Home / Բանակ / «Եվ ուրեմն՝ վե՛րջ թավիշին»․ Փաշինյանի հանրահավաքը երթով շարժվեց Էրեբունի

«Եվ ուրեմն՝ վե՛րջ թավիշին»․ Փաշինյանի հանրահավաքը երթով շարժվեց Էրեբունի

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքն ավարտվել է․ ցուցարարները այժմ քայլերթ են անում Տիգրան Մեծ պողոտայով, որը գլխավորում են վարչապետը, առաջին տիկինը, նրանց զավակները, կառավարության բարձրաստիճան անդամներն ու որոշ պատգամավորներ։ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը սկսվեց մեկ րոպե լռությամբ և ավարտվեց «Ո՛չ թավիշին» վանկարկումներով։

«Նախ՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ իմ հրամանը զինված ուժերի բոլոր զիվորներին, սպաներին, գեներալներին․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքայաին ամբողջականության պահպանմամբ։ Սա իմ հրամա՛նն է։ Որևէ մեկը չի՛ կարող դրժել էդ հրամանաը», – իր ելույթի սկզբում հայտարարեց վարչապետը։

Ի՞նչ է տեղի ունեցել այսօր, հարցրեց Փաշինյանը։ Եվ պատասխանեց՝ մեր բանակին և զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասամանադրական պրոցեսի մեջ․ «Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թո՛ւյլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում»։


Բանակը, ըստ Փաշինյանի, չի կարող ետ նայել, թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժոովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ «Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության»։

Այսօր տեղի ունեցածը շարունակությունն է պատերազմից ի վեր ընթացքող մի գործընթացի, որը, ըստ Փաշինյանը, ուղղակիորեն կապված է քաղաքական այն շրջանակների հետ, որոնք կորցրել և փորձում են վերականգնել իրենց իշխանությունը։

«Նրանք հրապարակներում մեզ փորձում են, ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ ․․․17 կուսակցություն ֆորմատի այսպես կոչված վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությո՛ւնը վերցրեք, իշխանությո՛ւնը։ Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ։ Սա է տեղի ունեցել», – հայտարարեց վարչապետը՝ հավելելով՝ հրապարակներում իրեն դավաճանության մեջ են այսօր մեղադրում «բանակի և զինվորի հաշվին հարստացածները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, զինվորի հացը գողացողները»։

Ի՞նչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը՝ պաշտոնյան կրկին վերահաստատեց՝ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։

«Ժողովրդի իշխանությունը կասկածի տակ պետք է չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ և Ոստիկանության, և ժողովրդի կողմից»։

Փաշինյանը «խոստովանեց»՝ պատերազմից հետո շատ է մտածել հրաժարական ներկայացնելու մասին, բայց հետ է կանգնել այդ որոշումից, քանի որ «ինքնակամ չի դարձել վարչապետ, դա որոշվել է ժողովրդի կողմից, ուստի՝ ժողովուրդը պետք է որոշի նաև իր հեռանալու հարցը»։

Արտահերթ ընտրությունները, ըստ երկրի ղեկավարի, իշխող ուժը դիտարկել է որպես ճգնաժամի հանգուցալուծման եղանակ։ Հայտարարված խորհրդակցությունների ընթացքը, սակայն, ցույց է տվել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը մերժվել է ընդդիմության կողմից, որը, ըստ Փաշինյանի, համարում է, որ ոչ թե ժողովուրդը պետք է որոշի, այլ իրենք՝ 17 կուսակցությունները կամ էլիտայի ներկայացուցիչները պետք է հավաքվեն և ժողովորդի փոխարեն որոշեն՝ ով է լինի վարչապետ։

Միաձայն որոշելու և արտահերթ անելու տերբերակից էլ իշխանությունները հրաժարվել են՝ խուսափելով ընտրատեղամասում հավանական «դեբոշներից», որոնք, ինչպես վարչապետն էր ակնարկում՝ կազմակերպվելու էին իրենց հակառակորդների կողմից։

«Մենք ուզում էինք, որ այդ ընտրությունները դառնան կայունության հիմք․․․ Ուղարկում ե՞ք ինձ, ժողովուրդ ջան, ուղարկե՛ք։ ․․․Ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի․․․ Թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողվուրդը հրապարակում ինձ գնդակահարի», – հայտարարեց պաշտոնյան՝ վերահաստատելով՝ պատրաստ են գնալ արտահերթի, վերսկսել դրա կազմակերպմանը նվիրված քաղաքական խորհրդակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ։

Բայց սկզբի համար, ըստ վարչապետի, պետք է հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին։

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա», – հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ կա՛մ նախագահը պետք է ստորագրի ԳՇ պետի պաշտոնանկության մասին հրամանագիրը («իսկ եթե նա չի ստորագրում, ի՞նչ է դա նշանակում․ նա միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը»), կա՛մ ինքը՝ Գասպարյանը, պետք է հայտարարում իր հրաժարականի մասին։

«Որովհետև նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես դա թույլ չեմ տա», – հայտարարել է Փաշինյանը։

Եվ միայն դրանից հետո պետք է մեկնարկենք քաղաքական խորհրդակցությունները՝ նվիրված արտահերթ ընտրություններին։

Արտահերթի հիշատակմանը ի պատասխան հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Ոչ»։ Փաշինյանը հարցրեց՝ «Այսինքն դուք դե՞մ եք ընտրություններին»։ Ցուցարարները պատասխանեցին՝ «Այո»։

«Բա այս հարցը ո՞նց լուծենք։ Ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Ուրիշ ճանապարհ չկա», – արձագանքեց պաշտոնյան։

Հանրահավաքը ավարտեց զգացմունքային։ Փաշինյանը հայտարարեց՝ թավիշին այսուհետ վերջ է դրվելու։ Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Այո՛»։

«Ես գիտեի, որ դուք ամենաշատը դա եք ուզում լսել։ ․․․Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում։ Այսօր ինչո՞ւ է ժողովուրդը հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի՝ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, զինված ուժերին և ժողովրդին թալանածներն են։ Եվ իրենք էլ գիտեն, ու է ժողովրդի հիմնական պահանջը, և ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, մենք էլ ենք գող․․․ Մենք մեր ձեռքերը կկտրենք՝ ժողովդրի կոպեկը, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա։ Որովհետև մենք դրանով խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա ընդհանրապես։ Ուրեմն՝ վե՛րջ թավիշին, վե՛րջ թավիշին», – պատասխանեց Փաշինյանը։

Հանրահավաքը ավարտվեց։ Կառավարության անդամները գլխավորած երթը Տիգրան Մեծով շարժվեց դեպի Էրեբունի։

Զուգահեռ քայլերթ էր անում նաև ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը»։ Բաղրամյանով նրանք գնում էին դեպի ԱԺ։ «Փրկիչների» շարժման համակարգողը՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հայտարարեց, որ իրենց մտադիր են բարիկադներ կառուցել Դեմիրճյան փողոցում։