Սույն թվականի հունիսի 30-ին բռնի գործողություններ հրահրելով Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի տարածք բերեց նոր պահնորդական ընկերություն՝ «Հատուկ անվտանգության ծառայությանը», որի գործունեության օրինականության հետ կապված հարցերը վերջին երկու ամսում պարզ են դարձել ոլորտը կարգավորող մարմին՝ ՀՀ ոստիկանություն ուղարկված հարցումների արդյունքում։
Նախ, պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի, մինչդեռ Ամուլսարի տարածքում առաջին անգամ այս ընկերության ներկայացուցիչները հայտնվել են ինքնաձիգ զենքով, այնուհետև կրել են մահակներ։ Ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Ընկերության տնօրեն Ա․ Դանիելյանը հուլիսի 1-ին Թեհմինե Ենոքյանի՝ զենք կրելու հետ կապված հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։ Ակնհայտ է, որ ընկերության տնօրենը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել՝ իրենց վերագրելով ընկերության աշխատակիցների կողմից զենք կրելու որոշման իրավունքը, իսկ ողջ ընկերությունը պարզապես խախտել է իրեն տրամադրված պահնորդական լիցենզիայի պայմանները։ ՀՀ ոստիկանությունը դիմել է Թիկնապահական ու պահնորդական լիցենզավորման հանձնաժողովին՝ առաջարկով, որ կասեցվի «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ պահնորդական լիցենզիայի գործունեությունը։
Այնուհետև պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայության» 68 աշխատակիցներից միայն 18-ն ունի պահնորդական մասնագիտական որակավորում, մինչդեռ մնացած 50-ը նոր են սկսել նման դասընթացներ։ Այս մասին հայտնի է դարձել ԱԺ պատգամավորին ոստիկանության տված պատասխանից։ Հայտնի չէ, թե երբ են Ամուլսարում ագրեսիվ վարքագիծ դրսևորած աշխատակիցները սկսել պահնորդական դասընթացներ անցնել, սակայն փաստ է, որ վերջին երկու ամիսներին Լիդիանը Ամուլսարի տարածք է բերել մարդկանց, որոնց գերակշիռ մեծամասնությունը պահնորդական որակավորում չունի, իսկ վկայական ունեցողների նկատմամբ ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի ու պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը որակավորման ստուգում չի անցկացրել։
Այս ընկերության գործունեության հետ կապված Հայկական բնապահպանական ճակատը պարզել է նաև հարկային պարտավորություններին առնչվող խախտումներ, որոնց այս հաղորդագրությամբ չենք անդրադառնա։
Հայտնի է նաև, որ օգոստոսի 3-ին Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Ինգա Անդրանիկի Սարաֆյանը Պետռեգիստրում գրանցել է նոր՝ «Լիդիան Սիքյուրիթի» ընկերությունը։ Ընկերության անվանումից պարզ է, որ սա պահակային կամ պահնորդական գործունեության նպատակ ունեցող ընկերություն է։ Լուրեր են պտտվում, որ Լիդիանը պատրաստվում է մոտ ժամանակներս նորից փոխել իրեն պահնորդական ծառայություններ մատուցողներին և տարածք բերել այս նոր՝ իր հետ փոխկապակցված ընկերությանը։
Նախքան ընկերությունը փորձի Ամուլսարի տարածք բերել մի քանի շաբաթ առաջ գրանցված պահնորդական ընկերությանը, նախ պետք է պարզել՝ արդյո՞ք այս ընկերությունն ունի օրենքով պահանջվող լիցենզիա և արդյո՞ք այս «Լիդիան Սիքյուրիթիի» աշխատողներն ունեն համապատասխան որակավորում։ Եթե պարզվի, ինչը ժամանակի սղության պատճառով շատ հավանական է, որ Լիդիան ընկերությունը տարածք է բերում այս նախապայմաններին չհամապատասխանող մարդկանց, ապա հերթական անգամ կփաստվի Լիդիանի հակաօրինական ու սադրիչ մտադրությունը, ինչի փորձն արդեն կա՝ «Հատուկ անվտանգության ծառայության» գործունեությամբ։
Հավելենք նաև, որ հաշվի առնելով հանքահեն այս ընկերության գործելաոճը, հուլիսի ամսին զինված մարդկանց Ամուլսար բերելը, հրամայական է դառնում հանրային պահանջը ՀՀ ոստիկանությանը, որ այն «Լիդիան Սիքյուրիթիի» լիցենզավորման գործընթացն իրականացնի ամենայն աչալրջությամբ, որևէ կերպ չտա զենքի պահելու ու օգտագործելու թույլտվություն, ինչպես նաև քննի շահերի բախման հնարավորությունը։ Լիդիանը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որ վերջին երկու տարվա ընթացքում իր գույքի հետ կապված խնդիրներ է արձանագրել ու անուղղակիորեն մեղադրել է Ամուլսարի պահապաններին հնարավոր գողության ու վանդալիզմի մեջ, ինչը հերյուրանք է, քանի որ Լիդիանի գույքը մշտապես գտնվել է պահնորդական ընկերությունների ու տեսանկարահանող սարքերի հսկողության ներքո։
Մինչ այդ, օգոստոսի 30-ի լույսի 31-ի գիշերը Ամուլսարի պահապանները հերթական անգամ հայտարարություն են արել, որ սարի պահպանությունը շարունակվում է խաղաղ դիմադրությամբ, և որևէ հանքարդյունաբերական գործունեություն, բռնության որևէ սադրանք իրենք տարածքում թույլ չեն տալու։
«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
31.08.2020