Նախորդ տարվա ապրիլին, տնտեսական ահռելի առավելություններ ունեցող աշխարհագրական մեր հարևան Ադրբեջանը, Եվրոպական Միության հետ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ակտիվացման նոր փուլ էր սկսել, որը միտված էր նոր խթան հաղորդելու քաղաքական երկխոսությանը և փոխադարձ շահավետ համագործակցությանը: Սակայն տնտեսական ռեսուրսների գերակայության հետ մեկտեղ պետք է նշել, որ Ադրբեջանը դեռևս ունի ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիրներ. այստեղ պաշտպանված չեն մարդու իրավունքները, ինչը հակասում է ԵՄ անդամակցության չափանիշներին, և հարց է առաջանում, արդյոք ԵՄ-ը բարիդրացիական հարաբերություններ պահպանել ձգտում է իսկապես ժողովրդավարության ջատագով լինելու պատճառով, թե պարզապես հարաբերությունների խողովակաշարը ընդլայնելու նպատակով:
ԵՄ- Ադրբեջան Համագործակցության Խորհրդի կողմից 2018 թվականին սահմանվել են համատեղ քաղաքականության առաջնահերթություններ, որոնք կուղղորդեն և կխթանեն Ադրբեջանի հետ գործընկերությունը առաջիկա տարիներին: Բանն այն է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր էներգետիկ գործընկեր է և առանցքային դեր է խաղում Կասպյան էներգետիկ ռեսուրսները Հարավային գազային միջանցքով՝ ԵՄ շուկա բերելու գործում: Հաշվի առնելով Ադրբեջանի բարենպաստ դիրքը, ԵՄ-ն ներդրումներ է կատարել ենթակառուցվածքային կարևոր նախագծերում, ինչպիսիք են Բաքվի նավահանգիստը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ինչից Ադրբեջանը միմիայն շահում է:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին, որով կասպիական ածխաջրածինային ռեսուրսները պետք է մատակարարվեն Եվրոպա՝ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Հարավային գազային միջանցքը նախատեսում է 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի փոխադրում Կասպյան տարածաշրջանի Շահ Դենիզ դաշտից Վրաստանից և Թուրքիայից Եվրոպա, ինչը Եվրահանձնաժողովը գնահատել է ընդհանուր առմամբ 1 միլիարդ 871 միլիոն եվրո՝ խողովակաշարերի ընդլայնման, անդր-անատոլիական խողովակաշարի և տրանս-կասպյան խողովակաշարի նախագծերի իրականացման համար, որոնք կփոխանցեն Ադրբեջանի և Թուրքմենստանի բնական գազը դեպի ԵՄ:
ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանի ամենամեծ օտարերկրյա ներդրողը ոչ նավթային ոլորտներում նույնպես: Ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով Ալաթ բնակավայրում Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգիստը ակնկալվում է դառնալ Եվրասիայի առաջատար առևտրատնտեսական և նյութատեխնիկական հանգույցներից մեկը՝ դառնալով տրանսպորտային հանգուց միացնելով՝ արևմուտքից Թուրքիան, հարավից Իրանն և Հնդկաստանը, իսկ հյուսիսից Ռուսաստանը: Այսպիսով ԵՄ այս նոր ծրագրի շնորհիվ նավահանգիստը կբարձրացնի բեռնափոխադրումների ծավալը և կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք:
Եվ ահա երբ խոսում ենք Ադրբեջանի ռեսուրսների և դրանցից բխող շահերի մասին, մարդու իրավունքները կարծես թե մղվում են երկրորդ պլան: Գրեթե ամեն տարի մի շարք նշանավոր լրատվամիջոցների կայքեր արագորեն փակվում են անգամ առանց դատական ընթացակարգերի, պարբերաբար ոտնահարվում են տարբեր քաղաքացիական միավորումների կամարտահայտման և խաղաղ հավաքների իրավունքները, իսկ նրանք ովքեր համարձակվում են քննադատել իշխանությանը, ինչպես Խադիջա Իսմայիլովան, ենթարկվում են քաղաքական հետապնդման: Առավել հետաքրքիր է, այն, որ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, Ադրբեջանը 2018թվականին, ներկայացրեց մարդու իրավունքների խթանմանն ուղղված մի բանաձև՝ այն դեպքում, որ սեփական երկրում քաղբանտարկյալների թիվը հասնում է հարյուրների, իսկ ԶԼՄ-ները շարունակում են գործել քաղաքական ուղղորդվածությամբ:
Թեպետ երկար տարիներ ԵՄ-ն Ադրբեջանին ֆինանսապես աջակցում է նաև կոռուպցիայի դեմ պայքարում, եվրոպական, ռուսական և անգամ անդրբեջանական մամուլում, օրինակ Մեյդան Թիվիում, Ալիևների ընտանիքը շարունակում է գլխավորել տարվա կոռուպցիոներների ցուցակը:
Այնուամենայնիվ նոր համաձայնագիր կնքելով Բրյուսելը հարցականի տակ կարող է դնել իր անաչառությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության իր իսկ սահմանած չափանիշները, իսկ Եվրոպայի միասնության, համերաշխության և ներդաշնակության սկզբունքները երբեք չպետք է ստորադասվեն աշխարհքաղաքական և էներգետիկ շահերին:
Մարիամ Ստեփանյան
Բրյուսովի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրանտ