Ազգային Կինոկենտրոն կողմից ստեղծված ժյուրին մերժել է ռեժիսոր Մերի Աղախանյանի «Այծի Մորթին» դեբյուտային կարճամետրաժ նախագիծը։ Ժյուրիի մի անդամի կողմից դրվել են զրոներ բոլոր չորս գնահատման կետերով՝ գեղարվաստական արժեք, իրականացվելիության ներուժ, ֆինանսաարտադրական հիմնավորվածություն, տարածման հեռանկար։
Մերի Աղախանյանը կարծում է, որ սա ոչ միայն ժյուրիի, այլև Կինոկենտրոնի ղեկավարության սխալ գործելաոճի և անարդյունավետ քաղաքականության հետևանքն է, որը շարունակվում է դեռ անցյալ տարվանից, երբ նույն ձևով զրոներ են նշանակվել միջազգային հետաքրքրված գործընկեր, պայմանագրեր, մրցանակներ ունեցող նախագծերի։ Նա պահանջում է կինոկենտրոնի ղեկավարության հրաժարականը։
Իր ֆեյսբուքյան էջում ռեժիսորը նշում է Կինոկենրոնի որոշ թերացումներ․
«1. Կինոկենտրոնը չի կարողանում/չի ցանկանում լուծել ժյուրիի կոմպետենտ լինելու հարցը, որի լուծումները բազմիցս առաջարկվել են կինոգործիչների կողմից։ Անձնավորված, և հատուկ որոշ կինոգործիչներին նախապատվություն տալը կամ թիրախավորելը հանդիսանում են Կինոկենտրոնի կողմից թույլատրելի գործոններ։
Եվ ոչ միայն. Կինոկենտրոնը նաև ինքը թերևս ունի անձնավորված գործելաոճ նախագծերի առաջխաղացման կամ կասեցման մեջ, երբ որոշ նախագծեր նույնատիպ իրավիճակում ստանում են տարբեր հնարավորություններ։ Նաև կոմպետենտ ժուրիի ընտրության և նշանակման հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ինչքանով է ընտրող մարմինը ինքնին կոմպետենտ չափանիշներ մշակելու և ընդունելու հարցում։
Կինոն միջազգային հարթույթ է, այն չի արտադրվում միայն տեղական դիտողի, գնահատողի և գնորդի համար։ Այդ պատճառով այն գնահատելը պետք է իրականացվի այնպիսի մարմնի կողմից, որը կիրառում է կինոարտադրության միջազգային չափանիշները Հայաստանում, քաջատեղյակ է աշխարհում արվեստի զարգացման և մշակույթի պահպանման ամենախիզախ մարտավարություններից և պատրաստ է դրանց օգնությամբ Հայաստանը դուրս բերել կինոյի ճգնաժամից։
2. Արտասահմանից հրավիրված ժյուրիի անդամներին չի ներկայացվում Կինոկենտրոնի որդեգրած կանոնակարգի մանրամասները` իր վերջին փոփոխություններով հանդերձ։ Ժյուրին շատ դեպքերում անտեղյակ է, որ ֆիլմը ոչ թե ֆինանսավորում է փնտրում հենց հիմա նկարահանում իրականացնեու համար, այլ ֆինանսավորման հաստատման նամակ միայն, որը նշանակում է՝ արտադրողը ժամանակ է ստանում գնալ փնտրել համարտադրողներ և նկարահանումն իրականացնել ապագայում, և միայն այն ժամանակ եթե գտնի բյուջեի ֆինանսավորումը ամբողջական չափով։
Դրանից կախված են ժյուրիի գնահատականները, ինչպիսիք են պրոյեկտի իրականալիությունը, միջազգային պոտենցիալը և այլն։ Այն պարագայում, երբ կան միջազգային համարտադրողների կողմից հետաքրքվածության և ֆինանսավորման միտման նամակներ, անհեթեթություն է նախագիծը գնահատել զրո իրականացվելիության ներուժի և միջազգային տարածման հեռանկարի կետերով։
3. Կա այնպիտի վարկած ըստ որի ֆիլմի ռեժիսորը չի կարող նաև լինել լիակատար պրոդյուսեր. Այդ հիմքով շատ դեպքերում մերժվում են նախագծեր, ընդ որում իմ նախագծին ևս դրվել է ցածր գնահատական իրականացվելության և ֆինանսաարտադրական կետերով, քանի որ ես ֆիլմի հեղինակն եմ և պրոդյուսերը։ Նման կետ կանոնակարգում չկա, և համաշխարհային փորձով այդպիսի շատ հաջողված օրինակներ կան, երբ ռեժիսորը նաև պրոդյուսերն է և անհիմն է դրա պատճառով ցածր գնահատելը, ինչը իմ դեպքում արել է ժյուրիի անդամներից մեկը, առավել ևս, որ ֆիլմը կարճամետրաժ է։
Իմ դեպքում ես ունեմ սեփական ֆիլմարտադրական ընկերությունը, ինչը նշանակում է այն բացել եմ հենց ֆիլմեր արտադրելու համար, այսինքն պետք է ունենամ լիարժեք իրավունք համարվել արտադրող ևս, բացի այդ և’ աշխարհում և’ նաև Հայաստանում մեղմ ասած ես միակը չեմ։ Այդպիսի հիմքով ինձ մերժել և ցածր գնահատելը և’ որպես ռեժիսորի և’ որպես արտադրողի՝ իմ իրավունքների խախտում է։
4. Կինոկենտրոնը չի պաշտպանում ֆիլմարտադրողների իրավունքները, երբ ի վերջո ինքը հենց նախատեսված է անելու այնպես, որ արտադրողները կարողանան հանգիստ աշխատել և զգալ իրենց պաշտպանված պոտենցիալ ձախողումներից։ Այդ դրույթները Եվրոպական կինոհիմնադրամների և ինստիտուտների հիմնական գործառույթների շարքում են և հիմնված են Եվրոպական Կոնվենցիայի վրա, որը նաև ստրոագրվել է ՀՀ ի կողմից, բայց բազմիցս խախտվում է։
Կինոարտադրությունը շատ բարդ գործընթաց է` այդմ և հակասական, և իրար մերժող կանոնակարգային դրույթները, Կինոկենտրոնի և արտադրողի միջև կնքված անբարենպաստ պայմանագրերը մեծ վտանգի են ենթարկում վաղվա արտադրված ֆիլմերի հաջողությունը։ Առ այսօր հայտնի չէ և հրապարակված չէ Կինոկենտրոնի և պետության միջև առկա պայմանագիրը կինոֆինանսավորման և գումարների բաշխման մասին։ Կարծում եմ, որ հատուկ է գաղտնի պահվում։
5. Կինոկենտրոնը չի ապահովում փիչինգի ձայնագրություն, ինչպես եղել է առաջին ընդունված կանոնակարգում և հանվել է ներկայիս կանոնակարգից, փաստորեն վերացվել է բողոքարկելու հիմք ունենալու հնարավորությունը, ինչը և կբացառեր կամայականությունները։ Քանի որ կինո-ոլորտում բոլորն իրար ճանաչում են և ունեն նախատրամադրվածություններ իրար նկատմամբ, ցավոք, ժյուրիի վերջնական քննարկումը ձայնագրելը անհրաժեշտություն է, այդ կետը ևս կանոնակարգում կա, բայց մենք չգիտենք իրագործվում է այն, թե ոչ։
6. Կինոկենտրոնը որևէ քայլ չի ձեռնարկում հեշտացնելու եղած պրոդյուսերի վրա ընկնող թղթաբանական մեծ բեռը և բյուրոկրատիան՝ ասելով, որ նախարարությունն է մեղավոր և վերջինիս կողմից պահանջվող հաշվետվությունները։ Կինոկենտրոնի այս գործելաոճը ոչ մասնագիտական է, վնասում է արտադրողին, և ուղղակի հեշտացնում իր սեփական հաշվետվությունների գործընթացը, այսինքն ուղղված է միայն ինքն իր շահերը պաշտպանելուն։
Այնինչ արտադրող-պետություն հարաբերության միջև բյուրոկրատական գործընթացի ադապտացիան պետք է լինի կինոկենտրոնի բուն գործառույթներից մեկը։ Եվ դիմում հայտի թղթաբանությունը չափազանց շատ է՝ ի հակադրություն միջազգային փորձի։
7. Կինոկենտրոնը պահանջվածից քիչ գումար է տալիս որոշ նախագծերի, իսկ մյուսներին այնքան, որքան դիմում են, այսինքն խտրականություն է կիրառվում։ Սա նաև խոսում է Կինոկենտրոնի անվստահության մասին իր արտադրողների նկատմամբ, ինչը շատ ոչ կառուցողական մոտեցում է ազգային մարմնի կողմից և նորից չի նպաստում ոչ մի արդյունավետ համագործակցության։
8. Կինոկենտրոնը անիմաստ գումարներ է ծախսում ինքն իրեն բրենդավորող և հանրահռչակող միջոցառումների վրա, երբ իր հիմնական գործառույթը պետք է լինի անել ամեն հնարավորը, որ Հայաստանում միջազգային ճանաչելիության պոտենցիալ ունեցող պրոյեկտներ նկարահանվեն, և հայկական կինոն մտնի համաշխարհային կինոքարտեզի մեջ։»