Home / Առողջապահություն / Տնային պայամաններում բուժվողները 14 օրվա լրանալուն պես համարվում են ապաքինված

Տնային պայամաններում բուժվողները 14 օրվա լրանալուն պես համարվում են ապաքինված

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվը գնալով աճում է․ այսօր, օրինակ, արձանագրվել է 350 նոր և 352 առողջացման դեպք։ Վերջին շրջանում այս թիվը շատ փոքր էր, հիմնականում տատանվում էր մի քանի տասնյակի շրջանակներում՝ 10, 20, 30։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ՝ թվերի կտրուկ անկումը պայմանավորված էր վարակվածների բուժման ռազմավարության փոփոխությամբ։

Մայիսի կեսերին կորոնավիրուսով վարակված՝ ասիմպտոմ կամ թեթև սիմպտոմներով պացիենտներն ուղարկվեցին տնային ինքնամեկուսացման։ Մինչ այդ բոլոր վարակակիրները՝ անկախ հիվանդության ընթացքից, հոսպիտալիզացվում էին հիվանդանոցներ կամ հյուրատներ։ Որոշում կայացվեց թեթև ընթացքով հիվանդների բուժումը կազմակերպել տնային պայմաններում՝ տեղամասային պոլիկլինիկաների բուժանձնակազմի բժշկական հսկողության ներքո։ Թորոսյանի փոխանցմամբ՝ այն ժամանակ մոտ 1 000 հոգի դուրս գրվեց հիվանդանոցներից/հյուրատներից․

«Նրանք համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և գնացին տասնչորսօրյա ինքնամեկուսացման իրենց տներում։ Ժամկետի ավարտից հետո տնային բժիշկները նրանց կարող էին համարել բուժված։ Այս 14 օրերի ընթացքում մենք բուժված էինք համարել միայն այն քաղաքացիներին, որոնք ուղիղ հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով։

Հիմա՝ ինքնամեկուսացման ժամկետի ավարտի մոտենալուն զուգընթաց՝ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը, առողջացած լինելու հանգամանքը։ Նույնը տեղի է ունենում նաև նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այսինքն՝ ի սկզբանե բուժվում են տանը», – ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում ասել է Թորոսյանը։

Վաղվա բուժվածների թիվը շատ ավելի մեծ կլինի, քան այսօրվանը, ասել է նախարարը։ Դրանք հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք տեղափոխվել են տուն կամ տանն են եղել ի սկբանե, ունեցել են դրական ախտորոշում և հիվանդության թեթև ընթացք, 14 օրը լրանալուն պես՝ համակարգը նրանց ֆիսքսել է որպես բուժված․ «Իհարկե այդ թվի մեջ կան քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցներից են դուրս գրվում՝ երկար և ծանր բուժումից հետո, բայց նրանք մեծ տոկոս չեն կազմում։ Տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում, նրանք համարվում են բուժված՝ տասնչորսօրյա հսկողության լրանալուն պես , եթե, իհարկե, ընթացքում հոսպիտալիզացիայի կարիք չի լինում և նրանք չեն շարունակում իրենց բուժումը հիվանդանոցային օղակում»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/807925756401574/

Անդրադառնալով նոր և առողջացած դեպքերի վերջին օրերի ցուցանիշներին՝ նախարարն ընդգծել է՝ զգոնությունը կորցնել միևնունն է չի կարելի․

«Մեր գործողությունների ընդհանուր տրամաբանությունը դեռ երկար պետք է մնա վարակի զսպումը, որը հակահամաճարակային կանոնները պահելուց զատ՝ գրեթե ոչ մի կերպ հնարավոր չէ ապահովել։ Ես կոչ եմ անում, որպեսզի բոլորս խստորեն՝ 100 տոկոս կարգապահությամբ, պահպանենք այդ երեք կանոնները, հակապես՝ դիմակ կրելը բոլոր հանրային վայրերում, սոցիալական հեռավորություն պահելը՝ ամենուր, որտեղ հնարավոր է, հնարավորինս հաճախ ձեռքերն ախտահանելը։ Հասկանում եմ, որ այս կանոնները շատ տրիվիալ են հնչում, որ որոշ մարդիկ հոգնում են դրանք լսելուց։ Բայց ավելի գործուն, արդյունավետ մեթոդ պարզապես չկա։ Այս թեկուզ շատ տրիվյալ հնչող և հոգնեցնող կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ մթնոլորտում ապրել դեռ երկար ժամանակ, մինչև կա՛մ վարակը ամբողջությամբ նահանջի, կա՛մ ստեղծի պատվաստանյութ, կա՛մ ստեղծվի սպեցիֆիկ դեղորայքային բուժումը»։

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն այս պահին մնում է մեծ, առողջապահական համակարգը, սակայն, բուժական նոր ծավալումների շնորհիվ դեռ կարողանում է նրանց առողջության մասին հոգ տանել, եզրափակել է նախարարը։