Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներից 9-ի և աշխատակիցներից 6-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առկայությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում», – ասել է Մարտիրոսյանը։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։
Մամուլի խոսնակը հավելել է՝ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են տանը։ Նրա թեստի պատասխանը դեռևս չկա։ Մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, ովքեր հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։
Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51 594 թեստավորում:
Արձանագրվել է մահվան 126 դեպք․ 87-ը՝ կորոնավիրուսից, 39-ը՝ այլ պատճառներով (պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։