19 մարդու մեղադրանք է առաջադրվել Մեղրիում և Ագարակում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի քրեական գործով, որոնցից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը կազմակերպել, ղեկավարել ու համակարգել է տեղի ունեցած գործողությունները, որոնց, ի թիվս այլոց, մասնակցել են նաև քաղաքապետարանի, ինչպես նաև Զաքարյանին ու իր շրջապատին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ։
Նույն օրը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կազմակերպել և համակարգել է խուլիգանական գործողություններ, որի ընթացքում մի խումբ մարդիկ հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությանը և ձվեր նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևան վարադարձող ավտոշարասյան ուղղությամբ։
Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Մեղրիի քաղաքապետը ձերբակալված է։
Մեղադրվող 19 մարդկանցից 10-ին մեղադրանք է առաջադրվել քրօրի 258-րդ հոդվածի առաջին, իսկ 9-ին՝ նույն հոդվածի երրորդ մասի հատանիշներով։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցով մեկնել էր Սյունիքի մարզ։
Ագարակում, Մեղրիում, Քաջարանում այցին նախօրոք էին պատրաստվել. «ընդդեմ» բողոքի ցույցերին կարելի էր նկատել, օրինակ, Մեղրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետին, Գորիսի քաղաքապետի մտերիմներին, ծանոթ այլ մարդկանց։ Նշենք, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ այս պաշտոնները զբաղեցրել են (և բազմաթիվ դեպքերում դեռ զբաղեցնում են) Հանրապետական կուսակցության նախկին և ներկա անդամներ։ Ցուցարարները զբաղված էին հիմնականում հայհոյանքներ հնչեցնելով։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները դրանք խելոք լսում էին, լրագրողները’ հեռարձակում։
Քննչական կոմիտեն վարչապետի այցից հետո հայտարարեց, որ միջադեպերի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրօրի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) հատկանիշներով։