Դատարանն ակնհայտ անհիմն հարկադիր բուժման վճիռ է կայացրել՝ խախտելով քաղաքացու իրավունքը, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի փաստաբանը ստանձնել է դատարանում քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:
2019 թվականին իրապաշտպաններին դիմած Երևանի բնակչուհին տեղեկացրել էր, որ իր աղջկան ոստիկանները տեղափոխել են հոգեբուժարան, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է նրա նկատմամբ հարկադիր բուժում նշանակելու մասին գործը:
Դեկտեմբերին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում հրավիրած արտագնա դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն՝ ըստ կենտրոնի տնօրենի դիմումի՝ աղջկան կենտրոնում հարկադիր բուժման ենթարկելու մասին, դատարանը դիմումը բավարարել էր 1 ամսով։
Ն․Գ․-ի ընտանիքի և նույն շենքի բնակարաններից մեկի սեփականատիրոջ միջև ոչ բարեկամական հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն, ինչի արդյունքում ծագած վեճն անգամ քննվել է ոստիկանությունում: Հարևանի բնակարանի վարձակալներն անուշադրության ու անփութության հետևանքով պարբերաբար ջրել են Ն.Գ.-ի բնակարանը՝ վնասելով այն, նաև պարբերաբար աղմկել։
Հերթական անգամ բնակարանի առաստաղը ջրելու և աղմկելու պատճառով ընդհարում է տեղի ունեցել Ն.Գ.-ի և վարձակալի միջև և, չնայած այդ հանգամանքին, ոստիկանություն է զանգահարել բնակարանի սեփականատերը: Նա ոստիկանությանը հայտնել է, որ Ն.Գ.-ը ունի «հոգեկան առողջության խնդիր, վտանգավոր է շրջապատի համար» և խնդրել կարգավորել նրա ստացիոնար բուժման հարցը:
Ոստիկանությունը Ն.Գ.-ին բերման է ենթարկել ոստիկանություն, այնուհետև շտապօգնության մեքենայով հարկադրաբար տեղափոխել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ «սուր աֆեկտիվ զառանցանք» նախնական ախտորոշմամբ: Հաջորդ օրը բժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ Ն.Գ.-ի «վարքագիծը զառանցական մոտիվներից ելնելով խոչընդոտում է պետական ատյանների աշխատանքներին, խանգարում հարևանների հանգիստը, պրովոկացիայի ենթարկում՝ ստեղծելով կոնֆլիկտային վիճակներ, ինչը վտանգավոր է իր և շրջապատի համար: Անհրաժեշտ է դիմել դատարան՝ հարկադիր բուժման թույլտվություն ստանալու համար»:
Կենտրոնի տնօրենը 2019 թ. դեկտեմբերի 23-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ն.Գ.-ին իրենց մոտ հարկադիր բուժման նպատակով: Նա, մասնավորապես, նշել է, որ կենտրոն ընդունվելիս քաղաքացին եղել է կասկածամիտ, արտահայտել ազդեցման, վերաբերման, հետապնդման մտքեր, որոնց շուրջ քննադատությունը չի գործել, խանգարել հարևանների հանգիստը, ստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ: Նա իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի հարկադիր հոսպիտալացման և բուժման:
Ն.Գ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներգրավված փաստաբանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջով բեկանել դեկտեմբերի 27-ին ստորադաս դատարանի վճիռը: Պաշտպանը գտնում է, որ քաղաքացին զրկված է հարկադրանքից անմիջականորեն հետո դատարանում հայտնվելու հնարավորությունից՝ օրենսդրական բացի պատճառով: Կալանավորված անձանց պարագայում նման դրույթ գործում է, այս դեպքում՝ ոչ: Այդ պատճառով էլ Ն.Գ-ը ներկայացվել է դատական մարմնին կենտրոն տեղափոխվելուց 5 օր անց միայն:
Վերաքննիչ բողոքում փաստաբանը մի շարք հիմնավորումներ է բերել՝ գտնելով, որ այս գործի արդար և արդյունավետ քննության համար դատարանը հաշվի չի առել մի շարք կարևոր գործոններ, որոնք կարող էին ազդել վճռի ելքի վրա: Հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետին՝ նա նշել է, որ քաղաքացու հարկադիր բուժումը տեղի է ունեցել օրենսդրական ընթացակարգերի խախտմամբ:
Բողոքում նշվել է նաև, որ դատարանը պետք է ունենա օրենսդրությանը չհակասող հիմքեր, իսկ այս դեպքում խախտվել է հարկադիր բուժման ընթացակարգը: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով 2 դեպքում միայն կարելի է մարդուն հարկադիր բուժման ենթարկել՝ երբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար և բուժում չիրականացնելը կամ դադարեցնելը կարող է վատթարացնել անձի հոգեկան առողջությունը: Թե՛ այս օրենքը, թե՛ ՀՀ Սահմանադրության թիվ 27 և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածները դատարանի կողմից հաշվի չեն առնվել:
Հիշատակվել է նաև նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի մեկնաբանություններից, որոնցով պահանջվող նվազագույն պայման է այն, որ պետք է հիմնավորվի անձի հոգեկան առողջության խնդիրներ ունենալը, այսինքն՝ խնդիրը պետք է հաստատվի իրավասու մարմնի առջև՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննությամբ:
Այս պարագայում նախնական ախտորոշումը տրվել է շտապօգնության բժշկի կողմից, իսկ Ն.Գ.-ի հետազոտման մասին ոչինչ հայտնի չէ: Նախնական ախտորոշումից բացի, որը բժշկական հանձնաժողովը 2019-ի. դեկտեմբերի 23-ին չի հաստատել, հոգեկան առողջության խնդրի մասին այլ բժշկական եզրակացություն չի եղել: Մինչդեռ, ըստ նույն օրենքի 18-րդ հոդվածի՝ պետք է լիներ ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացություն, թիվ 19 հոդվածով՝ հոգեբուժական օգնության նկարագրությունը, թիվ 22 հոդվածով էլ՝ հանձնաժողովի մասնագիտական հիմնավորումը: Ի վերջո, պարզ չէ՝ նախնական ախտորոշումն արդյո՞ք ընդգրկված է հոգեկան առողջության խնդիրների միջազգային դասակարգման մեջ, թե ոչ: Այս առումով՝ օրենքի բոլոր պահանջները խախտվել են:
Ստացվում է, որ կենտրոնի հոգեբույժների՝ դատարան ներկայացրած եզրակացության մեջ չկա որևէ մասնագիտական վերլուծություն, նրանք մասնագիտական որևէ հետազոտություն չեն իրականացրել՝ հաստատելու նախնական ախտորոշումն ու չեն եզրակացրել՝ հոգեկան առողջության ի՞նչ խնդիր ունի անձը:
Հոգեկան առողջության կենտրոնը պարտավոր էր հիմնավորել, թե տվյալ դեպքում ինչու՞ է առաջացել Ն.Գ.-ի հարկադիր և ո՛չ արտահիվանդանոցային բուժման անհրաժեշտությունը: Համաձայն Հոգեկան խնդիրներով անձանց իրավական պաշտպանության մասին Եվրախորհրդի հանձնարարականի՝ մարդը կարող է տեղավորվել հաստատությունում միայն այն դեպքում, երբ հոգեկան առողջության խնդրի պատճառով լուրջ վտանգ է ներկայացնում իր և այլ անձանց համար: Տվյալ դեպքում շրջապատի համար Ն.Գ.-ի վտանգավորությունը դատարանը չի հիմնավորել, այս մասին վճռում չկա որևէ հետևություն: Դատարանն ուղղակի հիմնվել է հոգեբուժարանի այն եզրակացության վրա, որ Ն.Գ.-ը, խոչընդոտելով պետական մարմինների աշխատանքներին, լուրջ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար կամ խանգարելով հարևանների հանգիստը՝ վտանգավոր է իր և այլոց համար: Այս հետևությունը զուրկ է որևէ հիմնավոր պատճառաբանությունից, ինչից ելնելով էլ՝ դատական ակտն ակնհայտ անհիմն է: Ավելին՝ դատարանը չի նշանակել փորձաքննություն պարզելու՝ արդյո՞ք արժանահավատ է բժիշկների եզրակացությունը:
Փաստաբանի պնդմամբ՝ հենց սրանք են այն կոպիտ սխալները, որ թույլ են տրվում նման գործերի ժամանակ. բժիշկները տալիս են իրավաբանական եզրակացություն, դատարանը՝ բժշկական, մինչդեռ պետք է հակառակը լինի և դատարանը պետք է որոշի՝ անձը վտանգ ներկայացնու՞մ է հասարակության համար, թե՞ ոչ: Բժիշկները, չունենալով իրավաբանական գիտելիքներ, Ն.Գ-ի՝ իրավապահներին գրած դիմումը դիտարկել են որպես հասարակությանը սպառնացող վտանգ, որով խաթարվում է իրավապահ մարմինների աշխատանքը, դատարանն էլ, կարծելով, որ պետք է հիմնվի բժշկական եզրակացության վրա, նույն անհեթեթությունը կրկնել է դատական ակտում:
Շրջապատի համար վտանգ ներկայացնելու մասին եզրահանգում կարող է անել միայն դատարանը: Հետևաբար, գործում առկա միակ եզրակացությունը զուրկ է մասնագիտական հիմնավորվածությունից և չի համապատասխանում Եվրոպական դատարանի պահանջ-չափանիշներին: Հատկանշական է, որ դատաքննության ընթացքում այդ մասին հիմնավորումներ են բերվել, սակայն դատարանը դրանց չի անդրադարձել և իր վճռում անգամ այդ մասին չկա որևէ նշում, փոխարենը դատարանն ակնհայտ սուտ հանգամանք է մատնանշել, թե իբր Ն.Գ-ի ներկայացուցիչն ընդունել է, որ իր վստահորդն ունի հոգեկան առողջության խնդիրներ:
Եզրափակելով վերաքննիչ բողոքը՝ փաստաբանը նկատել է, որ դատարանը խախտել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը, 18-րդ, 19-րդ և 22 հոդվածները, ՀՀ Սահմանադրության թիվ 27, 78, 80, 81 հոդվածներն ու Կոնվենցիայի 5-րդ հոդվածը, դրանք ազդել են գործի ելքի վրա և խնդրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ամբողջովին բեկանել վճիռը: