ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ եթե Շուշի գային ադրբեջանցի փախստականները, ապա դա կնշանակեր` քաղաքը հանձնել ադրբեջանցիներին։ Փոխխոսնակը այս հայտարարությունը արել է ի պատասխան Ռուսաստանի նախագահի խայտառակ բացահայտման, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունել Ադրբեջանի պայմանը հետ ընդունելու Շուշիի ադրբեջանցի փախստականներին և որոշել են շարունակել պատերազմը։ Պուտինին դժվար է համարել հումանիստ, բայց անգամ նա զարմացել է Հայաստանի մերժման առիթով։
Իսկապես ապշեցուցիչ է, թե ինչու է այս պայմանը մերժվել։ Ղարաբաղյան կոնֆլիկտի բոլոր էտապներում քննարկվել է փախստականների վերադարձի հարցը։ Պահանջը ծագել է ոչ թե այս տարվա հոկտեմբերին, այլ այն եղել է բանակցային բոլոր տարբերակներում։ Ուրեմն ինչո՞ւ է մերժվել առաջարկը մարդկանց հետ ընդունելու իրենց տուն։ Այն դիտավորությամբ, որ Հայաստանը միշտ էլ ուզո՞ւմ էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջա՞նն էր դեմ։ Թե՞ Ցեղասպանության միջազգային ճանաչումը թիվ մեկ հարց սարքած պետության արժեբանությունն էր ենթադրում բռնաքսոր վերապրած մարդկանց ոտը իսպառ կտրել այն տարածքներից, որտեղից նրանք քշվել են։ Խաղաղության հայկական ընկալումը զոռբայությունն էր, խաղաղություն` առանց կոմպրոմիսի, խաղաղություն` զենքով, խաղաղություն` շուստրիությամբ, անբարոյական հաղթանակ։ Սա ամոթալի է։ Սրան պետք է անդրադառնալ ուրիշ տեղ։ Այժմ փոխխոսնակի մասին։
Լենա Նազարյանը պատահական մարդ չէ։ Նախ` նա պառլամենտական հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է, իշխող քաղաքական կուսակցության առաջին համարներից։ Դրանից բացի, նա ունի ակտիվիստական կենսագրություն։ Մասնակցել է բնապահպանական, քաղաքափրկչական և այլ շարժումների։ Կարծես թե հավակնում է ներկայացնել կանանց էմանսիպացիայի հարցերը։ Նազարյանի խոսքը 2018 թ. մայիսին հեռարձակվում էր հանրապետության հրապարակում. նրա պայքարի ընկերները ուրախ էին և գոռում էին` Լենա՜, Լենա՜։ Այսօրվա նրա հայտարարության առիթով լռություն է տիրում նույն այդ շրջանակներում։
Իհարկե, քաղաքական շարժումների մեծ մասը Հայաստանում չուներ հստակ հիմք և չունի մինչ օրս։ Երկար տարիներ կար ուղղակի հանրային պահանջ` ազատվելու ոչ լեգիտիմ իշխանություններից. դա ձևավորել էր մեծ ճակատ, որ քաղաքական հայացքների կոնգլոմերատ էր ներկայացնում։ Մյուս առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական պայքարի հարթակները ծառայել են էգոցենտրիզմի սուբլիմացման տարածքներ, դրանք չեն եղել ընկերության և համերաշխության արտահայտման միջոցներ։ Ամենատիպականը, սակայն, քաղաքական խառնափնթոր դիրքորոշումն է, որ ոչ այնքան դիրքորոշում է, որքան պատեհապաշտություն։ Սովորական բան է տեսնել հոմոֆոբներին, ընտանեկան բռնության կողմնակիցներին բնապահպանական շարժումներում, ազգայնականներին` մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում, ապաքաղաքական ցուցամոլներին` ինչ֊որ քաղաքական զբոսանքներ անելիս։
Պատերազմի լեգիտիմությունը և փախստականների անվերադարձությունը ընդունելը նշանակում է հատել Հայաստանի բոլոր անտառները, բացել բոլոր հանքերը, խոշտանգել ու սպանել բոլոր կանանց, ատել բոլոր ուրիշներին և «ոչ֊նորմատիվներին» և այլն, և այլն։ Պարտությունը լավ բան է, եթե ընդունում ես, ոչ թե մերժում։ Այն պետք է ճանաչել, որ հնարավոր լինի ազատվել կեղծիքի և երեսպաշտության կապանքներից։ Դա հնարավորություն կտա նաև իրական պայքարներ սկսել քաղաքական ընկերների հետ։
Գայանե Այվազյան