Նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականներին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և Հայաստանի նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը, ըստ փաստաբանների, կարող էր նախագահ ընտրվել միայն, եթե նրա բրիտանական քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 2012 թվականի մարտի 1-ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 27-ին՝ «Թավշյա հեղափոխության» օրերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում հետո հայտնել էր, որ տեսել է նախագահի քաղաքացիությանը վերաբերող տեղեկանքը․
«․․․ Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- գրել էր Փաշինյանը։