր հերթին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը։

«Այս պահին օրենսդրական կարգավորումներից առաջնահերթն այն է, որ ծեծն, օրինակ, համարվում է մասնավոր մեղադրանք, և, ցավոք սրտի, պետք է նշենք, որ երբ որոշ դեպքերում, մանավանդ՝ փոքր մարզերում, փոքր տարածքներում, կինը դիմում է բաժին, այնպես է ստացվում, որ ոստիկաններն ավելի շատ փորձում են հաշտեցման տանել, որովհետև հիմնականում իրար ճանաչում են, իրար հետ հաց են կերել, նույն թաղամասում ապրել և ավելի շատ փորձում են հաշտեցնել», ֊ ասել է պատգամավորն՝ ընդգծելով հստակ կարգավորումների անհրաժեշտությունը։

Իսկ մեղմացուցիչ հանգամանք, ըստ նրա, չպետք է լինի ո՛չ բռնության ենթարկված անձի տեսքը, ո՛չ էլ կատարվածի վայրն ու ժամը․ «Անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել բռնությունը, չպետք է որևէ հանգամանք մեղմացուցիչ լինել․ սեռական բռնության ժամն ու վայրը կամ բռնության ենթարկված անձի հագուստը, նրա վարքագիծը, որն իրեն վերագրելի է, չպետք է բռնարարի պատիժը մեղմացուցնի»։

2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ, որտեղ վերջիններս հոգեբանական, իրավաբանական և այս տեսակի աջակցություն կստանան։ Դա, ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանի, նախարարության կողմից համապատասխան քաղաքականության մշակման և իրավական դաշտի բարելավման ուղղությամբ աշխատելու արդյունք է։

Ծրագրվում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական աջակցություն ստացող առաջին երկու ապաստարանը ստեղծել․այժմ գործող ապաստարանները համակարգվում են հասարակական կազմակերպությունների կողմից։ Նախարարի օգնականի խոսքով՝ 2020 թվականի հունվարից ընտանեկան բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն կտամարդվի՝ 100-150 հազար դրամի չափով, համապատասխան օրենքը պետք է ընդունվի կառավարության կողմից։

Աջակցությունը միանվագ է․ «Երեխաների համար ևս աջակցության կենտրոններ են ստեղծվում։ Նախարարության կայքում հայտարարություն կա՝ 30-ից ավելի խնամքի կենտրոններ պետք է բացվեն։ Կատարվում է նաև ընտանիքների սոցիալական գնահատումը, այսինքն՝ երեխաների հետ կապված տարբեր տեսակի գործողություններ են նախատեսվում»։

Վերջին ամիսներին շրջանառության մեջ է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հանվում է հաշտեցման գործընթացում պետության կողմից որևէ տեսակի միջամտությունը։ «Որովհետև մեր նպատակը ոչ թե այն է, որ նպաստենք բռնություն գործադրած անձի նկատմամբ վերգործության միջոցները վերանայելը, այլ իրապես օգնել բռնությանը ենթարկված անձանց»։

Գործող օրենքով աջակցության կենտրոնի կարգավիճակ է տրվում միայն պետական հաստատությունների․ նոր նախագծով, այս կետը փոխվելու է, ինչի արդյունքում տվյալ գործառույթը կկատարեն նաև հասարակական կազմակերպությունները։

Ազատյանն ամենակարևոր ձեռքբերումն է համարում այն, որ, հոկտեմբերի 10-ի կառավարության որոշման համաձայն, 2020 թվականից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանեկան բռնության դեպքի կենտրոնացած հաշվառում․ «Սա նշանակում է, որ արդեն մենք կունենանք ճշգրիտ թիվը, թե ի՞նչ տեսակ բռնություն է կատարվել ընտանիքում, ովքե՞ր են կատարել, կունենանք հստակ պատկեր՝ ո՞ր մարզում, ո՞ր ժամերին, ի՞նչ տեսակի բռնություններ կան, որովհետև միայն այս տվյալների պարագայում մենք կկարողանանք համապատասխան մեխանիզմներ մշակել»։