Home / Մեդիա / Տոլմայի կռիվը միակը չէ

Տոլմայի կռիվը միակը չէ

Վերջին տասնամյակներում Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտական լարվածության պակաս առանց այն էլ չկար։ Հակամարտելու առիթների ցանկում այժմ ավելացել է նաև թթու կաղամբը։

Դեկտեմբերի սկզբին Չինաստանը պաո ցայ ուտեստի միջազգային վկայագիր ստացավ։ Պաո ցայը չինական Սիչուան նահանգում տարածված ուտեստ է, որը շատ նման ա հանրահայտ հարավկորեական կծու մարինացված կաղամբին՝ կիմչիին։

Չինական The International Times կառավարական թերթը հոդված էր հրապարակել, համաձայն որի Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպությունը (ISO) պաո ցայը ճանաչել է որպես կիմչիի արտադրության համաշխարհային ստանդարտ։

Չնայած ISO-ի ներկայացուցիչներն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքեցին՝ նշելով որ վկայագիրը կապ չունի կիմչիի հետ և վերաբերում է բացառապես պաո ցային, International Times-ի հոդվածը վրդովեցրել էր Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությանը։ Սոցիալական ցանցերում համառ բանավեճեր էին ընթանում ուտեստի ծագման շուրջ։

Սա որևէ սննդամթերքի ծագման մասին երկրների միջև առաջին և միակ հակամարտությունը չէ։ Եվս հինգ նման օրինակ՝ ստորև։

Կարտոֆիլի հայրենիքը

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է համարվում։ Այն Եվրոպա հասել է միայն 1530-ականներին՝ Իսպանական ներխուժումից հետո։

Այդ ժամանակ Հարավային Ամերիկայում պետական սահմաններ չկային։ Պերուն և Չիլին, ում միջև արդեն իսկ ներքին լարվածություն կար (որը 19-րդ դարում պատերազմի վերաճեց), միաժամանակ իրենց հայտարարել էին որպես կարտոֆիլի հայրենիք։

Չիլիական կողմը հարցին ստեղծագործաբար էր մոտեցել՝ փաստարկներն ամրապնդելով գիտական և արվեստային օրինակներով։ Հղվում էին, մասնավորապես, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդային, ով մի ամբողջ ներբող էր նվիրել կարտոֆիլին։ 2008 թվականին երկրի գյուղատնտեսության նախարարը հայտարարել էր, որ աշխարհում արտադրված կարտոֆիլի 99 տոկոսը գենետիկ կապ ունի չիլիականի հետ։

Պերուի վրդովված իշխանությունները, ովքեր պարբերաբար հիշեցնում էին, որ իրենց մթերքները փրկել են Եվրոպան սովից, ի պատասխան հրապարակում էին իրենց փորձագետների հետազոտությունները, որոնցում ասվում է, որ կարտոֆիլի «նախահայրը» հանդիսացող Solanum brevicaule պտուղն առաջին անգամ հայտնաբերվել է Պերուի տարածքում գտնվող Տիտիկակա լճի ափին։ 

Պաշտոնական Սանտյագոն և Լիման վիճում են նաև պիսկո ալկոհոլային խմիչքի ծագման թեմայով։ Այս խմիչքով է պատրաստվում հանրահայտ «Պիսկո սաուեր» կոկտեյլը։

«Հումուսային պատերազմը»

Մերձավոր արևելքի մի շարք երկրներ պնդում են, որ հենց իրենք են սիսեռային խյուսի՝ հումուսի հեղինակները։ Իսրայելն ու Լիբանանը, սակայն, հարցի քննարկումը նոր մակարդակի են հասցրել։

Երկուսն էլ պնդում են, որ հումուսն իրենց պատմամշակութային ժառանգության կարևորագույն մասերից է։ Իսրայելական փորձագետներն, օրինակ, հղվում են ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող կրոնական արձանագրություններին, որոնցում հիշատակվում է այս ուտեստը։

2008 թվականին լիբանանյան ձեռներեցները դատական պրոցես էին սկսել ընդդեմ Իսրայելի․ պնդում էին, որ իրենց հարավային հարևանը ապօրինաբար իրեն է վերագրում հումուսի ծագումը և գումարներ է ստանում դրա վաճառքից ու գովազդից։

Պաշտոնական Բեյրութը խնդրագիր էր ուղարկել Եվրամիություն՝ պահանջելով հումուսը որպես լիբանանյան մշակութային ժառանգություն ճանաչել։ Դատական պրոցեսը ձախողվել էր, իսկ ԵՄ-ն հայտարարել էր, որ հումուսն ամբողջ Մերձավոր Արևելքի ժառանգությունն է, այդ թվում՝ Իսրայելի։

Իրավական դաշտում խնդրի լուծման անկարողության պատճառով երկու երկրները սկսեցին մրցել Գինեսի գրքի ռեկորդների մակարդակում։  Իսրայելն ու Լիբանանը մեկը մյուսի հետևից ռեկորդներ են սահմանում՝ ամենամեծ չափերի հումուսի պատրաստմամբ։

Այժմ գրքում գրանցված է 2010 թվականին լիբանանցիների կողմից պատրաստված 10 452 կիլոգրամանոց հումուսը։ Այս ռեկորդն Իսրայելի կողմից դեռևս չի գերազանցվել։

Ջոլոֆ

Ջոլոֆը բրնձից պատրաստվող ուտեստ է։ Հիմնականում հայտնի է Արևմտյան Աֆրիկայի երկրներում՝ Սենեգալում, Գանայում, Գամբիայում, Սյերա-Լեոնեում, Լիբերիայում և Կամերունում։

Հարցը, թե հատկապես ում պատրաստած ջոլոֆն է ամենահամեղը՝ այս երկրներում խիստ վիճահարույց է։

2017 թվականին Նիգերիայի մշակույթի և տեղեկատվության նախարար Լաի Մուհամեդը կոշտ քննադատության էր արժանացել ջոլոֆի սենեգալյան տարբերակը գովալու համար։

Սի-էն-էն-ի հետ զրույցում նախարարը սխալ էր լսել հարցը։ Լրագրողը հարցրել էր ջոլոֆի՝ Մուհամմեդի կարծիքով լավագույն տարատեսակի մասին։ Նախարարը կարծել էր, որ իրեն ուտեստի ծագման մասին են հարցնում, և Սենեգալ էր պատասխանել (համարվում է, որ ջոլոֆը հայտնագործել են վոլոֆարները՝ Արևմտյան Սֆրիկայի էթնիկ խումբ, որն առավել ներկայացված է Սենեգալում)։

Փախլավայի շուրջ սկանդալները

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թշնամանք էր հրահրել Թուրքիայի և Հունաստանի միջև՝ փախլավայի թեմայով։

Մեծաթիվ քաղաքական հակամարտություններից բացի, Անկարան ու Աթենքը դարավոր վեճեր ունեն որոշ ուտեստների ծագման վերաբերյալ։ Այդ ցանկում հատկապես առանձնանում է փախլավան։

2012 թվականին Բարաք Օբաման Սպիտակ տանը ընթրիք էր կազմակերպել՝ Հունաստանի անկախության տոնի առթիվ։ Խոհարար Մարիա Լոին ավելի ուշ պատմել էր, որ նախագահին հատկապես փախլավան է դուր եկել։ Այս հայտարարությունը լայնորեն շրջանառվում էր թուրքական ԶԼՄ-ներում․ Թուրքիայում կարծում էին, որ այդպիսով Օբաման նախապատվությունը տվել է հունականին՝ թուրքականի փոխարեն։

Բասմաթի բրինձը

Պակիստանն ու Հնդկաստանն էլ բասմաթի բրնձի համար են վիճում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Հնդկաստանը, որն ապահովում է Եվրամություն ներկրվող բրնձի երկու երրորդը, դիմել էր ԵՄ՝ հնդակական բրնձին բասմաթի անունը կրելու բացառիկ իրավունք շնորհելու համար։

Եվրահանձնաժողովն այս հարցը դեռևս պետք է քննարկի՝ հաշվի առնելով, որ մնացած մեկ երրորդի մատակարար Պակիստանի իշխանություններին դուր չի կա հնդկական բասմաթիի բացառիկության մասին որոշումը։

Տոլմա․ հայակակա՞ն, թե՞ ադրբեջանական

Խաղողի տերևով տոլմայի ծագումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության թեմաներից է։ Իրավիճակը հատկապես լարված էր 2017-ին, երբ Յունեսկոյի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվեց հենց ադրբեջանական տոլման։

Տոլմա պատրաստում են նաև այլ երկրներում՝ Թուրքիայից մինչև Վրաստան և անգամ Չինաստան։ Բաղադրատոմսերը հաճախ տարբերվում են։ Հույներն, օրինակ, տոլմայի մեջ ամեն ինչ դնում են, բացի մսից, լիմոն ու զեյթունի ձեթ են ավելացնում։ 

Ո՞ւմն է բորշչը

Բորշչն ավանդաբար համարվել է ուկրաինական խոհանոցի ազգային ուտեստ։ Այն, սակայն, մեծ ժողովրդականություն է վայելում սլավոնական մի շարք ժողովուրդների շրջանում։ Այդ թվում են բելառուսները, ռուսները, լեհերը, լիտվացիները։

Ճապոնիայում բորշչը տյուբիկներով են վաճառում և այն ներկայացնում են որպես ռուսական ուտեստ։ Ուկրաինացիներին դա զայրացում է։

Համացանցում հաճախ ընթացող բանավեճերի ժամանակ շատերը բորշչի յուրացումը ռուսների կողմից համեմատում են Ղրիմի բռնակցման հետ։

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը մտադիր է բորշչը գրանցել Յունեսկոյի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։