Home / Բնապահպանություն / Լիդիանի վարձած կազմակերպությունը սադրանքի է գնում

Լիդիանի վարձած կազմակերպությունը սադրանքի է գնում

Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։ Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատի հայտարարության մեջ։

Ըստ հեղինակների՝ այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում․ «Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում: Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը», – գրում են հեղինակները՝ նշելով, որ Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար:

Նախօրեին ՀԲՃ հայտնել էր, որ Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների: Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա:

Այսօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը տեսանյութեր է հրապարակում դեպքի վայրից՝ նշելով, որ ծառայություն իրականացնող մասնավոր կազմակերպության ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ տարբերանշաններ, ինչն օրենքի կոպտագույն խախտում է։

Մարզային վարչության պետ ներկայացած անձն, իր հերթին, տեղեկացրեց․ «Որ մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք, ոստիկանների պահանջին չենթարկվել, բերման է ենթարկվում։ Մենք ստեղ եկել ենք՝ խնդիրը լուծելու»։

Վերջինիս հետ զրույցում տեղի բնակիչներն ասել են, որ տարածքում մնալու իրավունք չունեցող հերթապահություն իրականացնողներն իրենց «հրահրում են»՝ նպատակ ունենալով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհն ու այնտեղ տեղափոխել անհրաժեշտ տեխնիկան։

https://www.facebook.com/100010197097701/videos/1200779366938622/?id=100010197097701&__tn__=%2CdlC-R&eid=ARD9pI4eLs-9k-WK2jhVlH22vX_oNyTecAIZxQa9KUgvn9J83IKky3CHSTyk2PhY9E_3OtXcHCE1zLVz&hc_ref=ARRIAv2KZ99YEv05fs8vYwKcOL76ooqmvRtCI_uhKOqkahXQREbIAVF4YljwMyPfBhw