Մարտի 21-ին, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 160 դեպք (որոնցից մեկը՝ արդեն առողջացած): Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվը աճել է 24-ով։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, հաստատված 160 դեպքերից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի և մարտի 15-ին Երևանի խոշոր արտադրամասերից մեկում արձանագրված դեպքերի հետ։
Պացիենտներից 11-ը թոքաբոր ունեն։ Նրանցից երեքը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
«Որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», – նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը:
Նախարարի խոսքով՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ վարակված քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, և դա պայմանավորված է դեպքերի աճով։
«Մենք ունենք ծավալած շուրջ հինգ բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցներում կան քիչ թվով պացիենտներ․․․ Այդ հիվանդանոցների թիվը միգուցե աճի։ Ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, ինչ ծանրության դեպքեր ենք հիվանդանոցում պահելու, արդյոք բոլոր թեթև և առանց սիմպտոմների դեպքերը մնալու՞ են հիվանդանոցում, թե՝ ոչ»,- ասաց Թորոսյանը։
Պացիենտները, որոնք հիվանդության ախտանշաններ չունեն, կգնան այլ հիվանդանոցներ: Նրանք, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, կմնան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որն, ըստ նախարարի, կշարունակի կենտրոնական դեր կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի բուժական միջոցառումների շրջանակում։
Մեկուսացվածների թիվը անցել է 600-ը։ Խոսքը հաստատաված դեպքերի հետ շփում ունեցած կամ ռիսկային համարվող երկրներից ժամանած քաղաքացիների մասին է, որոնք՝ անկախ վարակվածության ախտանշանների առկայությունից, 14-օրյա ժամկետով մեկուսացվում են ԱՆ վերահսկողության տակ գտնվող տարբեր վայրերում։
Թեև հենց այդ մեկուսացումներն են թույլ տվել խուսափել աճի ավելի մեծ տեմպերից, Թորոսյանի խոսքով՝ դրանք անվերջ հնարավոր չէ շարունակել․ «Համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, և մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով․․․ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ հասկանալով կամ գիտակցելով վտանգը՝ հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչը անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների և մնացած բոլոր քաղաքացիների համար: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը այսօր [մարտի 20-ին] արտահերթ կարգով քննարկեց մի օրենքի նախագիծ, որ պատասխանատվություն կսահմանի այդ ռեժիմի խախտման համար»։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/196453021786370/
Նշենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծը, որով պատասխանատվության միջոցներ են սահմանվում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մեկուսացման կամ (ցուցված) ինքնամեկուսացման պահանջները չկատարելու համար:
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար սահմանվել է 300 հազարից մինչև 500 հազար դրամ տուգանք: Այն դեպքերում, երբ այն պահանջների խախտումն անզգուշությամբ առաջացրել է զանգվածային հիվանդացում, սահմանված է կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:
Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվելու երկուշաբթի` 11:00-ին: