Հայաստանի արտգործնախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ շենքի մոտ «Սասնա ծռերը» և մի շարք «եվրոպամետ» կուսակցությունների ներկայացուցիչները ցույց էին անում։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ բողոքը «ռուս-թուրքական զավթման» դեմ է․ ըստ նրանց, պետք է «մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին»։
Հայաստանի և հատկապես արցախաբնակ հայության ճակատագիրը չի կարող մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանին ու Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին, հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» [«Սասնա ծռերի» և մի քանի այլ ուժերի ստեղծված նախաձեռնություն] անդամ Վարուժան Ավետիսյանը։
ԱԺԲ-ի հրապարակված հայտարարությունում նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է որակվի ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, դրա մնացած դրույթները պետք է առ ոչինչ ճանաչվեն, Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին գրաված տարածքներից, իսկ Արցախում ու այդ տարածքներում պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող և հակամարտության ելքով չշահագրգռված պետություններ ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր։
«Նիկոլ Փաշինյանը այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերած պայմանավորվածություններն ի սկզբանե առ ոչինչ են», – ասված է հայտարարության 5-րդ կետում։ 6-րդ կետով էլ նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնում հանդիպել Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ:
Ցույցի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Սասնա Ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։
«Այն, ինչ կատարվեց վերջին երկու ամսում, շատերի միտքն է բացելու: Պետք չէ լինել այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռի ծառան: ․․․Այն, որ այսօր այստեղից կծու խոսքեր են հնչում Կրեմլի հասցեին, մենք եւ ժողովուրդը դրա իրավունքն ունենք: Այստեղ չկա հակառուսականություն, ոճրագործությունն իր անունով պետք է կոչել: Այսօր բոլորիս մեջ ծնվում է ապագա ինքնիշխան Հայաստանը», – հայտարարեց Սեֆիլյանը։
Կինոռեժիսյոր, «Եվրոպական կուսակցության» անդամ Տիգրան Խզմալյանն էլ կարծիք հայտնեց, թե «աշխարհը Հայաստանին առաջարկում է քաղաքակրթական ընտրություն կատարել» և լինել Եվրոպայի մաս։
«Մենք տարիներ շարունակ մտածում էինք, թե ինչպես 100 տարի առաջ կատարվեց այն, ինչ կատարվեց։ Այսօր, այս օրերին մենք տեսանք ինչպես։ Մենք տեսանք, որ սա նույն ռուս-թուրքական դավադրություն է, սա նույն բյուզանդական դավաճանական քաղաքականությունն է։ Եվ մենք այստեղ ունենք մեկ հարց՝ ո՞ր քաղաքակրթությանն է պատկանում Հայաստանը», – նշեց Խզմալյանը։
Նա համոզված է, որ պատերազմի ընթացքում «երկու անգամ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուղիղ առաջարկում էին միջամտություն և զորքեր ռազմաճակատի գծով»։ «Ահա ինչու փաշինյանական խամաճիկային կառավարությունը ստրկամտորեն մերժում էր դա, որովհետև նրանք մաս են կազմում ռուս-թուրքական այս դավադրության»։
«Ազգային ինքնորոշում միավորան» հիմնադիր Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց, որ երբ Պուտնինն ասում էր՝ [Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից – խմբ․] «դա ինքնասպանություն կլինի», նկատի ուներ՝ «ես քեզ կսպանեմ»։ Հայրիկյանը հավաստիացրեց՝ Ռուասաստանի հետ մնալով՝ Հայաստանը դեմ է դուրս գալու «քաղաքակիրթ աշխարհին»։