Home / Հայաստան / Հին Երևանը շարունակում են պաշտպանել «բացառիկ` գերակա» բիզնեսից

Հին Երևանը շարունակում են պաշտպանել «բացառիկ` գերակա» բիզնեսից

Քանդվում է Երևանի հնագույն թաղամասերից մեկը՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասը։ 19-րդ դարից ժառանգված «Սև շենքը» քանդվել է օրեր առաջ։ Հերթը «Կարմիր շենքինն» է․ քանդման աշխատանքները սկսվել էին հունիսի 10-ի առավոտյան, պետք է շարունակվեին նույն օրը երեկոյան, բայց կանգնեցվեցին ակտիվիստների ինքնաբուխ դիմադրության շնորհիվ։ Շինաշխատանքներն հիմա դադարեցվել են․ հանրային բողոքը տարածվում է, գործադիր և քաղաքային իշխանությունները փորձում են մարել դժգոհությունները, կառուցապատողները պահանջկոտ սպասման մեջ են։

Ֆիրդուսի քանդման ու կառուցապատման ծրագիրն ունի տարիների վաղեմություն։ Թաղամասի կառուցապատումը արտոնվել է Սերժ Սարգսյանի օրոք։ 2018թ․ մարտի 22-ին՝ հեղափոխությունից առաջ, կայացվել է վերջնական որոշումը։ Թաղամասի նկատմամբ «ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»։ Գերակա շահի քողի ներքո տեղի բնակիչներին որոշվել է տարհանել, իսկ թաղամասը, այդ թվում 19-20-րդ դարից ժառանգված շինությունները՝ ապամոնտաժել։ Երևանի հին թաղամասերից մեկի (կառավարության բնորոշմամբ՝ «խարխուլ շինությունների») փոխարեն որոշվել է կառուցել բիզնես-կենտրոններ և նոր բնակելի շենքեր։ 

Պատմական ժառանգության ոչնչացումը հիմնավորվել է երկու հանգամանքով․ 1․ որ այդ ժառանգությունը ներառված չէ պահպանվող հուշարձանների ցանկում, 2․ որ այդ ժառանգությունը այլևս վերածված է ավերակների։ Ինչո՞ւ այն չի ներառվել պահպանվող հուշարձանների ցանկում կամ ինչո՞ւ է հասցվել անմխիթար վիճակի՝ պատասխաններ չկան։ Կարելի է ենթադրել, որ հենց քանդելու նախնական մտադրության բերումով։

Որոշումն, ամեն դեպքում, կայացվել է (հեղափոխությունից առաջ) և վերահաստատվել (նոր կառավարության օրոք)։

Նախագծի իրականացումը (առանց բաց մրցույթի) հանձնարարվել է Նարեկ Սարգսյանին, որը հայտնի է, օրինակ, մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտայի և Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակների նախագծմամբ։ Ծրագրում ներգրավվել են մի շարք ընկերություններ՝ ներդրողներ և կառուցապատողներ (ցանկը մինչ օրս հրապարակված չէ, հայտնի է միայն, որ դրանք փոխկապակցված են տասնյակ երևանցիների ունեզրկմամբ հայտնի «Գլենդել հիլս» ընկերության հետ)։ Բնակիչների մեծ մասն արդեն տեղահանվել է: Մնացած մասի հետ կառուցապատողները դեռ բանակցում են։ Նախատեսվում է, որ փոխհատուցման շուրջ համաձայնության գալուց հետո նրանք ևս կլքեն իրենց տները։ 

Այսօր Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ էին գումարել: Դրսում բողոքի ցույց էր։

Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը , ԿԳՍՄ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (հեռավար),  Քաղշինպետկոմի նախագահ Արմեն Ղուլարյանը (հայտնի որպես Տավուշի նախկին ՀՀԿ-ական մարզպետ), ավագանու անդամներ, կառուցապատողների ներկայացուցիչներ, նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք այս օրերին պայքարում են թաղամասի ոչնչացման դեմ՝ ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, իրավաբան Կարապետ Բադալյանը, ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, Ֆիրդուսի մասին գրքի հեղինակ, հետազոտող Տիգրան Ամիրյանը և «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը։

Իշխանության ներկայացուցիչները (ի դեմս Սիսեռյանի և Մեսչյանի) փորձում էին համոզել, որ ոչինչ անել այլևս հնարավոր չէ․ ներդրումներն արդեն արվել են, բնակիչները փոխհատուցվել են, կառուցապատողներն եկել են, հրաժարվել նշանակում է «ընկնել դատական պրոցեսների» մեջ և կանգնել միլիոնավոր դոլարների փոխհատուցման պարտավորության առջև։

Նիստին մասնակցող քաղաքացիները փորձում էին բացատրել՝ հետհեղափոխական կառավարության քաղաքաշինական և մշակութային քաղաքականությունը հիշեցնում է նախկին իշխանություններին, բիզնես-շահը հանրային շահ, առավել ևս՝ հանրային գերակա շահ համարել չի կարելի, առաջարկված նախագիծը չպետք է իրականություն դառնա։ [Իզաբելլա Սարգսյանի կարճ ելույթը՝ այստեղ, Սևադա Պետրոսյանինը՝ այստեղ, Սեդա Գրիգորյանինն՝ այստեղ, Տիգրան Ամիրյանինը՝ այստեղ, Կարապետ Բադալյինն՝ այստեղԱվագանու անդամներից Գրիգոր Երիցյանը [ելույթը՝ այստեղ], Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Լևոն Զաքարյանը նրանց հետ մեծ մասամբ համակարծիք էին։ 

Ավագանու նիստին զուգահեռ քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց էր ընթանում․ «Հեղափոխ(վ)եք», «Ֆիրդուսը վեր է ձեր՝ կապիտալիզմի շահերից»,  «Մեզ թողեք մեր ավերակները»,  «Չեղարկել Տարոնի որոշումը, Ֆիրդուսը հուշարձանների ցանկ մտցնել ամբողջությամբ» պաստառներով մարդիկ եկել էին զորակցելու նիստին մասնակցող ընկերներին։ Նիստը ավարտվեց ոչ ոքի։